Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրում են համաձայնությունները չկատարելու մեջ

Մոսկվան և Կիևը չեն կարողանում համաձայնեցնել Ուկրաինայի արևելքում շփման գծից զինված ուժերի և ռազմական տեխնիկայի դուրսբերման պայմաններն ու ժամկետները, չեն կարողանում նաև պայմանավորվել «նորմանդյան ձևաչափով» բանակցությունների ժամկետների շուրջ:

Մինչդեռ ՄԱԿ-ի հրապարակած նոր զեկույցի համաձայն՝ Ուկրաինայի արևելքում պատերազմի զոհ է դարձել ավելի քան 3 հազար խաղաղ բնակիչ: Զեկույցի հեղինակները շեշտում են, որ Դոնբասում ապրող մարդկանց մեծ մասը ցանկանում է խաղաղություն:

Ուկրաինայի արևելքում պատերազմական գործողություններն արդեն վեցերորդ տարին են ընթանում: Զոհվել է 3 հազար 300 խաղաղ բնակիչ, շուրջ մեկ միլիոն մարդ թողել են իրենց տները և տեղափոխվել Ուկրաինայի մյուս շրջաններ:

Զեկույցում ասված է, որ Դոնբասում ապրող մարդկանց անհրաժեշտ է օգնություն, և այն պետք է երեք անգամ ավելին լինի, քան այսօր ցուցաբերվում է: Որպեսզի Դոնբասում լինի խաղաղություն, անհրաժեշտ է հետ քաշել հակամարտող կողմերի զինված ուժերը և ռազմական տեխնիկան:

Պաշտոնական Կիևը հայտարարում է, թե կատարել է համաձայնագրի բոլոր կետերը, և հաջորդ քայլերը պետք է Մոսկվան կատարի: Մոսկվան էլ, որ աջակցում է Դոնբասում պատերազմող անջատողականներին, պնդում է, թե համաձայնությունները չի կատարում Կիևը:

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ էր այցելել հակամարտության գոտի և ուկրաինացի զինվորականներին պարբերաբար կոչ է անում չկրակել: Այսօր նախատեսված է, որ ուժերը պետք է դուրս բերվեն Պետրովսկի շրջանից: Կիևում հույս ունեն, որ անջատողականները չեն խանգարի ուժերի տարանջատման գործընթացին: Մինչդեռ ռուսական աղբյուրները ուկրաինական բանակին մեղադրում են նոր հրետակոծության մեջ, Կիևը մեղադրանքը հերքում է: Ուկրաինական կողմը պնդում է, որ անջատողականներն են դիմում սադրանքների:

Ուժերի տարանջատման գործընթացը նախատեսվում էր սկսել դեռևս հոկտեմբերի 9-ին, սակայն մի քանի անգամ հետաձգվել էր: Հակամարտող կողմերը միմյանց են մեղադրում համաձայնագիրը խախտելու մեջ:

Նոյեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե անհրաժեշտության դեպքում Վլադիմիր Պուտինը պատրաստ է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ «նորմանդյան» ձևաչափով բանակցությունների շրջանակում: Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի նախագահը սպասում է «նորմանդյան» ձևաչափով հանդիպման նախապատրաստման աշխատանքների արդյունքներին։ 

Ավելի վաղ Ուկրաինայի արտգործնախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել էր, թե Կիևը կատարել է «նորմանդյան» ձևաչափով գագաթնաժողով անցկացնելու համար անհրաժեշտ պայմանները, և ներկայումս հանդիպման անցկացման օրը կախված է Մոսկվայից:

Հիշեցնենք՝ հոկտեմբերին Կրեմլը հերքել էր տեղեկությունն այն մասին, թե գագաթնաժողովը տեղի կունենա նոյեմբերի 15-ին: Նախատեսված է, որ այդ օրը առաջին անգամ պետք է հանդիպեն Պուտինը և Զելենսկին: