Ագանիկյանն ընդդեմ Հայաստանի 

Դիմումատուն՝ Հրայր Ագանիկյանը, ԱՄՆ քաղաքացի է, ծնվել է 1953 թվականին և ներկայումս կալանավորված է Երևանում։ 

2004 թվականի դեկտեմբերին ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ խարդախության և վաշխառության մեղադրանքներով։ 2005 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշի  ընդհանուր իրավասության դատարանը Դիմումատուի տունը խուզարկելու որոշում է կայացրել։ Նույն թվականի հունիսին Դիմումատուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի հոդվածներով՝ վաշխառությունը որպես արհեստ, կատարելու համար, որի արդյունքում տուժած անձինք խոշոր չափով ֆինանսական կորուստներ են կրել։ Նույն օրը Դիմումատուի գործով քննիչը հայտնել է, որ Դիմումատուն պարտավոր է չլքել իր բնակության վայրը մինչև դատավարության ավարտը։

2005 թվականին դատարանը որոշել է բռնագրավել Դիմումատուին պատկանող գույքը։ Նույն թվականի օգոստոսի 10-ին քննիչը մեղադրական եզրակացություն է ուղարկել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազին` հաստատելու համար, սակայն դատախազը մերժել է, և քննիչը շարունակել է իրականացնել գործի նախաքննությունը։

2005 թվականի հոկտեմբերին Դիմումատուի դեմ քրեական գործ է հարուցվել՝ խարդախության միջոցով գույքի յուրացման, խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով զգալի չափերով հափշտակության, խոշոր չափի գումար շորթելու, վաշխառությունը՝ որպես արհեստ կատարելու և քաղաքացիական գործով ապացույցները կեղծելու պատճառով։ Նույն թվականին ՀՀ Վերաքննիչ դատարանը Դիմումատուին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

2006 թվականից մինչև 2007 թվականն ընկած ժամանակահատվածում Դիմումատուի գործի շրջանակներում Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է 12 նիստ, որոնք հետաձգվել են վկաների և տուժած անձանց տված ցուցմունքների բացակայության պատճառով, ինչպես նաև դատարանի և մեղադրող կողմի միջնորդությամբ։

2007 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում գործի շրջանակներում դատարանում կայացել է 40 դատական նիստ, որոնք հետաձգվել են Դիմումատուի չներկայանալու և նրա փաստաբանի բացակայության պատճառով։

2011 թվականի հունվարի 31-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշի  ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Հրայր Ագանիկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով), 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (շորթում՝ առանձնապես խոշոր չափով գույքը ստանալու նպատակով), 213-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետերով (վաշխառություն, որը կատարվել է որպես արհեստ) և 349 հոդվածի 1-ին մասով (քաղաքացիական գործով ապացույցների կեղծելը գործին մասնակցող անձի կամ նրա ներկայացուցիչի կողմից) նախատեսված հանցանքների կատարման մեջ և դատապարտել է Դիմումատուին ինը տարվա ազատազրկման։ Դատարանը բռնագրավել է Դիմումատուին պատկանող գույքի կեսը և 400.000 ՀՀ դրամի չափով տուգանք է նշանակել։ Դիմումատուն և մեղադրող կողմը բողոքել են դատավճռի դեմ, սակայն 2011 թվականին ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նրանց ներկայացրած բողոքները՝ թողնելով առաջին ատյանի որոշումն անփոփոխ։

2012 թվականի ապրիլի 2-ին Դիմումատուն հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան և բողոքել իր դատավարության երկար ժամկետի մասին։ Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների  եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի (դատարանի մատչելիության իրավունք) խախտում։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում։ Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում,  Հայաստանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական)  վնասի  համար Դիմումատուին վճարել 865 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։