Վերաքննիչ դատարանը մերժել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության բողոքը

Թիվ ԵԱՔԴ/5346/02/16 քաղաքացիական գործ

Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր՝ Զ. Նախշքարյան/ 2017 թվականի հուլիսի 13-ին կայացրած վճռով բավարարել էր ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Արման Գևորգյանի հայցը՝ վերականգնելով իր նախկին աշխատանքում և հօգուտ վերջինիս բռնագանձելով միջին աշխատավարձը հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Վճռի դեմ վերաքննիչ բողոք էր ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Բողոքաբերը նշել էր, որ Դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 130.1-րդ, 131-րդ հոդվածները, հաշվի չի առել այն հանգամանքը, որ Արման Գևորգյանը չէր կարող օգտվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված իրավունքից, այն է՝ աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում հետ վերցնելու իրավունքից, ինչպես նաև Դատարանը պետք է կիրառեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմը, քանի որ Արման Գևորգյանի աշխատանքային պայմանագիրը լուծվել է կողմերի համաձայնությամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանով Արման Գևորգյանը /ներկայացուցիչ՝ փաստաբան Յուրի Շիրինյան/ ներկայացրել է վերաքննիչ բողոքի վերաբերյալ իր դիրքորոշումը՝ նշելով, որ Արման Գևորգյանը չէր կարող զրկվել եռօրյա ժամկետում իր դիմումը հետ վերցնելու իրավունքից միայն այն պատճառով, որ գործատուին ներկայացրել էր աշխատանքից ազատման մասին դիմում և ոչ թե ծանուցում, բացի այդ Արման Գևորգյանն իր դիմումում չէր նշել աշխատանքից ազատման մասին հստակ օր, որը պակաս կլիներ դիմումը հետ վերցնելու եռօրյա ժամկետից: Բացի այդ բողոքաբերն իր դիրքորոշմամբ նշել է, որ Դատարանը պետք է կիրառեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նորմը /աշխատանքային պայմանագրի լուծումը կողմերի համաձայնությամբ/, ինչը բողոքին պատասխանողի դիրքորոշմամբ անհիմն է, քանի որ Արման Գևորգյանին աշխատանքից ազատելու մասին հրամանում՝ որպես իրավական հիմք, նշվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 3-րդ մասը:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերաքննիչ բողոքը, նշել է. «աշխատողն իրավունք ունի լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեսուն օր առաջ գրավոր ձևով ծանուցելով գործատուին, միաժամանակ աշխատողն իրավունք ունի աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը հետ վերցնել ոչ ուշ, քան այն ներկայացվելու օրվանից հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում: Սույն գործով հայցվոր Արման Գևորգյանը վերը նշված օրենքի ուժով կարող էր աշխատանքային պայմանագրի լուծման մասին դիմումը` սկսած 17.11.2016 թվականից երեք աշխատանքային օրվա ընթացքում հետ վերցնել, ընդսմին. քանի որ 17.11.2016 թվականը եղել է հինգշաբթի օր, ուստի հայցվոր Արման Գևորգյանը կարող էր հետ վերցնել իր կողմից ներկայացված աշխատանքից ազատելու մասին դիմումը` մինչև 22.11.2016 թվականը ներառյալ: … ՀՀ ԳՆ ՍԱՊ ծառայության պետ Ի. Կարապետյանը առանց օրենքով սահմանված եռօրյա ժամկետը պահպանելու, հայցվորի կողմից աշխատանքից ազատելու վերաբերյալ դիմումը ներկայացնելու օրը` 17.11.2016 թվականի թիվ 7-Ա հրամանով ազատել է նրան Ծառայության ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից, խախտելով վերը նշված իրավական նորմերի պահանջները:»: Անդրադառնալով բողոքաբերի այն փաստարկին, որ Դատարանը անտեսել է այն փաստը, որ սույն դեպքում կիրառելի է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը վերաբերում է այն դեպքերին, երբ  աշխատանքային պայմանագիրը լուծվում է կողմերի համաձայնությամբ, իսկ սույն  գործով հայցվորին աշխատանքից ազատելու հրամանի հիմքում դրվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ինչը հանդիսանում է աշխատանքային պայմանագրի լուծման առանձին և ինքնուրույն եղանակ, այն է` աշխատանքային պայմանագրի լուծումը աշխատողի նախաձեռնությամբ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը գտել է, որ Դատարանը կայացրել է օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ և 16.11.2017 թվականի որոշմամբ մերժել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերաքննիչ բողոքը՝ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/5346/02/16 վճիռը թողնելով օրինական ուժի մեջ: