Հայաստանյան պատվիրակությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության, Տարածքային նախարարության, Գյումրու և Աշտարակի զբաղվածության տարածքային կենտրոնների, Հայկական Կարիտաս կազմակերպության և iMigrantArmenia.EU նախագծի ներկայացուցիչները 2018թ. մայիսի 21-25-ը աշխատանքային այցով գտնվել են Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում։
Այցելության ընթացքում պատվիրակության անդամները հանդիպումներ են ունեցել Մոլդովայի հանրապետության զբաղվածության գործակալության գրասենյակի, Մոլդովայի սփյուռքի հետ կապերի բյուրոյի, փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման կազմակերպության, աշխատանքի միջազգային կազմակերպության Մոլդովայի ներկայացուցչության, գործատուների կոնֆեդերացիայի, Մոլդովայի արհմիությունների կոնֆեդերացիայի, Մոլդովայի հանրապետության առողջապահության, աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում պատվիրակության անդամներին ներկայացվել է աշխատանքային միգրացիայի բնագավառում մոլդովացի գործընկերների փորձը: Որպես արտերկրում գտնվող մեծաթիվ աշխատանքային միգրանտներ ունեցող երկիր՝ Մոլդովան ժամանակի ընթացքում ձևավորել է մի շարք գործիքներ՝ տարբեր ծրագրերի շրջանակներում աշխատանքային միգրանտների հայրենադարձությանը նպաստելու և նրանց օժանդակելու, ինչպես նաև աշխատանքային միգրանտների համար այլ երկրներում բարեկեցիկ պայմաններ ապահովելու հարցերում։
Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին ներկայացրել են Հայաստանի Հանրապետության փորձն ու իրականացված աշխատանքները։ ՀՀ Զբաղվածության պետական ծառայության պետ Արտակ Մանգասարյանը նշել է, որ հայկական պատվիրակության այցը Մոլդովա նպատակ ունի ամրապնդելու երկկողմ հարաբերությունները և քննարկելու հետագա համագործակցության հնարավորությունները` փոխանակելով տեղեկատվություն և փորձ` լուծելու երկու երկրներում առկա զբաղվածության խնդիրները:
Երկկողմ քննարկումների արդյունքում ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունն ու անհրաժեշտությունը, աշխատանքային միգրացիայի ոլորտում երկու երկրների ունեցած նմանություններն ու փորձի փոխադարձ կիրառման հնարավորությունը։
Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա սերտ համագործակցության և նոր համատեղ ծրագրերի վերաբերյալ։
Այցը կազմակերպվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և Շվեդիայի զբաղվածության գործակալության կողմից իրականացվող «Զբաղվածության և ինքնազբաղվածության ներկայիս և նախատեսվող ծրագրերի հզորացում. Զբաղվածության պետական գործակալության Միգրացիոն ռեսուրս կենտրոնների և տարածքային կենտրոնների արժեշղթայի կայուն կառավարման համակարգի միջոցով» նախագծի շրջանակներում: