Այսօր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստը: Տեխնիկական խնդիրների պատճառով նիստն սկսվեց 25 րոպե ուշացումով:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ գործում ներգրավվել է դատախազ Վիգեն Հարությունյանը: Դահլիճ հրավիրվեց գործով վկա Հովիկ Հովհաննսիյանը, որն իր ցուցմունքում նշեց, որ ճանաչում է բոլոր ամբաստանյալներին, ինչպես նաև` ճանաչել է Հայկազ Բարսեղյանին, և բոլորի հետ էլ ունեցել է սովորական հարաբերություններ: Նրա խոսքերով բոլոր տղաներն էլ եղել են կարգապահ, բայց երբեմն եղել են որոշ վիճաբանություններ:
Խոսելով հունվարի 28-ին տեղի ունեցած դեպքի մասին, վկան հայտնեց, որ այդ գիշեր արթնացել է դաս սովորելու նպատակով, որի ժամաակ իր հետ են եղել ամբաստանյալ Նորիկ Սահակյանը և Արթուր Կարապետյանը: «Չեմ հիշում, թե կոնկրետ ժամը քանիսին եմ վեր կացել, բայց պետք է որ 12-ից հետո լինի, քանի որ այդ ժամանակ ենք դաս սովորում»,-ասաց նա: Վկայի խոսքերով ինքը միջանցքում տղաների հետ մնացել է մոտավորապես 2-3 ժամ, որի ընթացքում եղել են դեպքեր, երբ առանձնացել են` գնացել են սուրճ խմելու կամ լոգարան:
Վկան նաև պատմեց, որ այդ գիշեր` դասերը սովորելուց հետո, ինքը գնացել է լոգարան, սուրճի բաժակաները լվանալուց հետո դուրս է եկել և մի քանի քայլ է արել, որպեսզի գնա ննջասենյակ` միջանցքում տեսել է Գնելին, Վաչեին, Նորիկին, Մովսեսին և Հայկազին: «Հայկազն ընկած էր Գնելի ու Վաչեի ուսին, և նրանք իջնում էին աստիճաններով իսկ Նորիկն ու Մովսեսը նրանց ետևում էին` մի քանի մետր հեռավորության վրա»,- ցուցմունքում նշեց վկան: Պատասխանելով մեղադրող կողմի հարցերին վկան հայտնեց, որ չի հիշում Հայկազի աչքերը բաց էին, թե ոչ. «Հագին զինվորական համազգեստ էր իսկ գլխին սպորտային գլխարկ»:
Վկայի խոսքերով դրանից հետո նա գնացել է ննջասենյակ, որտեղ եղել է Արթուր Կարապետյանը, վերջինս էլ հարցրել է` Նորիկը «պառկել է, թե չէ» իսկ ինքը պատասխանել է, որ «իջել են ներքև», որից հետո տղաներին տեսել է միայն հաջորդ օրը իսկ , թե տղաները, երբ են վերև բարձրացել ինքը չի տեսել:
«Արթնանալուց հետո հայտնեցին, որ Հայկազը սենյակում չէ իսկ տեղերը արյունոտ են, դրանից հետո ձայներ լսեցինք ֆիզգառադոկից, գնացինք և տեսանք Հայկազին կախված: Մի քանի օր անց սպայական կազմից լսեցինք, որ դեպքը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն»,-պատմեց նա:
Վկայի ցուցմունքը լսելուց հետո մեղադրող դատախազը միջնորդություն ներկայացրեց հրապարակել վկայի նախաքննական ցուցմունքները, քանի որ ցուցմունքներում կան հակասություններ: Դատավորը բավարարեց միջնորդությունը և հայտարարեց 15 րոպե ընդմիջում:
Նախքան նիստերի դահլիճ գնալը դրսում վիճաբանություն սկսվեց տուժողի իրավահաջորդի և ամբաստանյալ Նորիկ Սահակյանի ծնողի միջև, վերջիններս սկսեցին հայհոյել և անիծել իրար:
Դատական նիստն սկսվելուց հետո Հայկազի հայրը` Արկադի Բարսեղյանը, դատարանին հայտնեց, որ Նորիկի մայրը փորձում էր վկայի վրա ճնշում գործադրել, ինքն ընդամենը ասել է «ճնշում մի գործադրեք», որից հետո կինը սկսել է հայհոյել և տեղի է ունեցել ընդհարում: Այդ պահին Հայկազի տատիկը սկսեց անիծել ամբաստանյալներին, ինչի պատճառով դատավորը նրան հեռացրեց նիստերի դահլիճ:
Պատասխանելով դատավորի հարցերին վկան հայտնեց, որ իր նկատմամբ սպառնալիք չի եղել, պարզապես կինը մոտեցել է իրեն և փորձել է ինչ-որ բան ասել, սակայն չի հասցրել, քանի որ ոստիկանները հեռացրել են նրան:
Վկայի նախաքննական ցուցմունքը հրապարակելուց հետո նա հայտնեց, որ հակասությունները կապված են հիշողության հետ իսկ ձեռագիրն ու ստորագությունն իրենն են:
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին:
Հիշեցնենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:
Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին:
Նյութը` Ելենա Արամյանի