Միլիչևիչն ընդդեմ Չեռնոգորիայի

Դիմումատուն՝ Զդրավկո Միլիչևիչը, ազգությամբ չեռնոգորցի է, ծնվել է 1966 թվականին, բնակվում է Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում: Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ հոգեկան խնդիրներ ունեցող անձի կողմից հարձակման ենթարկվելու դեպքին: Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, որ պատասխանող Պետությունը չի պաշտպանել իրեն և չի կանխել հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձի կատարած հարձակումը:

2013 թվականի փետրվարին ոմն անձը սրճարանում մուրճով հարձակվել է Դիմումատուի վրա: Դիմումատուին գլխի ծանր վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: Դիմումատուի վրա հարձակում գործած անձը ձերբակալվել է: Այնուհետև, վերջինս դատապարտվել է Դիմումատուի նկատմամբ բռնություն կիրառելու համար: Դատարանի որոշմամբ՝ անձը տեղափոխվել է հիվանդանոց՝ պարտադիր հոգեբուժական ստացիոնար բուժում անցնելու համար: Քրեական գործով հետաքննության փուլում պարզվել է, որ Դիմումատուի վրա հարձակում գործելուց 4 ամիս առաջ հոգեբուժական խնդիրներ ունեցող անձը նաև մեղավոր է ճանաչվել՝ սուր ծակող-կտրող գործիքով մեկ այլ անձին հարվածելու և վերջինիս թեթև մարմնական վնասվածքներ հասցնելու համար:

Դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել՝ իր վրա հարձակում կատարելու հետևանքով իրեն պատճառված վնասների փոխհատուցման պահանջի մասին: Դիմումատուի խոսքերով՝ հարձակման դեպքից մի քանի օր առաջ նա տեղեկացրել է ոստիկանության աշխատակիցներին, որ մեկ անձ սպառնացել է վնասել իրեն և նախկինում հարձակում է գործել այլ անձանց վրա:

2015 թվականին Չեռնոգորիայի ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուի ներկայացրած բողոքը՝ հիմնավորելով, որ ոստիկանությունը գործել է օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում, և որ պետությունը պատասխանատվություն չի կրում նման դեպքերի համար:

Գործի շրջանակներում պարզվել է, որ Դիմումատուի վրա հարձակում կատարած անձը երկար տարիներ տառապել է հոգեկան հիվանդությունից: Ներպետական դատական ատյանները պարզել են նաև, որ նա բազմիցս բռնություն է կիրառել տարբեր անձանց նկատմամբ, հարձակվել է իր հարևանների վրա և այրել է իր բնակարանը: Անձի դեմ հարուցված քրեական գործով դատավարության ժամանակ ոստիկանության աշխատակիցներից մեկը հաստատել է, որ անձն իր մոտ մշտապես սառը զենք է կրել, և ոստիկանությունը հաճախ բողոքներ է ստացել նրա դեմ:

2015 թվականի նոյեմբերին անձը սկսել է վերականգնողական ամբուլատոր բուժում ստանալ: 2016 թվականի ապրիլից նա նաև ստուգումներ է անցել հատուկ մասնագետների հետ:

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Այսպիսով, Դիմումատուն բողոքել է, որ տեղի իշխանությունները չեն կարողացել կանխել իր վրա կատարված հարձակումը՝ չնայած այն փաստին, որ ոստիկանությունը տեղեկացված է եղել հոգեկան խնդիրներ ունեցող անձի կողմից հասարակության համար սպառնացող վտանգի մասին:

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում:

Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 4.500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 3.000 եվրո՝ դատական ծախսերի համար։

Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ