Կայացավ ՀՀ կառավարության հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերում էր պետական գույքի վարձակալության տրամադրման կարգի վերանայման անհրաժեշտությանը: Վարչապետը նշել է, որ կառավարության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ պետական հիմնարկներին հանձնված գույքի վարձակալության տրամադրման կարգի և դրա գործնականում կիրառման վերաբերյալ:

 

«Գրանցվել են դեպքեր, երբ գույքի փաստացի նվազագույն արժեքից ակնհայտորեն ավելի նվազ վարձավճարի գին է սահմանվել կամ, երբ վարձակալության հանձնված գույքը ավելի բարձր վարձակալության գնով հանձնվել է ենթավարձակալության: Առկա են նաև խնդիրներ համապատասխան գույքի վերաբերյալ ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման հսկողության մասով: Այս իրավիճակը պայմանավորված է և՛ 2001 թվականին ընդունված կարգի վերանայման անհրաժեշտությամբ, և՛ կադաստրային արժեքի, շուկայական արժեքի գործնականում առկա անհամաչափություններով, ինչպես նաև ներդրումային ծրագրերի նկատմամբ ոչ լիարժեք հսկողական մեխանիզմների առկայությամբ», – նշել է վարչապետը:
Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետին և անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է մեկամսյա ժամկետում քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել պետական հիմնարկներին հանձնված գույքի՝ վարձակալության տրամադրման կարգի վերանայման վերաբերյալ առաջարկություններ, մասնավորապես անդրադառնալով վարձավճարի հաշվարկման բանաձևին, հսկողական մեխանիզմների կատարելագործման, կադաստրային արժեքի և շուկայական արժեքի անհամաչափություններին, միաժամանակ ուսումնասիրելով նման գույքի ենթավարձակալության տրամադրման արգելքի սահմանման հնարավորությանը։

 

Գյուղատնտեսության ոլորտի զարգացման նպատակով կառավարությունը նախատեսում է տրամադրել ժամանակավոր մաքսային արտոնություններ 

Կառավարությունից տեղեկացնում են, որ երկրորդ հանձնարարականով Կարեն Կարապետյանն անդրադարձել է գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ժամանակավոր մաքսային արտոնությունների հնարավորությանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ գյուղատնտեսության զարգացմանն ուղղված պետական աջակցությամբ ծրագրերի իրականցման ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի, կարկտապաշտպան ցանցերի, կաթիլայի ոռոգման համակարգի տեղադրման, ինչպես նաև ինտենսիվ այգիների հիմնման և կայացման անհրաժեշտ սարքավորումների ներմուծման համար առկա մաքսային վճարները գյուղատնտեսությամբ զբաղվողների համար առաջացնում են լրացուցիչ ֆինանսական բեռ: «Հաշվի առնելով այն, որ տեղական արտադրողները դեռևս ամբողջությամբ չեն բավարարում շուկայի պահանջները՝ անհրաժեշտ են նշված ոլորտի համար նախատեսված ապրանքների ներմուծման ժամանակավոր խրախուսման մեխանիզմներ», – ասել է վարչապետը:
Ելնելով վերոնշյալից՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Գյուղատնտեսության, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել և կառավարության աշխատակազմ ներկայացնել գյուղատնտեսության ոլորտի բարեփոխմանն ուղղված պետական աջակցության ծրագրերի շրջանակներում անհրաժեշտ ապրանքների ներմուծման մաքսային վճարների ժամանակավոր արտոնություններ սահմանելու և տեղական արտադրողներին աջակցելուն ուղղված առաջարկություններ:

«Հայաստանի ներդրողների ակումբ»-ը կիրականացնի «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագիրը

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության, «Դեբեդ Հիդրո» ՍՊԸ-ի և «Հայաստանի ներդրողների ակումբ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդի միջև կնքվող` Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև 2017թ. ապրիլի 13-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Վերջինս, առաջնորդվելով հուշագրի դրույթներով դիմել է ՀՀ կառավարությանը՝ ծրագիրն իրականացնելու առաջարկով և դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ներգրավելու նախաձեռնությամբ:
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ որոշման ընդունումը բխում է կառավարության ծրագրից, որի նպատակն է հասնել մեր երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: «Հայտնի է, որ Դեբեդ և Արաքս գետերի ջրային ռեսուրսները մնում են թերօգտագործված, այս ներդրումային ծրագիրը նպատակ ունի մասամբ լրացնել այդ բացը: Ծրագիրը կիրականացվի պետություն-մասնավոր համագործակցության շրջանակում: Այն «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի առաջին խոշոր ծրագիրն է, որը քննարկվել է ֆոնդի ստեղծման առաջին իսկ օրվանից՝ բավականին մանրակրկիտ»,- նշել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ ծրագիրը համապատասխանում է բնապահպանական կազմակերպություններին ներկայացվող չափորոշիչներին: Ծրագրի շրջանակում ներդրումային ֆոնդը համագործակցելու է արևմտյան մասնագիտացված ընկերությունների հետ: Ծրագրի ներդրումային արժեքը գնահատվում է 150-180 մլն դոլար, սակայն այն կարող է լրացուցիչ ճշգրտվել: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խոսքով՝ ՀԷԿ-ն իրենից կներկայացնի ժամանակակից բարդ ինժեներական կառույց, այն հագեցած կլինի ժամանակակից սարքավորումներով և բնապահպանական տեսանկյունից հնարավորինս անվտանգ: ՀԷԿ-ը կարտադրի էլեկտրաէներգիայի մեր երկրի ներքին սպառման հինգ տոկոսը: Այս ՀԷԿ-ի կառուցման և արդեն իսկ տրված լիցենզիաների շրջանակում փոքր ՀԷԿ-երի կառուցման արդյունքում մեր երկրի ներքին ռեսուրսներով արտադրվող էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը կմոտենա 50 տոկոսի: Ըստ Աշոտ Մանուկյանի՝ 10 տարի առաջ նույն ցուցանիշը հասնում էր 18-20 տոկոսի: Ծրագրի վերաբերյալ ստացվել է 500-ից ավելի դիտողություն և առաջարկություն, որոնց հիմնական մասն ընդունվել է: Նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: Կառուցապատողը պարտավորվում է կառուցել ՀԷԿ-ը: Կայանի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից տարեկան 500 մլն կՎտժ էլեկտրաէներգիայի գնում:
Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ ներկայացվել է լավ և հեռանկարային ծրագիր:

Կառավարությունը քայլեր է ձեռնարկում մինչև 2036 թվականն էլեկտրաէներգիայի գործող սակագները պահպանելու ուղղությամբ 

Վարչապետ Կարեն Կարապետյանն Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանից հետաքրքրվել է, թե երբ է ներկայացվելու ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ՝ մինչև 2036 թվականը զարգացման ծրագիրը: Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ այն արդեն մեկ անգամ ներկայացրել են կառավարություն և ստացել որոշ դիտողություններ, այդ թվում՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից: «Աշխատել ենք հանձնաժողովի պատասխանատուների հետ, դիտողությունները հիմնականում ընդունվել են: Ամենայն հավանականությամբ, կմշակվի լրացուցիչ ևս մեկ նորմատիվային ակտ, որը կկանոնակարգի փոքր ՀԷԿ-երի բաժինը: Այն մենք ներառել էինք մինչև 2036 թվականը էներգետիկ համակարգի զարգացման ծրագրում, սակայն այն ծրագրից կհանվի և, ամենայն հավանականությամբ, առանձին նորմատիվային ակտով կհաստատվի: Սա էր հիմնական խնդիրը: Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք: Փոխվարչապետի և ֆինանսների նախարարության հետ այժմ քննարկում ենք կայունացման հիմնադրամի ստեղծումը, որը մեզ հնարավորություն կտա մինչև 2036 թվականը սակագները պահպանել գործող մակարդակի վրա: Դա բավականին ամբիցիոզ ծրագիր ու գաղափար է: Դրա համար այժմ փորձում ենք գտնել միջոցներ, որպեսզի կայունացնենք այն հիմնադրամը, որը մեզ ոչ միայն հնարավորություն, այլև վստահություն կտա հայտարարել, որ առաջիկա 1.5 տասնամյակում գոնե սակագների վրա էական ազդեցություն չի լինելու, բացառելու ենք նաև արտաքին ազդեցությունները», – ասել է Աշոտ Մանուկյանը՝ ընդգծելով, որ մինչև սեպտեմբեր էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը կներկայացնեն կառավարության քննարկմանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հայեցակարգում պետք է դիտարկել մեր երկրի ողջ հիդրոներուժը, արևի և քամու էներգիայի արտադրության պոտենցիալը, ինչպես նաև Մեղրիի ՀԷԿ-ի ուղղությամբ հետագա քայլերը: «Պետք է հասկանանք, թե էներգետիկ անվտանգության տեսակետից ինչ կարելի է անել», – ընդգծել է Կարեն Կարապետյանը:


Առողջապահության ոլորտում հերթական օտպիմալացման արդյունքում կտնտեսվի 200 մլն դրամ

Առողջապահության ոլորտում ընթացող բարեփոխումների և իրավական դաշտի ներդաշնակեցմամբ պայմանավորված գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Առավել որակյալ և մատչելի բուժսպասարկում ապահովելու համար ուսումնասիրվել է «Աշտարակի բժշկական կենտրոն», «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ի և «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությունը: Ուսումնասիրությունից պարզվել է, որ «Աշտարակի բժշկական կենտրոն» և «Ծաղկահովիտի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են, «Ուշիի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՀՈԱԿ-ում նվազել է կցագրված բնակչության թիվը, իսկ «Մեծ Պարնիի առողջության կենտրոն» ՊՈԱԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական և ընդհանուր ստացիոնար բաժանմունքները թերծանրաբեռնված են և արդիական է դարձել այդ բաժանմունքների հետագա գործունեության նպատակահարմարության խնդիրը:
Ընդունված որոշմամբ օպտիմալացման գործընթացի արդյունքում կտնտեսվի շուրջ 200 մլն դրամ, ինչպես նաև կբարելավվի առողջապահական կազմակերպությունների ֆինանսական վիճակը: Ակնկալվում է, որ ընդունված որոշումը հնարավորություն կտա նշված առողջապահական ընկերություններում ապահովել առողջապահական և ֆինանսատնտեսական ցուցանիշների բարելավում, տարածքի բնակչությանը մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարձրացում:

Լուսանկարը՝ www.gov.am-ի