Ուկրաինայի կառավարությունը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ պատժամիջոցների կիրառում նախատեսող օրինագծից առաջարկել է հանել այն կետերը, որոնք նախատեսում են ԶԼՄ-ների գործունեության սահմանափակում կամ արգելք` այդ թվում նաև տպագիր ԶԼՄ-ների թողարկումը: Այս մասին, «Ռիա նովոստիի» տեղեկացմամբ, հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը` օրինագիծը Գերագույն ռադայի երկրորդ ընթերցմանը ներկայացնելիս:
Մասնավորապես, Ուկրաինայի կառավարությունը առաջարկել է պատժամիջոցների ցուցակից հանել փոստային կապի ծառայությունների մատուցման սահմանափակումը, հեռուստա- և ռադիոհեռարձակման արգելքը, զանգվածային լրատվության միջոցների գործունեության սահմանափակումն ու դադարեցումը, ինչպես նաև` տպագիր ԶԼՄ-ների և այլ տեղեկատվական նյութերի արտադրանքի արգելքն ու սահմանափակումը: Վարչապետ Յացենյուկը հայտարարել է նաև, որ նման որոշումներ կարող են ընդունել բացառապես Ուկրաինայի դատարանները:
Նշենք, որ օգոստոսի 14-ին Ուկրաինայի խորհրդարանը ընդունել է «Պատժամիջոցների մասին» օրենքը, որը նախատեսում է Ռուսաստանի նկատմամբ ավելի քան 20 պատժամիջոցի կիրառում` ներառյալ էներգառեսուրսների տարանցման արգելքը: Օրենքի ընդունումն առայժմ ընդամենը տնտեսական սահմանափակումներ և պատժամիջոցներ կիրառելու իրավական հիմք է ապահովում:
Ավելի վաղ վարչապետ Յացենյուկը նշել էր, որ պատժամիջոցների փաթեթը կկիրառվի այն անհատների և ընկերությունների նկատմամբ, որոնք աջակցել կամ շարունակում են աջակցել երկրի անջատողական ուժերին կամ ահաբեկիչներին: Պատժամիջոցների կիրառման շրջանակներում ընդգրկված են 172 ֆիզիկական և 65 իրավաբանական անձիք Ռուսաստանում և այլ երկրներում: