Պակիստանը որոշել է ֆինանսական օգնություն խնդրել ԱՄՀ-ից

Պակիստանի կառավարությունը որոշել է ֆինանսական օգնություն խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ)։ Այս մասին հաղորդել է Պակիստանի ֆինանսների նախարար Ասադ Ումարը։ Նա նշել է, որ Պակիստանը մտադիր է համագործակցել ԱՄՀ-ի հետ՝ երկրի ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու համար։ «ԱՄՀ-ի հետ համագործակցելու և հիմնադրամից ֆինանսական օգնություն խնդրելու մասին բանակցություններ վարելու որոշումը կայացվել է Պակիստանի վարչապետ Իմրան Խանի կողմից։ Միջազգային հիմնադրամի և երկրի միջև երկխոսությունը կսկսվի անմիջապես։ Մենք փորձում ենք ֆինանսական ճգնաժամային վիճակից դուրս գալու ուղիներ գտնել»,- հաղորդել է Պակիստանի ֆինանսների նախարարը։

Հայտնի է, որ Պակիստանի իշխանությունները մտադիր են ԱՄՀ-ից մոտ 7 մլրդ դոլար գումարի չափով վարկ խնդրել։ ԱՄՀ-ն կարող է երկրին ֆինանսական օգնություն տրամադրելու շուրջ համաձայնության գալու համար պահանջներ առաջադրել Պակիստանի իշխանություններին։ Մասնավորապես՝ ԱՄՀ-ն կարող է պահանջել Իսլամաբադից կրճատել երկրի բյուջեի ծախսերը և ընդլայնել հարկային համակարգը՝ բյուջեին ֆինանսական հոսքի ապահովման գործընթացում ավելի բարձր արդյունավետության հասնելու նպատակով։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Պակիստանը դիմել է ԱՄՀ-ին 2013 թվականին և հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում 5.3 մլրդ դոլար գումարի չափով ֆինանսական օգնություն է ստացել։