Դիմումատուները՝ Ալեքսանդր Վասիլևսկիյը և Յան Բոգդանովը, ազգությամբ ռուս են, ծնվել են համապատասխանաբար 1973 և 1981 թվականներին։ Առաջին Դիմումատուն բնակվում է Ռուսաստանի Բլագովեշչենսկ մարզում, իսկ երկրորդը՝ Նովգորոդի մարզում։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքին՝ իրենց ազատազրկման ժամկետն անօրինական կերպով երկարաձգելուն և իրենց ոչ համարժեք փոխհատուցում հատկացնելու որոշմանը։
2007 թվականի հունիսին առաջին Դիմումատուն ազատվել է բանտից։ Դիմումատու Վասիլևսկիյը կրել է իր նկատմամբ օրենքով սահմանված պատիժը, սակայն ազատազրկման ժամկետի ավարտից հետո համապատասխան մարմինները նրան պահել են կալանավայրում ևս 472 օր, քանի որ Ռուսաստանի Ներպետական դատական ատյանները հաշվի չեն առել նախնական կալանավայրում Դիմումատուի կրած պատժի ժամկետը։ Այնուհետև, Ռուսաստանի իրավապահ մարմինները Դիմումատու Վասիլևսկիյին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար 3․320 եվրո գումարի չափով համարժեք փոխհատուցում են հատկացրել նրան։
2006 թվականին Դիմումատու Բոգդանովը դատապարտվել է 12 տարվա ազատազրկման՝ թմրամիջոցների հետ կապված հանցագործություններ կատարելու համար։ Սակայն 2013 թվականին երկրորդ Դիմումատուի ազատազրկման ժամկետը կրճատվել է 6 տարով։ Այնուհետև, ներպետական դատական ատյանները պարզել են, որ տեղի ոստիկանության աշխատակիցները դրդել են Բոգդանովին հանցագործությունների կատարման, և վերջինիս կալանքից ազատ արձակելու մասին որոշում են կայացրել։ Դիմումատու Բոգդանովն իր ազատազրկման ժամկետի լրանալուց հետո կալանավայրում լրացուցիչ 119 օր անցկացնելու հետևանքով իրեն պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի փոխհատուցման պահանջի մասին հայց է ներկայացրել Դատարան։ 2014 թվականի մարտին իրավապահ մարմինները Դիմումատու Բոգդանովին պատճառված ոչ նյութական վնասի հատուցման համար 1․576 եվրո գումարի չափով համարժեք փոխհատուցում են հատկացրել, որը հետագայում նվազել է 324 եվրո գումարի չափով՝ դատական ավելի բարձր ատյանների որոշմամբ։
Երկու Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի (հայցի ուժով օժտված փոխհատուցման իրավունք) խախտում։ Դիմումատուները բողոքել են իրենց ոչ համարժեք փոխհատուցում հատկացնելու որոշման արդարացիության մասին։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում։
Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռուսաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար յուրաքանչյուր Դիմումատուին վճարել 5․000 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։