ՄԻԵԴ-ն արձանագրել է ազատ ընտրությունների իրավունքի խախտում Ֆիրթը և մյուսներն ընդդեմ Միացյալ թագավորության գործով

europea_court_of_human_rights_bigECHR 239 (2014)
12.08.2014
Ֆիրթը  և մյուսներն ընդդեմ Միացյալ թագավորության (գանգատ թիվ 47784/09 և մյուս իննը)

Դատարանը, 5 կողմ, 2 դեմ ձայներով, կայացրել է որոշում, ըստ որի Կոնվենցիայի խախտում է տեղի ունեցել: Դատարանի վճիռը վերջնական չէ[1]: Տվյալ գործով Դատարանն արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության երրորդ հոդվածի խախտում:

Գործը վերաբերում է 10 բանտարկյալների, ովքեր կայացված համապատասխան դատավճռով դատապարտվել են ազատազրկման: Վերջիններս զրկվել են 2009 թվականի հունիսի 4-ին Եվրոպական խորհրդարանի ընտրություններին մասնակցելու հնարավրությունից:  Դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության երրորդ հոդվածի խախտում, որովհետև գործը նման է մյուս բանտարկյալների գործերին (Գրինը և Մ.Տ.-ն ընդդեմ Միացյալ թագավորության, գանգատներ թիվ 60041/08 և 60054/08), որտեղ խախտվել էր ընտրելու իրավունքը, և այդ օրենսդրությունը դեռևս չի բարեփոխվել: Դատարանը արձանագրել է ընտրելու իրավունքի խախտում տասը բանտարկյալների գործերով,  բայց չի նախատեսել փոխհատուցում:

Սկզբունքային փաստեր

Տասը բանտարկյալներ, ովքեր Մեծ բրիտանիայի քաղաքացի են, ազատազրկվել են, համաձայն կայացված դատավճռի, այն օրը, երբ պետք է անցկացվեին Եվրոպայի խորհրդարանի ընտրությունները (2009 թվականի հունիսի 4): Հանաձայն գործող ընտրական օրենսդրության` նրանք մեխանիկորեն հանվել են ընտրացուցակից՝ հաշվի առնելով նրանց ազատազրկումը:

Բողոքները, ընթացակարգը, Դատարանի կազմը

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առաջին արձանագրության երրորդ հոդվածը` դիմումատուները բողոքում են, որ տեղի է ունեցել իրենց ընտրելու իրավունքի խախտում:

Դիմումատուների դիմումները Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ստացվել տարբեր ամսաթվերի` 2009 թվականի օգոստոսի 11-ից մինչև 28-ն ընկած ժամանակահատվածում:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Պալատը, հետևյալ կազմով`

Ինետա Զիմել (Լատվիա), նախագահ,

Պալվի Հիրվելա (Ֆինլանդիա),

Գեորգիոս Նիկոլաու (Կիպրոս),

Լեդի Բիանկու (Ալբանիա),

Զդրավկա Կալայջիեվա (Բուլղարիա),

Փոլ Մահոունի (Միացյալ թագավորություններ),

Կրիստոֆ Վոյտցեկ (Լեհաստան), դատավորներ

և Ֆրանցիս Ելանս-Փասոս, բաժանմունքի քարտուղար,

2014թ. օգոստոսի 12-ին կայացրել է հետևյալ վճիռը:

Դատարանի վճիռը

Առաջին արձանագրության 3-րդ հոդված (ազատ ընտրությունների իրավունք)

Դատարանը նշել է, որ Գրինսը և Մ.Տ.-ն ընդդեմ Միացյալ թագավորության գործով հայտնաբերել է օրենսդրական արգելք բանտարկյալների` 2009 թվականի հունիսի 4-ի Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ ընտրելու իրավունքի առնչությամբ, քանի որ այն չի համապատասխանում առաջին արձանագրության երրորդ հոդվածին: Դատարանը այդ որոշմամբ նշել է, որ պետք է իրականացվեն օրենսդրական բարեփոխումներ, որպեսզի ընտրական օրենսդրությունը համապատասխանեցվի Կոնվենցիային:

Այս որոշումով, դատարանը պարզել է, որ Միացյալ թագավորության կողմից իրականացված վերջին քայլերը կապված են հանրությանը օրինագծի ներկայացման, և Խորհրդարանին կից հանձնաժողովի կողմից օրնագծի ուսումնասիրության հետ:

Այդուհանդերձ, օրենսդրությունը մնացել է չբարեփոխված, ուստի տեղի է ունեցել առաջին արձանագրության երրորդ հոդվածի խախտում:

Հոդված 41 (արդարացի փոխհատուցում)

Ինչպես նախորդ որոշումներում, որոնք վերաբերում էին բանտարկյալների ընտրելու իրավունքին (ներառյալ Հիրսթը (համար 2) ընդդեմ Միացյալ թագավորության, Գրինսը և Մ.Տ.-ն ընդդեմ Միացյալ թագավորության և Սկոպպոլան (համար 3) ընդդեմ Իտալիայի), Դատարանը արձանագրել է, որ խախտման ընդունումը համարվում է բավարար արդարացի փոխհատուցում դիմողներին պատճառված բարոյական վնասի համար, այդ պատճառով դատարանը մերժում է ցանկացած փոխհատուցման հարց այս գործերով:

Դատարանը մերժում է նաև դիմողների կոմից դատավարական ծախսերի հատուցման խնդրանքը:

Դատարանը վկայակոչում է Գրինը և Մ.Տ.-ն ընդդեմ Միացյալ թագավորության գործի 20-րդ մասում կատարված նշումները, որտեղ Դատարանը նշել է, որ այս խնդրին վերաբերող գործով հետագայում չեն արվի փոխհատուցման վճարներ: Դատարանը բացատրել է, որ ներկայիս դիմումատուները  իրենց դիմումներում նշել են միայն առաջին արձանագրության երրորդ հոդվածը, նրանք նշել են, որ համաձայն դատավճռի` նրանք զրկվել են ազատությունից հենց ընտրությունների կայացման օրը, հակառակ դեպքում նրանք կարող էին մասնակցել ընտրություններին: Դատարանը գտնում է, որ նման դիմումի ներկայացումը իրականացվել է ուղղակի ճանապարհով, և ուստի չէր պահանջվում իրավական օգնություն: Դատարանը այդ պատճառով եզրակացնում է, որ դիմումում նշված իրավական ծախսերը պատճառաբանված և անհրաժեշտ չեն եղել:

Տարբերվող կարծիք

Դատավոր Նիկոլաուն և Վոյտցեկը արտահայտել են տարբերվող կարծիք, որը կցվել են որոշմանը:

Որոշումը հասանելի է միայն անգլերենով: Այս փաստաթուղթը ստեղծվել է Դատարանի ռեեստրի կողմից: Այն պարտադիր չէ դատարանի համար: Հետագա տեղեկատվություն Դատարանի մասին կարելի է գտնել www.echr.coe.int կայքից:

[1]43 և 44-րդ հոդվածներով սահմանված կարգով այս պալատի որոշումները վերջնական չեն: Եվ դրանց ուղարկումից հետո՝ 3 ամսվա ընթացքում, ցանկացած կողմ կարող է առաջարկել, որպեսզի գործը փոխանցվի Դատարանի Մեծ պալատ: Նման առաջարկություն լինելու դեպքում 5 դատավորից բաղկացած հանձնաժողովը որոշում է, թե արդյոք գործը կարիք ունի հետագա քննության: Դրական եզրակացության դեպքում Մեծ պալատը լսում է գործը և ուղարկում վերջնական որոշումը: Եթե առաջարկությունը մերժվում է, ապա այս պալատի որոշումը դառնում է վերջնական և կայացման պահից մտնում է օրինական ուժի մեջ: Որոշումն  օրինական ուժ ստանալուց հետո ուղարկվոմ է ԵԽ Նախարարների կոմիտե` դրա կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով: