«Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխախատանքների ժամանակ 3 հրշեջ-փրկարար է ծխահարվել

Ելնելով «Նաիրիտ» գործարանի տարածքում այրվող քիմիական նյութի քանակից և քիմիական հատկություններից՝ մասնագետները նշում են, որ հրդեհի մարումը տևական ժամանակ է պահանջելու: Հրդեհը տեղայնացվել է և կանխվել դրա տարածումը գործարանի տարածքում:

ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ ժամը 18.30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:

Նախնական տվյալներով հրդեհի վայրում այրվում է էթինոլ (լաք) նյութը. դեպքի վայրից հաղորդում են, որ այրվող նյութից վտանգավոր արտանետումներ չկան, բնակչությանը վտանգ չի սպառնում:

Ժամը 16:15-ի դրությամբ գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են, որոնց ժամանակ ծխահարվել են երեք հրշեջ-փրկարար. նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ և ստանալով համապատասխան բուժօգնություն՝ նորից վերադարձել են հրդեհի վայր և ներկայումս շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին:

Իրականացվում են նաև հրդեհին հարակից տարրաների հովացման աշխատանքներ: Գործարանի մոտակա տարածքից բնակիչների տարհանում կազմակերպելու անհրաժեշտություն չկա, քանի որ մարդկանց վտանգ չի սպառնում:

Պարզվել է, որ Նաիրիտ 1-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարրայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվում է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցում են 109 փրկարար ծառայող: