Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բացառիկ միջոցներ է ձեռնարկում

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ձեռնարկում է մի շարք բացառիկ միջոցներ՝ կորոնավիրուսի համաշխարհային համաճարակին դիմակայելու համար՝ հաշվի առնելով Ֆրանսիայի իշխանությունների և Եվրախորհրդի վերջին որոշումները:

Դատարանը կշարունակի իրականացնել հիմնական գործողությունները, և, հատկապես, առաջնահերթ գործերի քննությունը: Այդ նպատակով, որպես ընդհանուր կանոն, դատարանի ներսում կկիրառվի հեռահաղորդակցության համակարգ՝ իր խնդիրների շարունակականության ապահովման համար: Ընթացակարգերն ընդունվել են դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցառումների հրատապ պահանջները քննելու համար: Այս Կանոնը կիրառվում է այն դեպքում, երբ առկա է ծանր և անդառնալի վնասի պատճառման հիմնավոր ռիսկ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի տարածքը այլևս հասանելի չի լինի հանրությանը, մարտ և ապրիլ ամիսներին նշանակված դատական նիստերը չեղյալ են հայտարարվում՝ մինչև հետագա որոշումների կայացումը: Հայտերի ներկայացման վեցամսյա ժամկետը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 35-րդ հոդվածի համաձայն, բացառապես դադարեցվում է մեկամսյա ժամկետով՝ սկսած 2020 թվականի մարտի 16-ից: Սկսած մարտի 16-ից տարբեր գործերով ընթացող դատավարությունների ժամկետները կդադարեցվեն մեկ ամսով։ 

Աշխատանքային այս նոր մեխանիզմները մշտապես կվերանայվեն՝ կախված սանիտարական իրավիճակի զարգացումից։ Կիրականացվեն բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի Դատարանի գործունեությունը շարունակվի՝ սահմանված կանոններին համապատասխան:

Մեկնաբանություններ