ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահամանել Իրանի դեմ և կոչ է արել Իսլամական Հանրապետությանը ազատ արձակել կալանավորված ամերիկացիներին։

Իրանը դիտարկում է ԱՄՆ մի քանի քաղաքացիներին ազատելու հնարավորությունը, մամուլի ասուլիսում հայտնել է պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հասկացնելով, որ Վաշինգտոնը կշարունակի առավելագույն ճնշումների իր քաղաքականությունը, որպեսզի Իրանին զրկի նավթ արտահանելու հնարավորությունից։

Նա հայտնել է, որ պետքարտուղարությունը «սև ցուցակի» մեջ է ընդգրկել Հարավային Աֆրիկայում, Հոնկոնգում և Չինաստանում գտնվող ինը հաստատությունների, ինչպես նաև իրանցի մասնավոր անձանց՝ իրանական նավթաքիմիական ապրանքների առևտրի «զգալի գործարքների համար»։

Բացի այդ, ԱՄՆ առևտրի նախարարությունը հայտարարել է, որ «սև ցուցակում» կավելացնի վեց մարդու, այդ թվում՝ հինգ իրանցի միջուկագետ-գիտնականների, 18 ընկերությունների՝ Իրանի միջուկային ծրագրին, Պակիստանի չպաշտպանված միջուկային և հրթիռային ծրագրերին և ռուսական ռազմական արդիականացման ջանքերին օգնելու համար։

Առևտրի նախարարությունը հայտարարել է, որ ընկերություններից մեկը Իրանում է, երկուսը՝ Չինաստանում, ինը՝ Պակիստանում և հինգը՝ ԱՄԷ-ում, սակայն չի նշել դրանց անվանումները։ ԱՄՆ-ն կսահմանափակի որոշակի ապրանքների արտահանումը նրանց համար։