Արամ Մանուկյանի կալանքը փոխվեց՝ պատգամավորների անձնական երաշխավորմամբ

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ շարունակվեց «Սասնա Ծռեր»ի քրեական գործով դատական նիստ։ Ինչպես արդեն նշել էինք, Արամ Մանուկյանի համար երաշխավորագիր էին ստորագրել «Ծառուկյան» դաշինքից 7 պատգամավորներ, և «Ելք» դաշինքից՝ Ալեն Սիմոնյանն ու Հայկ Կոնջորյանը։ Պատգամավորներ Ալեն Սիմոնյանին և Հայկ Կոնջորյանին դատարանը պարզաբանեց Արամ Մանուկյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ, և տեղեկացվեցին, որ եթե ամբաստանյալը պատշաճ վարքագիծ չդրսևորի, ապա մուծված գումարը կդառնա պետության եկամուտը. «Անձնական երաշխավորողը նաև պատիժ կարող է կրել, եթե չարամտորեն չի կատարում իր պարտականությունները, ինչի հետևանքով ամբաստանյալը խուսափում է դատաքննությունից: Այդ դեպքում երաշխավորը պատիժ է կրում որպես տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ երկու տարվա ազատազրկմամբ: Մնացած դեպքերում գումարը վերադարձվում է անձնական երաշխավորին»,-պարզաբանեց Արշակ Վարդանյանը։

Մեղադրող Հակոբ Ենոքյանը չառարկեց միջնորդության դեմ։ Դատարանը 2 ժամ ընդմիջումից հետո հրապարակեց միջնորդության բավարարման մասին որոշումը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանի տղան՝ Արամ Մանուկյանը, մեղադրվում է պատանդ վերցնելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու, իրացնելու, փոխադրելու, շենք շինություններ, տրանսպորտի հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու, զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելու կամ շորթելու, ինչպես նաև ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու մեջ: