ՄԱԿ-ը նշում է Բնակչության համաշխարհային օրը

Հուլիսի 11-ին ՄԱԿ-ը նշում է երկրագնդի Բնակչության համաշխարհային օրը:

1989 թվականին ՄԱԿ-ն իր 89/46 որոշմամբ հռչակել է հուլիսի 11-ը Բնակչության համաշխարհային օր։ Օրվա նպատակն է՝ մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, աղքատության կրճատումը և առողջ ու երջանիկ ընտանիքների և հասարակության ձևավորումը: Բնակչության համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կոչ է արել բոլոր անդամ պետություններին համամոլորակային հիմնախնդիրների համատեքստում համաշխարհային բնակչության խնդիրներն ավելի լավ հասկանալու և շրջակա միջավայրի հետ նրանց  փոխհարաբերությունները զարգացնելու համար միջոցառումներ իրականացնել։ Առաջին անգամ այս օրը նշվել է 1990 թվականի հուլիսի 11-ին՝ ավելի քան 90 երկրներում: Այս տարի օրվա խորհուրդն է՝ «Ընտանիքի պլանավորումը մարդու իրավունքներից մեկն է» կարգախոսը։

Մոտ 225 միլիոն կանայք ամբողջ աշխարհում ընդհատում են հղիությունը։ Այս և ուրիշ շատ խնդիրներ պայմանավորված են տեղեկատվության մատչելիության և ընտանիքներում ու համայնքներում կանանց նկատմամբ աջակցության բացակայությամբ։

Բնակչության համաշխարհային օրվա նախօրեին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տնօրենը նշել է, որ ընտանիքի պլանավորման ծառայությունների վերաբերյալ իրազեկվածության և տեղեկատվության մատչելիությունը մարդու իրավունքներից մեկն է։ Իր ելույթի ժամանակ նա նաև հավելել է, որ ընտանիքի պլանավորման նպատակով իրականացվող ներդրումները նպաստում են երկրների տնտեսական աճի բարձրացմանը և զարգացմանը:

 1968 թվականին ՄԱԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցած Մարդու իրավունքների մասին միջազգային կոնֆերանսին առաջին անգամ ընտանիքի պլանավորումը հայտարարվել է մարդու անքակտելի իրավունք։ Մինչ այդ Թեհրանում տեղի ունեցած կոնֆերանսի եզրափակիչ ակտում նշվել է, որ ծնողներն ունեն անբաժանելի իրավունք՝ ազատ և պատասխանատու կերպով որոշելու իրենց ընտանիքում երեխաների թիվը և նրանց միջև տարիքային տարբերությունը։ Այդ իրավական փաստաթղթում ամրագրված է նաև, որ կանայք և աղջիկները սեփական առողջությունը պաշտպանելու համար իրավունք ունեն պլանավորել հղիությունների քանակը և դրանց հաճախականությունը։

Բնակչության համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը զեկույց է պատրաստել՝ «Ընտանիքի պլանավորումը մարդու իրավունքներից մեկն է» թեմայի վերաբերյալ։ Զեկույցի մեջ ներկայացված են նաև ընտանիքի պլանավորման 8 սկզբունքները՝

1․խտրականության արգելում․ անկախ ռասայից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական հայացքներից, ազգային ծագումից, տարիքից, տնտեսական կարգավիճակից, բնակության վայրից, առողջական վիճակից, ընտանեկան դրությունից և սեռական կողմնորոշումից բոլորն ունեն տեղեկատվության մատչելիության իրավունք և ընտանիքի պլանավորման ծառայություններից ազատ և հավասար օգտվելու իրավունք․

2․ մատչելիության իրավունք. պետությունները պետք է ապահովեն բոլոր քաղաքացիների համար ընտանիքի պլանավորման ծառայություններից օգտվելու իրավունքը․

3․էթիկա. հակաբեղմնավորման մասին ծառայություններն ու տեղեկատվությունը պետք է տրամադրվեն էթիկայի սկզբունքներին և նորմերին համապատասխան․

4․ բարձր որակի ապահովում․ ընտանիքի պլանավորման մասին ճշգրիտ և հստակ տեղեկատվության տարածման համակարգի ապահովում․

5․ կամավոր կերպով որոշումներ կայացնելու իրավունք․ յուրաքանչյուր ոք պետք է ունենա առանց հարկադրանքի վերարտադրողական որոշումներ կայացնելու լիարժեք ինքնավարություն․

6․ գաղտնիություն. ընտանիքի պլանավորման մասին տեղեկատվություն փնտրելու և ծառայություններից օգտվելու ժամանակ այդ գործընթացի գաղտնիությունը ապահովելու իրավունք և անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք․

7․մասնակցություն․ պետությունները պարտավոր են ապահովել մարդկանց ակտիվ և տեղեկացված մասնակցությունը՝ նրանց կյանքի վրա ազդող բոլոր հարցերի շուրջ որոշումների կայացման գործընթացում․

  1. հաշվետվություն․ առողջապահական համակարգերի արդյունավետ աշխատանքի ապահովում և կրթության ապահովում։