Թուրքիայում սաուդցի լրագրող է անհետացել․ ՄԱԿ-ն անհանգստացած է

ՄԱԿ-ն իր անհանգստությունն է հայտնել՝ Թուրքիայում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման կապակցությամբ։ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը դիմել է Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ անկախ հետաքննություն իրականացնելու պահանջով։ Այս տարվա հոկտեմբերի 2-ին սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին մուտք է գործել Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան և անհետացել է։ Նա Սաուդյան Արաբիայի ամենահայտնի և ազդեցիկ լրագրողներից մեկն է և 2017 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Հայրենիքում նա հետևել է թագաժառանգի գործունեությանը և քննադատել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին: Բացի այդ, լրագրողը բազմիցս մեղադրել է Սաուդյան Արաբիայի իշխանություններին՝ ընդդիմության ներկայացուցիչներին ճնշելու և հետապնդելու մեջ: Վերջերս 59-ամյա լրագրողը համագործակցել է նաև ամերիկյան The Washington Post օրաթերթի հետ։

Հայտնի է, որ լրագրողը և վերջինիս ազգությամբ թուրք հարսնացուն ներկայացել են Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան՝ հարսանիքի համար անհրաժեշտ փաստաթղթերը հանձնելու նպատակով: Նրա հարսնացուին չեն թույլատրել մուտք գործել հյուպատոսարանի գլխավոր շենք, իսկ հինգ ժամ հետո տեղեկացրել են, որ Հաշքաջին արդեն լքել է հյուպատոսարանը:

Թուրքական աղբյուրների հաղորդած տեղեկությունների համաձայն՝ լրագրողին սպանել են հյուպատոսարանում, իսկ նրա դին դուրս են բերել դիվանագիտական ներկայացուցչության տարածքից: Մյուս վարկածի համաձայն՝ լրագրողի սպանությունն իրականացրել է Սաուդյան Արաբիայից ժամանած հատուկ խումբը։ Սակայն Էր Ռիադն ամբողջովին հերքել է այս մեղադրանքները:

Հոկտեմբերի 9-ին պաշտոնական Անկարան հայտարարել է, որ լրագրող Ջամալ Հաշքաջիի անհետացման դեպքի առթիվ իրականացվող հետաքննություն շրջանակներում Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսարանը խուզարկության կենթարկվի։

Այս կապակցությամբ ՄԱԿ-ը հայտարարել է, որ խորապես մտահոգված է լրագրողի անհետացման պատճառով և կոչ է արել անմիջապես միջազգային անկախ հետաքննություն նախաձեռնել։ ՄԱԿ-ում շեշտել են, որ լրագրողի անհետացման դեպքին մասնակցություն ցուցաբերած բոլոր հանցագործները պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության։ ՄԱԿ-ը նաև կոչ է արել Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի իշխանություններին համագործակցել՝ սաուդցի լրագրողի անհետացման և ենթադրյալ սպանության հանցագործությունը բացահայտելու համար։

Փորձագետները վստահ են, որ սաուդցի լրագրողի բռնությամբ անհետացումը կապված է վերջինիս կողմից Սաուդյան Արաբիայի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունների հետ։ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով Գերագույն հանձնակատարը նույնպես հանդես է եկել խոսքով և շեշտել է, որ լրագրող Ջամալ Հաշքաջիի բռնությամբ անհետացման դեպքի առթիվ իրականացվող հետաքննության մանրամասները պետք է պարբերաբար ներկայացվեն հանրությանը, քանի որ այս գործը հասարակական հատուկ հնչեղություն և հետաքրքրություն է ստացել։

Մեկնաբանություններ