Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Նորքի զինված խմբի» գործով դատական նիստը: Նիստը մեկնարկելուն պես ընդմիջվեց: Ամբաստանյալներից Արթուր Վարդանյանը նիստի մեկնարկին հայտնեց, որ իր ինքնազգացողությունը վատ է և լյարդի, թոքի հետ կապված խնդիրներ ունի: Նախագահող դատավոր Արմեն Բեկթաշյանը նիստը ընդմիջեց և «Շտապ օգնության» հրավիրեց դատարան:
Սույն գործով այսօր դատարանում հրապարակվեց ամբաստանյալներ Արթուր Վարդանյանի և Արթուր Հակոբյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսումները։ Ըստ Արթուր Վարդանյանի հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունների՝ նա խոսում էր զենքի նոր խմբաքանակի ձեռքբերման մասին: Ըստ գաղտնալսման՝ Արթուր Վարդանյանը խոսում էր Հակոբ Հակոբյանի հետ գաղտնաբառերով և ասում էր, որ 4 յաշչիկ փուչիկ է պետք: Խոսակցությունից երևում է, որ «զենքի»-ի գաղտնաբառը «փուչիկ»-ն էր: Զրույցի ընթացքում իրար լավ չհասկանալու արդյունքում, թե որ տեսակից քանի հատ է անհրաժեշտ, տալիս են զենքի անուններ: Զրույցի ժամանակ Արթուր Հակոբյանը հայտնում է, որ իր մոտ եղած ցուցակի առաջին կետի տակ գրվածի գինը 1400 է, իսկ երրորդը 190 ԱՄՆ դոլար է, և պահանջում է Արթուր Վարդանյանից հստակ թվեր ասի՝ որից քանի հատ է ուզում: Խոսակցությունից պարզ է դառնում, որ Արթուր Հակոբյանի մոտ եղած ցուցակում կա 7 զենքի անուններ:Հստակ թվաքանակ և անուն ասելու համար Արթուր Վարդանյանը պահանջում է Հակոբյանից առաջին տառը ասել, որից հետո Արթուր Հակոբյանը թվարկում է զենքերի առաջին տառերը և փորձում է ճշտել. «քանի՞ յաշչիկ կուզես, 350 է ասում»:
«Պեկան 2 հազար է, Մակար կա գինը՝ 1200, 2 т-ն 1400 ա»,-մանրամասնում է Արթուր Հակոբյանը, որից հետո Արթուր Վարդանյանը ասում է. «Պեկան ուզում եմ, բեր, էլ ի՞նչ կա, ի՞նչ ունես, տրուբեքից կա՞, երկու հատ ուզում եմ»,-որին ի պատասխան Արթուր Հակոբյանը ասում է. «Ինչ ուզես՝ կա, դու մենակ հելի արի, էլի»:
«Դու իրան հարցրա՝ ես որ գամ, կարա՞մ իմ աչքով ամեն ինչ տենամ»,-հարցնում է Արթւոր Վարդանյանը, որին ի պատասխան Հակոբյանը հայտնում է, որ թվաքանակի վերաբեյալ պետք է հեռախոսով հայտնի, որ մինչև վերջինիս հասնելը ապրանքը պահեստից բերեն:
Ձայնագրությունների հրապարակման ընթացքում Արթուր Վարդանյանի պաշտպան Լևոն Բարսեղյանը բողոքեց, թե պետք չէ զավեշտի վերածել գործընթացը, քանի որ Արթուր Վարդանյանը ընդունել է, որ հայտնաբերված զինամթերքը իրեն էպատկանում:
Նա միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի առողջական վիճակից ելնելովւ միջնորդում է նրան հիվանդանոց տեղափոխել. «Արթուր Վարդանյանի առողջությունը վատթարացել է և նրա կյանքին վտանգ է սպառնում: Շուրջ մեկ տարի է, ինչ Արթուր Վարդանյանը բողոքում է առողջական վիճակից, մասնավորապես՝ չկարգավորվող ջերմությունից, ճնշման տատանումից, գլխապտույտից: Քրեակատարողական հիմնարկում տեղյակ են Արթուրի վիճակի մասին, նրա ջերմությունը տատանվում է 37.4-ի սահմանում, նրան զննել են տարբեր մասնագետներ՝ թոքաբան, նյարդաբան, սրտաբան, թերապեւտ, թոքերի ռենտգեն են կատարել, մեզի արյան ընդհանուր, բիոքիմիական անալիզներ է տվել, նրա մոտ ախտորոշվել է բրոնխիտ, բուժման կուրս է ստացել, բայց առողջական վիճակը ոչ միայն չի լավացել, այլ նաեւ վատթարացել է»,-ասաց նա,մանրամասնելով, որ Արթուր Վարդանյանը գիշերվա ժամերին արթնանում է շնչահեղձումից, ջերմությունը չի կարգավորվում, աչքերի մեջ դեղնությունը ավելացել է:
Դատավոր Բեկթաշյանն ասաց, որ միջնորդությունը կուղարկի քրեակատարողական: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին:
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. ապրիլից գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում, ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել,պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում: Գործով մեղադրանք է առաջադրվել Արթուր Վալերիկի Վարդանյանին, Անտոն Դիկրան Թոթոնջյանին, Վահան Շիրխանյանին, Գառնիկ Մարգարյանին, Վլադիմիր Առաքելյանին, Խաչիկ Ավետիսյանին, Ավետիս Բերբերյանին, Վաղինակ Ստեփանյանին, Արթուր Եղիազարյանին, Վահագն Սալնազարյանին, Արման Հայրապետյանին, Էդվարդ Ներսիսյանին, Հարություն Սարիբեկյանին, Արա Պողոսյանին, Տիգրան Բոյաջյանին, Գևորգ Ջնդոյանին, Արկադի Մարդոյանին, Ասյա Մկրտչյանին, Մարինե Կաթանյանին և Նելլի Մինասյանին: