ՄԻԵԴ վճիռ. Լինչը և Ուելանն ընդդեմ Իռլանդիայի

europea_court_of_human_rights_bigECHR 238 (2014)
31.07.2014
Լինչը և Ուելանն ընդդեմ Իռլանդիայի (գանգատներ թիվ 70495/10 և թիվ 74565/10)

ՄԻԵԴ Պալատը հուլիսի 31-ին քննել է Լինչը և Ուելանն ընդդեմ Իռլանդիայի գործը և միաձայն որոշել, որ երկու գանգատներն էլ անընդունելի են: Վճիռը վերջնական է: 

Գործը վերաբերում է երկու բանտարկյալի, ովքեր սպանության համար դատապարտվել են ցմահ ազատազրկման` առանց ներման հնարավորության: Ըստ դիմումատուների` Դատարան ներկայացված գանգատի, իրենց շարունակական բանտարկությունը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածը (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք): 

Նրանք պնդել են, որ Իռլանդիայում ցմահ ազատազրկվածների մեծ մասին անակնկալ կերպով, գործադիրի որոշման համաձայն,  տրվել է պատժի կրումից վաղաժամ ազատվելու հնարավորություն: Արդարդատության նախարարը որոշման հիմքում դրել է որոշ չափանիշներ, մասնավորապես՝ հետագայում նման արարքների կանխումը և վտանգավորության աստիճանը:  Այսպիսով դիմումատուները բողոքել են, որ իրենց նկատմամբ կիրառված պատժի նպատակների մեջ եղել է ոչ միայն պատժիչ, այլ նաև կանխարգելիչ գործառույթը, որը ժամանակի ընթացքում դարձել է ավելի առաջնային: Այդ իսկ պատճառով նրանց համար պետք է հասանելի լինի վերանայման ինչ-որ կառուցակարգեր, որոնք կստուգեն, թե արդյոք հետագա պատժի կրումը չի կորցրել իր նպատակահարմարությունը: Դիմողներրը բողոքել են նաև, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննություն) խախտում, մասնավորապես, նախարարը, պատժի կրումից վաղաժամ ազատելու հնարավորություն ունենալով, անմիջականորեն ազդում է պատժի կրման չափի վրա, մինչդեռ դա անկախ և անկողմնակալ դատարանների բացառիկ իրավունքն է:

Պրն Ուելանի գանգատը ներկայացվել է վեցամսյա ժամկետից հետո և այդ պատճառով Դատարանի կողմից մերժվել է գործի քննությունը:

Պրն Լինչի գործով Դատարանը նշել է, որ Իռլանդիայի դատարանների կողմից հստակ դիրքորոշում է արտահայտվել, որ կանխարգելող ազատազրկումը իռլանդական օրենսդրությամբ նախատեսված չէ: Ցմահ ազատազրկումը` առանց ներման հնարավորության, իրականացնում է միայն պատժիչ գործառույթ, և այն չի կարող փոփոխվել` պատժի կրումից վաղաժամ ազատելով: Իռլանդական օրենսդրությունը չի թույլատրում գործադրին ունենալ ցանկացած դեր պատժի չափի սահմանման գործում: Իսկ նախարարի կողմից վաղաժամ ազատելու հնարավորությունը չի դադարեցնում ցմահ ազատազրկումը:

Սկզբունքային փաստեր

Առաջին դիմումատու Փոլ Լինչը (ծն. 1976 թ.) Իռլանդիայի քաղաքացի է: Իր գանգատը ներկայացնելու պահին նա կրում էր իր նկատմամբ նշանակված ցմահ ազատազրկումը Պորտլաուսի բանտում: Երկրորդ դիմումատու Պետեր Ուելանը նույնպես կրում է ցմահ ազատազրկման պատիժը նույն բանտում:

Պրն Լինչը 1997 թվականի փետրվարի 10-ին դատապարտվել է ցմահ ազատազրկման, որը իռլանդական օրենսդրության համաձայն ենթակա է պարտադիր կրման: Նրա ազատազրկումը վերանայման է ենթարկվել Հատուկ հանձնաժողովի կողմից տարբեր հիմքերով, վերջին անգամ 2012 թվականի սեպտեմբերին, երբ Հանձնաժողովը առաջարկել է նրան ազատ արձակել պատժի կրումից վաղաժամ ազատելու ծրագրով:

Պրն Ուելանը դատապարտվել է սպանության և սպանության փորձի համար 2002 թվականի դեկտեմբերի 2-ին և դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Երկու անձինք էլ գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ` վիճարկելով իրենց ազատազրկման օրինականությունը: Նրանց բողոքը մերժվել է բարձրագույն դատական ատյանի կողմից 2010 թվականի մայիսի 14-ին:

Բողոքը, ընթացակարգը, Դատարանի կազմը

Գանգատները Լինչի և Ուելանի կողմից ներկայացվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան` համապատասխանաբար 2010 թվականի հոկտեմբերի 10-ին և 2010 թվականի նոյեմբերի 17-ին:

Հիմնվելով Կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին կետի վրա` պրն Լինչը և պրն Ուելանը բողոքում են, որ նրանց շարունակական ազատազրկումը օրինական չէ և չի բխում Կոնվենցիայի վերոհիշյալ դրույթից, ըստ նրանց բողոքի, իրենց նկատմամբ կիրառված պատիժը «ամբողջապես պատժիչ» չէ և ունի նաև կանխիչ գործառույթ: Նրանք բողոքում են նաև, որ տեղի է ունեցել 5-րդ հոդվածի չորրորդ կետի (կալանավորման օրինականությունը վիճարկելու իրավունք) խախտում, քանի որ իռլանդական դատարանների առջև այս խնդիրը բարձրացնելու որևէ հնարավորություն չեն ունեցել: Վերջապես նրանք բողոքում են, որ իրենց պատժի չափը որոշելու իրավասությունը տրվել է գործադրի մարմնին, ինչը խախտում է իրենց՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:

Վճիռը կայացվել է Պալատի կողմից` հետևյալ կազմով.

Mark Villiger (Լիխտենշտեին), նախագահ,

Boštjan M. Zupančič (Սլովենիա),

Ann Power-Forde (Իռլանդիա),

Ganna Yudkivska (Ուկրաինա),

André Potocki (Ֆրանսիա),

Helena Jäderblom (Շվեդիա),

Aleš Pejchal (Չեխիա), դատավորներ

և Stephen Phillips, բաժանմունքի քարուղար:

Դատարանի վճիռը

Հոդված 5

Պրն Ուելանսի գանգատը մերժվել է, քանի որ ներկայացվել է սահմանված վեցամսյա ժամկետի բացթողմամբ:

Ինչ վերաբերում է պրն Լինչի գործին՝ Դատարանը գտել է, որ նրա գործով իրականացված դատավարությունը և ազատազրկումը ամբողջությամբ համապատասխանում են իռլանդական օրենսդրությանը: Դատարանը նաև նշել է, որ իռլանդական դատարանները բազմիցս արձանագրել են, որ պարտադիր ցմահ ազատազրկումը ունի միայն պատժիչ նպատակ, և բանտարկյալը չի կարող պահվել ազատազրկման մեջ կանխիչ նկատառումներից ելնելով:

Պրն Լինչը վիճարկել է, որ Իռլանդիայի արդարադատության նախարարի որոշմամբ բազմաթիվ ցմահ դատապարտյալների շնորհվել է պատժի կրումից վաղաժամ ազատվելու հնարավորություն: Նախարարը օրենքով սահմանված կարգով պետք է որոշում կայացնելիս հաշվի առնի կանխարգելիչ և վտանգավորության պայմանները, իսկ դրանից հետևում է, որ իր ցմահ ազատազրկումը ունի նաև կանխարգելիչ նշանակություն: Այս հիմնավորումներով պրն Լինչը պնդել է, որ իր դատապարտվելու պահին ինքը չէր կարող իմանալ, թե իրականում քանի տարի կտևի իր պատիժը՝ նկատի ունենալով այն անորոշ իրադրությունը, երբ հստակ տեսանելի չէ այն ճանապարհը, որը կտանի վերադաստիարակման կամ ազատության:

Դատարանը այդուհանդերձ չի ընդունել, որ բանտարկյալի համար պատժի կրումից վաղաժամ ազավելու հնարավորությունը պատժի լիարժեք պատժիչ բնույթը դարձնում է նաև կանխարգելիչ: Իռլանդիայում սպանության համար պարտադիր ցմահ ազատազրկման միակ նպատակ է հանդիսանում իրավախախտի պատժումը:

Հիրավի, պատժի կրումից վաղաժամ ազատման հնարավորությունը չի փոխում այն պատժի բնույթը, որը դրվել է դատապարտյալի վրա, քանի որ տվյալ անձը սահմանված վարքագիծ չդրսևորելու դեպքում հնարավոր է կրկին հետ կանչվի պատժի մնացած մասը կրելու:

Դատարանը տարանջատում է իռլանդական իրավիճակը բրիտանականից, որտեղ անցյալում գործադիրը ներգրավված էր դատապարտյալի համար պատժչափի որոշման գործընթացին: Դատարանը քաջատեղյակ է, որ նման դերը Իռլանդիայում օրենսդրորեն և սահմանադրորեն անհնար է, քանի որ դատավճռի կայացումը բացառապես իռլանդական դատարանների մենաշնորհն է:

Դատարանը այդ պատճառով գտնում է, որ պրն Լինչի դատապարտումը չի եղել կամայական և համապատասխանել է 6-րդ հոդվածի առաջին կետին, և եղել է հստակ պատճառահետևանքային կապ` նրա կողմից 1997 թ. կատարած սպանության և ազատազրկման դատավճռի միջև: Ըստ այդմ, դատարանը վճռել է, որ պրն Լինչի բողոքը 5-րդ հոդվածի առաջին կետի մասով պետք է մերժվի՝ որպես ակնհայտորեն անհիմն:

Հոդված 6

Դատարանը մերժել է պրն Լինչի պնդումը այն մասին, որ նախարարն է որոշել իր պատժաչափը, այն հիմքով, որ քրեական մեղադրանքը պրն Լինչի դեմ որոշվել է այն օրը, երբ նրա վերաքննիչ բողոքը իր նկատմամբ կայացված դատավճռի կապակցությամբ մերժվել է 1998 թվականին: Նախարարի ներգրավումը եղել է այդ դատավարությունից բազում տարիներ անց: Դատարանը գտել է, որ արհեստական է պրն Լինչի նկատմամբ սպանության համար սահմանված պատիժը համարել «անորոշ», քանի դեռ պրն Լինչը ազատ չի արձակվել նախարարի որոշմամբ: Ըստ այդմ, Դատարանը որոշել է, որ բողոքը այս հիմքով ենթակա է մերժման՝ որպես ակնհայտ անհիմն:

Մեկնաբանություններ