Արդեն մոտավորապես 8 ամիս է, ինչ ընթանում են «Սասնա ծռեր»-ի գործով դատատական նիստերը, սակայն ամբաստանյալների պաշտպանների խոսքերով` դա ընդամենը գործընթաց է, որը ձևական առումով կրում է «դատավարություն» անվանումը:
Նշենք, որ «Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը սկզբնական շրջանում ընթանում էր 2 վարույթով, այնուհետև սկսեց ընթանալ 3 վարույթով:
Փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքերով` բոլոր վարույթներում ընթանում են յուրօրինակ ընթացակարգեր. «Յուրաքանչյուր դատավոր իր սեփական հայեցողությամբ է մեկանաբանում այդ գործընթացը, որը պետք է իրականացվի 1 սկզբունքով՝ քրեական դատավարության օրենսգրքի սահմանված կարգով: Բնականաբար, նման պայմաններում չենք կարող ակնկալել, որ արդյունքում մենք արդարադատության անունից կայացրած ակտ կարող ենք ունենալ»:
««Սասնա ծռեր»-ի գործով դատավարությունը ծայրից ծայր քաղաքական գործընթաց է»,- այս մասին էլ ասաց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
««Սասնա ծռեր»-ի գործով արդարադատություն իրականացնելու համար, պետք է քննվեր ապստամբության գործը: Մեր պաշտպանյալները համարում են, որ իրենց կատարած գործողությունը՝ ապստամբություն է, և իրենք իրացրել են ապստամբության բնական իրավունքը, որը ամրագրված է մի շարք միջազգային փաստաթղթերում և զարգացած ժողավրդավարական պետությունների սահմանադրություններում»,- նշեց նա:
Փաստաբանի խոսքերով, եթե նրանք իրացրել են ապստամբության իրավունքը, այդ դեպքում նրանց նկատմամբ չէր կարող իրականացվել քրեական հետապնդում. «Վերջին 1-2 շաբաթվա դատական նիստերի ընթացքը հիմք է տալիս ենթադրելու, որ մեր պաշտպանյալների նկատմամբ հավանաբար նորից կսկսեն հաճախակի կիրառել դատական սանկցիաներ՝ նիստերի դահլիճից հեռացնելու տեսքով, մեզ էլ կփորձեն ստիպել, որ մենք մեր պաշտպանյալների իրավունքների խախտումների հետ համակերպվենք, լուռ նստենք դահլիճում և հնարավորություն տանք, որպեսզի այդ` արդարադատության հետ ոչ մի աղերս չունեցող գործընթացը առաջ տարվի: Իսկ, եթե մենք փորձենք դրան հակադարձել, դրա լուծումն էլ են գտել` ներգրավել են պահեստային հանրային պաշտպաններ» :
Փաստաբան Մուշեղ Շուշանյանի համոզմամբ տեղի ունեցողը քաղաքական հաշվեհարդար է: Նրա խոսքերով` գործում ներգրավել են նաև պահեստային հանրային պաշտպաններ, նրանց ծառայությունից օգտվելու և դատական գործընթացներին նրանց ձևական ներկայությունը ապահովելու համար:
«Կալանքի նիստերի առաջին իսկ օրվանից մենք հայտարարում ենք, որ սա քաղաքական պատվեր է և որևէ դատավոր չի կարող այս գործով արդարադատություն իրականացնել: Սա քաղաքական դատավարություն է և առաջին իսկ օրվանից եղել է քաղաքական դատավարություն»,- այս մասին էլ ասաց փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Փաստաբանի խոսքերով` արդարադատություն և անկախ դատավորներ ունենալու դեպքում «Սասնա ծռեր»-ի անդամները չէին դիմի ապստամբության:
Փաստաբանները նաև հայտնեցին, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահման պայմանները համատեղելի չեն մարդու արժանապատվության հետ:
«Դրանք մեղմ ասած անմարդկային պայմաններ են, ամենանվազագույն կենցաղային, սանիտարահիգենիկ պայմանների բացակայությունը, խոնավությունը և այլ: Մարդիկ ամիսներով, տարիներով պահվում են նման պայմաններում,-«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ՔԿՀ-ում գլխացավի դեղից և ճնչում չափելու սարքից բացի որևէ այլ բան չի արվում»,- հայտնեց փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Փաստաբան Արա Ղարագյոզյանն էլ հայտնեց, որ այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելը անձի իրավունքն է, որը պետք է լինի գերակա և, եթե անձը ցանկանում է` նա պետք է տեղափոխվի այլ քրեակատարողական հիկնարկ. «Այս ձգձգումնրը անիմաստ գործընթաց են, որոնք կիրառվում են այս դատավարության ընթացքում»: