Գործադիրը մասնակի ընդունեց ՀՀԿ-ական պատգամավորների ներկայացրած նախագիծը

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստը, որի ժամանակ գործադիրը մասնակի ընդունեց Աժ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի, Վահրամ Բաղդասարյանի և Գագիկ Մելիքյանի հեղինակած օրենքի նախագիծը: 

Նախագիծը վերաբերում է անհատ տաքսու վարորդների լիցենզավորման պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտա­կա­նու­թյու­նից ազատելուն:

Նախագծով առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրա­կա­նացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբ­յեկտներին ազատել պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտա­կա­նու­թյու­նից:

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ oրենքի նախագծով առաջարկվում է պետական տուրքի վճարումն ուշացնելու դեպքում տույժը հանել, բայց նաև որպես երաշխիք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում 50 հազար դրամ տուգանքը փոխարինել 100 հազարով:

Արտակ Զեյնալյանը առաջարկեց մերժել այդ օրենքի փոփոխություններին հավանություն տալու նախագիծը և օրենքը թողնել անփոփոխ:

«Դրա վերաբերյալ առկա են ֆինանսների և արդարադատության նախարարությունների եզրակացությունները: Գտնում ենք, որ մասնավոր դեպքերի համար իրավիճակային լուծումներ առաջարկներն անընդունելի են և պրակտիկ կիրառման ընթացքում կարող են հանգեցնել լուրջ խնդիրների»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Վարչապետն էլ հայտնեց, որ օրենքի նախագծին ծանոթանալիս երկակի զգացողություններ է ունցել և չի հասկացել, թե այս նախագծով ինչ խնդիր է փորձ արվում լուծել:

«Մի կողմից՝ առաջարկվում է տուրքի չվճարման համար ընդհանրապես տույժ չնշանակել: Մյուս կողմից՝ առաջարկվում է ինչ-որ դեպքերում տուգանքի չափերը կրկնապատկել»,- իր խոսքում նշեց վարչապետը:

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն էլ նշեց, որ այս ոլորտում՝ օնլայն տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների մասով առկա է անհավասար դաշտ:

Վարչապետն էլ հանձնանարեց արձանագրել այս խնդիրը և առաջարկել լուծումներ՝ ԱԺ պատգամավորների հետ համագործակցելով: