«Խոսրովի անտառում բռնկված հրդեհի պատճառով հիմնականում տուժել են սողուններն ու միջատները». բնապահպան

Խոսրովի արգելոցը վերականգնելու համար անհրաժեշտ կլինեն տասնյակ տարիներ, այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքերով հրդեհի պատճառով տուժել են շատ կենդանիներ, որոնցից շատերը նույնսիկ գրանցված են կարմիր գրքում, սակայն ամենամեծ

վնասը կրել են ոչ թե թռչուններն ու մեծ գիշատիչները, այլ հիմնականում տուժել են սողուններն ու միջատները, որոնց թիվը հասնում է հարյուրների:

«Թռչուններն և խոշոր կենդանիները կարողանում են արագ հեռանալ տարածքից, բայց փոքր կենդանիները չեն էլ կարողացել փախչել»,- ասաց նա:

Անդրադառնալով հրդեհների առաջացման պատճառներին տիկին Ադամյանը նշեց, որ նմանատիպ խոշոր հրդեհներ տեղի են ունենում ամբողջ աշխարհում իսկ պատճառներից մեկը կլիմայական փոփոխությունն է: «Շոգի պայմաններում հրդեհը միանգամայն կանխատեսելի է: Հիդրոմետ կայանը պարբերաբար զգուշացնում էր, որ  ջերմաստիճանը շատ բարձր է լինելու և ԱԻՆ-ը պիտի պատրաստ լիներ նման բանի»,- ասաց նա:

Ըստ բնապահպանի հրդեհի առաջացման համար կան նաև այլ պատճառներ, որոնցից են` երկրի լանդշաֆտի փոփոխությունը և ծառերի հատումը:

Բնապահպանը նաև իր մտահոգությունը հայտնեց հրդեհը հանգցնելու համար  բավարար տեխնիկա չունենալու վերաբերյալ, քանի որ ԱԻՆ-ի տեխնիկան բավարար չէր հրդեհի դեմն առնելու համար և առանց ռուսական կողմի օգնության չէր հաջողվի հրդեհը մարել:

«Պարզվեց, որ մենք ավիացոն տեխնիկա չունենք, նույնիսկ Ադրբեջանը նման տեխնիկա ունի: Երկրի անվտանգության համար պետք չէ գումար խնայել: Սա միայն բնապահպանական խնդիր չէ, այլ նաև երկրի անվտանգության»,- ասաց նա: Բնապահպանը նշեց, որ իր տեղեկություններով հողի փոխարեն ինքնաթիռը բաց է թողել ցեմենտի պարկեր, որը անթույլատելի է:

Վերջում նա հավելեց, որ բնապահպաններն անըդհատ զգուշացրել են ջերմաստիճանի բարձրացման, խոնավության պակասի, անտառները չհատելու մասին, սակայն  միևնույն է կառավարության կողմից համապատասխան քայլեր չեն կատարվել, որոնք կմեղմացնեին իրավիճակը:

Հիշեցնենք, որ մի քանի օր է ինչ փրկարարներին չի հաջողվում ամբողջովին մարել Խոսրովի անտառում բռնկված հրդեհը, ինչի պատճառով ռուսական կողմը տրամադրել է ինքնաթիռ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար: ԱԻՆ-ի տեղեկություններով «ԻԼ-76» հատուկ նշանակության ինքնաթիռն արգելոցի տարածքում  արդեն կատարել է 12 թռիչք:

Ելենա Արամյան