Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են ոլորտային քննարկումները տնտեսվարողների հետ: ՊԵԿ նախագահի նախաձեռնությամբ հերթական հանդիպումը տեղի է ունեցել կաթնամթերքի արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: Քննարկման թեման՝ տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովումն է:
ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը, ներկայացնելով խնդիրներն, ընդգծել է հատկապես փոքր, միջին և խոշոր բիզնեսի միջև փաստաթղթաշրջանառության կարգավորման հարցը: «Հստակ խնդիր է դրվել՝ երկրում ապահովել գործարքների ամբողջական փաստաթղթավորում: Հետևողական միջոցառումներ են իրականացվելու բիզնեսի բոլոր օղակներում՝ ձեռքբերումների և իրացումների մասով սահմանված կարգով փաստաթղթաշրջանառությունը լիարժեք ապահովելու ուղղությամբ»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:
ՊԵԿ-ը տնտեսվարողներին հորդորում է՝ ապրանքներն առաքել բացառապես հարկային հաշիվներով կամ հաշվարկային փաստաթղթերով: Հակառակ պարագայում, ըստ Ռաֆիկ Մաշադյանի, կգործածվի օրենսդրությամբ սահմանված վարչարարական գործիքակազմ. «Ապրանքների տեղափոխումը կամ վաճառքն առանց փաստաթղթերի իրականացնելու ժամանակ կիրառվում է օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կազմված վարչական ակտը, այսինքն տուգանքը: Սակայն ՊԵԿ-ը հակված չէ տուգանքներ կիրառելուն, հետևաբար ևս մեկ անգամ կոչ ենք անում՝ ամբողջությամբ փաստաթղթավորել գործարքները: Հակառակ վարքագիծը խոսում է իրացման շրջանառությունները հետագայում թաքցնելու մտադրության մասին: Փաստաթղթաշրջանառության ամբողջական ապահովմամբ բոլոր տնտեսվարողները կլինեն հավասար դաշտում»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործող օրենսդրության շրջանակում ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել կարգավորման ուղիները: