«Սարի թաղի» գործով հարցաքննվեց վկա ոստիկանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ  վարչական շրջանների  նստավայրում, դատավոր Աննա Դանիբեկյանի  նախագահությամբ շարունակվեց «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ կատարելու և ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող  Հարություն Թորոսյանի, Հրայր Իսախանյանի, Անդրանիկ Քյոսեյանի և Էդուրադ Զեյթունյանի  գործով նիստը։

Այսօր որպես վկա հարցաքննվեց ոստիկանության ծառայող Վահան Կարագյոզովը. «Վեճից հետո բախում տեղի ունեցավ: Բնակիչները պահանջում էին, որ փողոցը բացենք, որ կարողանան տեղաշարժվել։ Մենք էլ բացատրում էինք, որ դա իրենց անվտանգության համար է, քանի որ ՊՊԾ գնդից կրակոցներ էին հնչում: Բացատրեցինք, մի մասը համաձայնեց մեր հետ, մի մասը՝ ոչ»:

Ըստ վկայի քաղաքացիները հավաքվել էին հստակ պահանջով և բախում առաջացնելու միտում չեն ունեցել. «Քաղաքացիները եկել էին հստակ ճանապարհ բացելու խնդրանքով»,-ասաց նա։

Վկան մանրամասնեց, որ  սարիթաղցիները ոստիկաններին հայհոյել են, նրանց ուղղությամբ քարեր ու փայտեր նետել, ձեռքով-ոտքով հարվածել են, նաև հրել: Պաշտպանական կողմը հետաքրքրվեց, թե արդյոք ոստիկանները հարվածե՞լ են քաղաքացիներին, վկան իր հերթին  հայտնեց, որ հնարավոր է քաշքշած լինեն․ «Խառը վիճակ էր, չեմ հիշում»: Ամբաստանյալների պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը հետաքրքրվեց, արդյոք վկան տեսե՞լ է, թե ինչպես են մի քանի ոստիկաններ գետնին ընկած քաղաքացուն ոտքերով հարվածում։

«Բախման ժամանակ հազար բան կարող է լինել»,-պատասխանեց Վահան Կարագյոզովը, մանրամասնելով, որ չի հիշում:

Քաղաքացիական հագուստով ոստիկանների ներկայությունը ստեղծված իրավիճակում՝ վկան  բացառեց: Լիպարիտ Սիմոնյանը շարունակեց՝ ասելով, որ ոստիկաններից մեկի ցուցմունքի համաձայն՝ ինքը դեպքի վայրում կրակոցներ է արձակել։ Վկան վերոնշյալի վերաբերյալ ևս ոչինչ չգիտեր և ըստ իրեն՝ չի նկատել:

Հարություն Թորոսյանին, Հրայր Իսախանյանին, Անդրանիկ Քյոսեյանին և Էդուրադ Զեյթունյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համա, որ  հուլիսի 19-ին, Սարի թաղում միջադեպի ժամանակ ոստիկանների հանդեպ բռնություն են  գործադրել: Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Սարի թաղում ջուր և գազ չի եղել, դեպի Խորենացի փողոց՝ ՊՊԾ գնդի կողմ տանող ճանապարհը փակ է եղել, ինչի պատճառով բնակիչները դուրս էին եկել փողոց՝ բողոքելու, որի ժամանակ էլ քաղաքացիների և ոստիկանների մեջ բախում է տեղի ունեցել: