Ազգային ժողովի ղեկավարության հրավերով՝ խորհրդարանի առջև ցույց անող ուսանողներից հինգը քիչ առաջ մուտք գործեց խորհրդարան։
Հանդիպման հրավեր ուսանողներին արեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, հանդիպումը Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ է՝ փակ դռների հետևում։ Փակ դռների ետևում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ քննարկումից հետո Դավիթ Պետրոսյանը դուրս եկավ և հայտարարեց, որ դադարեցնում է հացադուլը և դասադուլը: Նաև տեղեկացրեց, որ նոյեմբերի 22-ին տեղի կունենա քննարկում կլոր սեղանի շուրջ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծի վերաբերյալ: Դավիթ Պետրոսյանը ինչ որ տեղ սա ձեռք բերում համարեց: Նաև նշեց, որ քննարկման առաջարկը եղել է իրենց կողմից և դասադուլին մասնակցող անձինք այս առաջարկի մասին տեղյակ են եղել:
Ավելի վաղ՝ Ազգային ժողովը ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:
Հիշեցնենք՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: