ՌԴ գերագույն դատարանը, հաշվի առնելով ՄԻԵԴ վճիռը, չեղարկել է տաջիկ նախկին պատգամավորին արտահանձնելու որոշումը

Âåðõîâíûé ñóä ÐÔՌԴ գերագույն դատարանը սեպտեմբերի 3-ին չեղարկել է Մոսկվայի քաղաքային դատարանի կողմից ավելի վաղ ընդունված որոշումը` տաջիկ նախկին պատգամավոր, հայրենիքում մի շարք հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Նիզոմհոն Ջուրաևի` Տաջիկստանին արտահանձնման մասին: Այդպիսով ՌԴ գերագույն դատարանի նախագահությունը բավարարել է դատարանի նախագահի ներկայացրած դիմումը ՄԻԵԴ համապատասխան վճռի վերաբերյալ: Ըստ ՄԻԵԴ վճռի` Ջուրաևի գործով առկա է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի  3-րդ հոդվածի խախտում (խոշտանգումների արգելք), քանի որ Ռուսաստանի պաշտոնատար անձիք չեն պաշտպանել դիմումատուին խոշտանգված լինելու և դաժան վերաբերմունքի արժանանալու իրական և անմիջական սպառնալիքից, որը կարող էր տեղի ունենալ անօրինական կեպով նրան Տաջիկստանին արտահանձնելու արդյունքում:

2007 թվականին Տաջիկստանում քրեական գործ էր հարուցվել պատգամավոր և գործարար Ջուրաևի դեմ: Նա մեղադրվում էր հանցավոր խմբավորման կազմակերպման մեջ, որի անդամները ենթադրաբար 1999 թվականին սպանել են երկրի գլխավոր դատախազի նախկին տեղակալին: Ջուրաևը նաև մեղադրվել է ապօրինի զենք կրելու, հանցավոր միջոցների օրինականացման («փողերի լվացում»), մի շարք պետական օբյեկտների անօրինական սեփականաշնորման, հարկերից խուսափելու և շուրջ 11 մլն ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ:

2010 թվականի օգոստոսին Ջուրաևը Տաջիկստանի խնդրանքով ձերբակալվել էր Ռուսաստանում` երեք տարի առաջ քրեական գործի հարուցման առնչությամբ Տաջիկստանից հեռանալուց և նրա նկատմամբ միջազգային քրեական հետախուզում հայտարարելուց հետո: 2011 թ. Ռուսաստանի գլխավոր դատախազությունը որոշել էր նրան արտահանձնել, իսկ  Մոսկվայի քաղաքային դատարանը հաստատել էր արտահանձնման մասին որոշումը, սակայն Ջուրաևի կալանավորումը բազմիցս երկարաձգվել էր: Այնուհետև` 2012 թ. մարտին, Ռուսաստանում քննչական մեկուսարանից ազատվելուց հետո Ջուրաևը հայտնվել է Տաջիկստանում և հրապարակայնորեն ընդունել իրավապահ մարմինների կողմից իրեն վերագրվող բոլոր մեղադրանքները: Իսկ սեպտեմբերի 3-ին կայացած` ՌԴ գերագույն դատարանի որոշման կապակցությամբ նախկին տաջիկ պատգամավորի պաշտպանը հայտարարել է, որ այժմ նա հավանաբար ենթակա է խոշտանգումների, և նրա ճակատագրի վերաբերյալ ուրիշ ոչինչ հայտնի չէ` կոչ անելով պաշտպանել նման իրավիճակում հայտնված անձանց:

2013 թ. Ջուրաևը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և 2013թ. ապրիլին շահել Ռուսաստանի դեմ ՄԻԵԴ-ում հարուցված գործը: ՄԻԵԴ-ը  գտել էր նաև, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 34-րդ հոդվածի խախտում (անձնական խնդրանքի իրավունք), քանի որ Ռուսաստանը չի պահպանել ժամանակավոր միջոցները, և  5-րդ հոդվածով սահմանված անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը, քանի որ բազմիցս ձգձգել է ձերբակալման որոշումների վիճարկմանը վերաբերող քննությունը:

Բացի այդ, ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ռուսաստանին Ջուրաևին, որպես վնասի փոխհատուցում, վճարել շուրջ 44 հազար եվրո` այդ թվում բարոյական վնասի համար` 30 հազար եվրո:

Աղբյուրը` www.rapsinews.ru.

Մեկնաբանություններ