«Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդնումը շուկայի զարգացման ևս մեկ հեռանկար է»

Լեգալ Ինֆոն զրուցել է Սիլ ինշուրանս ապահովագրական ընկերության նորանշանակ տնօրեն Արմինե Մելքոնյանի հետ։

–   Որքա՞ն ժամանակ եք այս ոլորտում աշխատում և ի՞նչ ուղղություններով եք զբաղվել հիմնականում։

–   Ապահովագրական գործը իմ բուն մասնագիտությունն է, և ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը  եղել է առաջին ապահովագրական ընկերությունը, որտեղ ես ոտք եմ դրել դեռևս ուսանողական տարիներին: Բավականին երկար տարիներ աշխատել եմ որպես ապահովագրական ընկերությունների վերահսկող, և հետևաբար  ապահովագրության բոլոր ուղղվություններով էլ փորձ ունեմ:

–   Ապահովագրական ընկերությունների հեռանկարները ՀՀ-ում ինչպիսի՞ն են։

–   Ապահովագրությունը ռիսկերի վրա հիմնված բիզնես է, այսինքն՝ այստեղ մեծ նշանակություն ունի ռիսկ-մենեջմենթը՝ ինչպես ես կառավարում քո ռիսկերը։ Հնարավոր է ունենալ շատ մեծ պորտֆել, բայց մի դեպքը բավական է ապահովագրական ընկերությանը լուրջ վնասներ հասցնելու համար։

Վերջին ֆինանսական ճգնաժամը ցույց տվեց, որ ապահովագրությունը, երևի թե, ֆինանսական համակարգի ամենակարևոր օղակն է, քանի որ ճգնաժամի լուծումներից մեկը ամենախոշոր ապահովագրական ընկերության կապիտալի համալրումը եղավ ԱՄՆ կառավարության կողմից։ Պարզվեց, որ բոլոր ֆինանսական գործիքների հետ կապված գործարքների հիմքում որպես երաշխիք ապահովագրական ընկերության կողմից տրված պոլիսն է։ Այդ ֆինանսական շղթայի վերջին օղակն ապահովագրական ընկերությունն է։ Դրանից հետո կարևորվեց ապահովագրական ոլորտը։

Ինչ խոսք, ՀՀ-ում այս ոլորտը շատ-շատ զարգանալու տեղ ունի։ Այդ ուղղությամբ աշխատում է նաև մեր կառավարությունը։ Այս ոլորտում կարևոր փոփոխություն էր ԱՊՊԱ համակարգի ներդրումը, այժմ պետության կողմից միջոցառումներ են ձեռնարկվում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրման համար, որը շուկայի զարգացման ևս մեկ հեռանկար է: Բայց պետք է կրկնեմ, որ ապահովագրական ընկերությունները պետք է ստեղծեն նոր պրոդուկտներ՝ կամավորության հիման վրա վաճառք իրականացնելու համար։ Ապահովագրական ընկերությունը շահույթ հետապնդող  բիզնես է։ Շատ կարևոր է պայմանագիրը վաճառելիս բացատրել, թե ինչ պրոդուկտ է գնել հաճախորդը, որպեսզի պատահար տեղի ունենալու դեպքում վերջինս իմանա իր ակնկալիքների և պարտավորությունների մասին։ Սա  նաև խթան կհանդիսանա զարգացման համար։

–   Սիլ ինշուրանսն ինչպե՞ս է աշխատելու, ունե՞ք նոր ռազմավարություն։

–   Շուկայում առկա են մարտահրավերներ՝ պայմանավորված առաջիկա առողջության պարտադիր ապահովագրության ներդրմամբ, այսինքն՝ ծավալների մեծացմամբ։ Բնականաբար բոլոր ապահովագրական ընկերությունները պետք է պատրաստ լինեն  թե՛ ֆինանսապես, թե՛ աշխատուժով։ Դա պահանջում է լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ։ Մեր ղեկավարությունն ընդունել է որոշում՝ ֆինանսական ռեսուրսները համալրելու, ռազմավարությունն ընդյալնողական է։ Մենք պատրաստ ենք մեծանալ և միջոցառումներ ենք իրականացնում այդ ուղղությամբ։

–   ՍԻԼ ինշուրանսը ծառայություններ մատուցում է հասարակության լայն խավերի համար ապահովագրության մի շարք տեսակներով, այնուամենայնիվ կա՞ շեշտադրում որևէ տեսակի վրա:

–   Եթե ուսումնասիրեք բոլոր ապահովագրական ընկերությունների պորտֆելների կառուցվածքը, և բնականաբար հաշվի առնելով մեր երկրի  ցածր կենսամակարդակը, որը թույլ չի տալիս առաջին անհրաժեշտության ծառայությունների շրջանակում ընդգրկել նաև ապահովագրությունը, կտեսնեք, որ հիմնականում ակտիվ է պարտադիր ապահովագրությունը։ Սակայն մեր ռազմավարությունն ուղղված է նոր կամավոր տեսակների զարգացմանը, քանի որ ապագան կամավոր տեսակներով ապահովագրությանն է։ Այսինքն՝ անձը պիտի գիտակցի, թե ինչ է ապահովագրությունը՝ հետագա իր  ֆինանսական կորստի երաշխիքը։ Եթե մենք լայն խավերում ձևավորենք ապահովագրության մշակույթ, կարծում եմ, այդ ժամանակ հնարավոր կլինի կամավոր տեսակների զարգացումը։

–   Ընկերության գործունեության ծավալը հանրապետությունում համաչա՞փ  է, թե՞ կան, օրինակ մարզեր , որտեղ ապահովագրական ծառայություններից ավելի շատ են օգտվում։

–   Կամավորության տեսանկյունից, եթե Երևանը տարանջատենք, բոլոր մարզերում նույն պատկերն է։ Եթե որևէ մարզում, օրինակ, աշխատում է մեծ գործարան և ապահովագրում  է իր աշխատակիցների առողջությունը, այո, եթե դիտարկենք այդ շրջանի ապահովագրության ծավալները պարզ է մեծ կլինեն ։  Բայց սա անուղղակի պարտադրի ապահովագրության դեպքում։ Ինչպես նշեցի, Կամավոության պարագայում՝ բոլոր մարզերում նույն պատկերն է։ 

–   Ավտոտրանսպորտային ապահովագրության մասին կա ձևավորված կարծիք, որ ապահովագրական ընկերությունները  ռեգրեսսային պահանջի դեպքերում վնասի ռեալ չափից զգալիորեն ավելի շատ են  վճարում տուժողին՝ հետագայում մեղավոր կողմից գումարը վերադարձնելու ակնկալիքով։ Ինչպե՞ս է սա կարգավորվում։

–   Ապահովագրական օրենսդրությունը մշակելիս՝ այդ բոլոր ռիսկերը հաշվի առնվել են։ Այդ իսկ պատճառով, անկախ այն հանգամանքից՝  հետադարձ պահանջ այդ դեպքից ծագելու է, թե ոչ, ապահովագրական ընկերությունը ծանուցում է և մեղավոր, և տուժող կողմերին, որոնք 5 աշխատանքային օրվա ընթացքում  կարող են առարկություններ ներկայացնել՝ առկայության պարագայում։ Այսինքն, եթե մեր հայրենակիցները տեղյակ են իրենց իրավունքներին, իրենք արդեն վնասի գնահատման եզրակացությունը ստանալիս պետք է հասկանան գործն ինչ գումարով է կարգավորվելու։ Եթե ունեն առարկություններ, ապա պետք է օգտվեն իրենց իրավունքից՝ առարկելու, բողոք ներկայացնելու այդ ժամանակ ապահովագրական ընկերությունը լրացուցիչ կուսումնասիրի գործը։ Այսինքն, եթե ուզում են նմանատիպ դեպքերից խուսափել, պետք է իմանան իրենց իրավունքները։ Եթե բաց են թողնում բոլոր ժամկետները, ըստ էության, ապահովագրական ընկերության մեղքը չէ, որովհետև օրենսդրությունն արդեն պաշտպանել է քաղաքացիների շահերը։

Միգուցե ինչ-որ հատուկենտ  օրինակներով նման բաներ եղել են, բայց լուրջ ֆինանսական հոսքերի տեսանկյունից՝ ոչ մի ապահովագրական, ֆինանսական կազմակերպություն նման ոչ գրագետ գործելակերպ չի որդեգրի, քանի որ սուբրոգացիայով, եթե նայեք վիճակագրությունը, ապահովագրական ընկերությունները շատ քիչ գումարներ են հետ բերում, ըստ էության։  Երբ պետք է հետադարձ պահանջի իրավունք կիրառես, այդ գումարը ստանալը կարող է տևել  շուրջ 2 տարի։ 2 տարվա ընթացքում այսօրվա գործող շուկայական տոկոսադրույքով կարելի է լրացուցիչ տոկոսային եկամուտ ստանալ այդ գումարները տարբեր ֆինանսական գործիքներում ներդնելով: Նման քաղաքականաության իմաստը բացակայում է. Այն էլ ներկայիս ուղիղի հատուցումների համակարգի պարագայում: Դա ձեռագիր չէ ոչ մի ապահովագրական ընկերության համար։

–      Խոսենք առողջության պարտադիր ապահովագրության մասին։ Որքանո՞վ է այն անհրաժեշտ, և  որո՞նք են հիմնական խնդիրները:

–      Մեր կառավարությունը որոշում է ընդունել, որ սոցիալական խնդիրը, որը կանգնած է յուրաքանչյուր երկրի կառավարության  առջև պետք է լուծվի ապահովագրական ընկերությունների միջնորդությամբ։ Դա ունի իր դրական կողմերը նախ, եթե կա միջնորդ օղակ, որն իր սպասարկման որակով պետք է երաշխավոր լինի հաճախորդի առողջությունը հավուր պատշաճի  վերականգնելու, ձևավորում է  նաև լրացուցիչ վերահսկողական գործիք բուժհաստատությունների իրականացրած ծառայությունների որակի  նկատմամբ։ Այսինք, եթե բուժհաստատությունն իր պարտականությունը վատ է կատարել, հաճախորդի մոտ կարող է առաջանալ դժգոհություն նաև ապահովագրական ընկերության նկատմամբ։ Ուստի ապահովագրական ընկերությունն ավելի շահագրգռված է  պահանջել բուժհաստատությանից այդ ծառայություններն իրականացնել պատշաճ մակարդակով։ Բայց պարտադիրի անցնելու համար անհրաժեշտ է նաև ինֆրաստրուկտուրաների առկայությունը։ Այս պարագայում  պետք է բուժհաստատությւոններն ամբողջովին պատրաստ լինեն այդ ծավալներին, որովհետև դիմելիությունը բուժհաստատություններին էականորեն մեծանալու է, քանի որ քաղաքացին ֆինանսական խնդիր չի ունենա բժշկին դիմելու համար։ Ապահովագրական ընկերությունը չի ուղարկի իր հաճախորդին անյպիսի  բուժհաստատություն, ուր որակն ապահովված չի լինի։

–      Ապահովագրական ընկերությունների համար ՀՀ օրենսդրությունը <<հարմարավե՞տ>> է։

–      Ապահովագրական ընկերություններն ու բանկերն այն ֆինանսական ընկերություններն են, որոնք միջոցներ են ներգրավում հասարակությունից։ Այս պարագայում, որքան խիստ է օրենսդրությունը, նորմատիվային դաշտը, այնքան  հասարակության շահերի պաշտպանությունն է կարևորված։ Բավարարում ես՝ աշխատում ես, չես բավարարում՝ ոչ։ Սա առանձնահատուկ ոլորտ է, այս կազմակերպությունների միջոցով շատ լուրջ խնդիրներ են լուծվում տարբեր երկրներում։ Ուստի, այո, խիստ օրենսդրություն է, բայց դա է  կայուն ապահովագրական համակարգ ունենալու երաշխիքը։