Կուրսանտի սպանության գործով հետազոտվեցին ամբաստանյալի հագուստները

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով նիստի ժամանակ այսօր դատարանում զննվեցին ամբաստանյալ Մովսես Ազարյանի հագուստները։

Դեռևս նախորդ դատական նիստի ժամանակ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդել էր դատարանին  նիստերի դահլիճ բերել և զննել այն հագուստները, որոնք եղել են ամբատանյալների հագին՝ Ռազմական ոստիկանությունում հարցաքննության ժամանակ։

Նշենք, որ ամբաստանյալները դատարանում տված իրենց ցուցմունքերի ժամանակ հայտնել էին, որ իրավապահ մարմինների կողմից ենթարկվել են բռնությունների, իսկ ամբաստանյալ Մովսես Ազարյանն էլ նշել էր, որ իր հագուստի վրա եղել են արյան հետքեր, քանի որ Ռազմական ոստիկանությունում հարվածներ են հասցրել իր դեմքին և քթից արյուն է եկել:

Մեղադրող դատախազը դատարան էր ներկայացել 2 մեծ տոպրակներով, որոնց մեջ էլ գտնվում էին Մովսես Ազարյանի հագուսները:  Մեղադրող Հարությունյանը դատարանին հայտնեց, որ ամբաստանյալներից առգրավված հագուստները, որոնք չեն ճանաչվել իրեղեն ապացույց, բոլորն էլ առկա են և պահվում են համապատասխան վայրում, սակայն ինքը կարողացել է բերել միայն Մովսես Ազարյանի հագուստները:

Մեղադրողն առաջարկեց այս նիստին զննել Մովսես Ազարյանի հագուստները, իսկ հաջորդ նիստին՝ դատարանի որոշմամբ կներկայացվեն նաև մյուս ամբաստանյալների հագուստները: Միևնույն ժամանակ մեղադրողը հայտնեց, որ չի տեսնում անհրաժեշտություն հագուստները զննելու համար՝ նշելով, որ փորձագետն արդեն տվել է փորձագիտական եզրակացություն և հագուստների վրա արյան հետքեր չեն հայտնաբերվել, իսկ  իրենք փորձագետից լավ չեն կարող զննել դրանք:

Արդյունքում 2 տոպրակներն էլ բացվեցին, իսկ ամբաստանյալներն ու իրենց պաշտպանները մանրակրկիտ զննեցին տոպրակներում եղած հագուստները:

Տոպրակներից մեկից դուրս բերվեց զինվորական համազգեստ: Ամբաստանյալ Մովսես Ազարյանը նշեց, որ համազգեստի ծոցագրպանում համապատասխան գրություն պետք է լինի, որը կփաստի, որ այդ հագուստն իրենն է. գրությունն առկա էր։ Հագուստի վրա որեւէ այլ հետք չհայտնաբերվեց։ Մյուս տոպրակի մեջ առկա հագուստի վրա բացակայում էր այդ նշանագիրը, ինչն էլ ամբաստանյալներին և պաշտպանական կողմին կասկածելի թվաց։

Փաստբան Ա. Նադիրյանն էլ հայտնեց, որ դատարան բերված 2 համազգեստների վրա դրոշմված արյան խմբերը տարբեր են. «Մեկի վրա գրված է 4-րդ խումբ, մյուսի վրա՝ 2-րդ։ Ակնհայտ է, որ հագուստները պատկանում են երկու տարբեր մարդկանց։ Որեւէ հիմք չկա, որը կապացուցի, որ հագուստը Մովսեսին է պատկանում»։

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանն էլ հայտնեց, որ տուժող կողմն ի սկզբանե ունեցել է կասկածներ այն մասին, որ ամբաստանյլաները նախապես փոխել են իրենց համազգեստները, վերջինս նշեց, որ դատարան պետք է ներկայացվեն և զննվեն նաև մյուս ամբաստանյալների հագուստները:

Մովսես Ազարյանի համար նշանակված հանրային պաշտպան Անժելա Հոբոսյանը խորհրդակցելով իր պաշտպանյալի հետ, հայտարարեց, որ նշված հագուստների մի մասը չի պատկանել իր պաշտպանյալին: Մովսես Ազարյանն էլ հայտնեց, որ իրենից մեկ վերնաշապիկ են առգրավել, իսկ այստեղ ներկայացված է երկուսը:

Մեղադրողն էլ հայտնեց, որ հագուստի առգրավման արձանագրության մեջ ոչ մի խոսք չի եղել վերնաշապիկների մասին, սակայն դրանք հայտնվել են այդտեղ, հետևաբար՝ հարկավոր է հետազոտել նաև հագուստների առգրավման վերաբերյալ մյուս արձանագրությունները, հնարավոր է, որ դրանցից մեկում նշված լինի շապիկների առկայության մասին:

Լսելով կողմերի դիրքորոշումները, դատարանը որոշեց ենթադրյալ խոշտանգումների վերաբերյալ գրություն ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազություն, որն էլ իր հերթին կքննի այդ հարցը։

Փաստաբան Արմեն Նադիրյանը միջնորդեց դատարան հրավիրել այն երկու փորձագետներին, որոնք տվել էին եզրակացություն ամբաստանյալների մոտ հայտնաբերված ալկոհոլի վերաբերյալ։ Նա նշեց, որ անհասկանալի է, թե ինչպե՞ս կարող է արյան անալիզի մեջ ալկոհոլ չհայտնաբերվել, այն դեպքում, երբ մեզի հետազոտությունն արձանագրել է ոգելից խմիչքի առկայությունը:

Միջնորդության ժամանակ ոտքի կանգնեց Գնել Թեւոսյանը և հայտարարեց, որ ինքն ալկոհոլ չի օգտագործել. «Էդ օրն ու դրան նախորդող 20 օրվա ընթացքում ես ալկոհոլ չեմ օգտագործել»։ Հայտարարությանը միացավ նաև Նորիկ Սահակյանի պաշտպանը՝ նշելով, որ իր պաշտպանյալը հացկերույթին չի մասնակցել, այլ դասերն է պարապել:

Մեղադրանքի կողմն առարկեց միջնորդությունը՝ նպատակահրմար չհամարելով փորձագետներին դատարան հրավիրելը: Դատարանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը և հաջորդ նիստին փորձագետներին հրավիրել հարցաքննության։

Որից հետո դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 24-ին:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: