Քուվեյդարնն ընդդեմ Թուրքիայի

Գործը վերաբերում է ոստիկանական բաժանմունքում վատ վերաբերմունքի ենթարկվելուն և հարուցված քրեական գործի ոչ արդարացի լինելուն։

2001 թվականին քննիչների կողմից խուզարկվել է Դիմումատուի բնակարանը, քանի որ վերջինս կասկածվում էր կազմակերպված հանցագործություն կատարելու մեջ։ Քննիչները Դիմումատուի տանը կիսաավտոմատ զենք են հայտնաբերել և անմիջապես ձերբակալել են նրան։ Ոստիկանական բաժանմունքում  Դիմումատուն մի քանի դեպքերի կապակցությամբ հետազոտվել է 5 տարբեր բժիշկների կողմից։ Բժշկական որևէ եզրակացության մեջ չի նշվել Դիմումատուի մարմնի վրա հայտնաբերված որևէ վնասվածքի վերաբերյալ։ Ոստիկանական բաժանմունքում Դիմումատուն խոստովանել է, որ գումար ստանալու համար սպառնացել է ոմն Ի.Յ-ին և նրա որդուն։ Հետագայում դատախազությունում հարցաքննվելիս Դիմումատուն հաստատել է իր խոստովանությունների մեծ մասը, սակայն չի ընդունել կազմակերպված հանցագործությանն իր մասնակցության և Ի․Յ․-ին սպառնալու փաստը։

Հետագայում, դատավարության ընթացքում Դիմումատուն հերքել է ոստիկանությունում և դատախազությունում հարցաքննվելիս կատարած հայտարարությունները՝ պնդելով, որ ինքը ոստիկանական բաժանմունքում ենթարկվել է վատ վերաբերմունքի։ Երրորդ և վերջին դատական նիստից առաջ Դիմումատուն պահանջել է, որ մեղադրական եզրակացության և դատախազի գրավոր հետազոտության մեջ նշված երկու վկաները դատարանում հանդես գան պաշտպանության կողմում։ Ստամբուլի դատարանը մերժել է նրա պահանջը՝ գտնելով, որ վկաների ցուցմունքը չի կարող ազդել գործի ելքի վրա։ Դատարանը ճանաչել է նրան մեղավոր՝ հիմնվելով ապացույցների ընդհանուր գնահատման վրա։ Նշված որոշումը հաստատում է նաև Վճռաբեկ դատարանը։

Այս գործով Եվրոպական դատարանը հաստատեց, որ մեղադրանքի և պաշտպանության միջև հավասարությունը պետք է գերիշխի դատավարության ընթացքում։ Գործի հանգամանքները պահանջում են, որ Դիմումատուն պետք է իր ցանկությամբ մեկ կամ ավելի վկաների հարցաքննելու հնարավորություն ունենա: Դատարանը արձանագրեց, որ պաշտպանություն իրականացնելու իրավունքը խոչընդոտող հանգամանքներն այնպիսին էին, որ հնարավոր չէ պնդել, որ պահպանվել է Դիմումատուի արդար դատաքննության իրավունքը։

Այսպիսով՝ Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին և 3-րդ կետերի (Արդար դատաքննության, դատական նիստին ներկա գտնվելու և վկաների հարցաքննություն իրավունք) խախտում։