Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիներին հայտնեց, որ Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ. «Ես հիմա այստեղ հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի՝ թավշյա հեղափոխության մեկնարկը»:
Վերջինս հայտնեց, որ բազմաթիվ քաղաքացիներ առավոտյան միացել են իրենց և փակել են մայրաքաղաքի փողոցները, մի քանի աշակաերտներ էլ շրջափակել են Արտաքին գործերի նախարարի ավտոմեքենան:
«Եթե մենք ճկուն չգտնվեինք, այսօր հնարավոր է ջախջախվեինք ոստիկանության կողմից: Մենք պետք է ճկուն գտնվենք նաև հիմա և հայտարարելով ժողովրդական հեղափոխություն, պետք է իրականացնենք ժողովրդական հեղափոխություն»,- իր խոսքում նշեց Փաշինյանը:
Աժ պատգամավորը կոչ արեց քաղաքացիներին երթով շարժվել և գործողություններ իրականացնել մնացած բոլոր կառավարական շենքերի դիմաց. «Որտեղ կհաջովի ներս մտնել, ներս կմտնենք և ներսում նստացույց կանենք, որտեղ չի հաջողվի ներս մտնել նստացույց կանենք մուտքերի դիմաց և ոչ մեկի թույլ չենք տա ներս մտնել, դուրս եկողներին՝ միայն մեզ միանալու պայմանով: Կապ չունի՝ նրանք ինչ կանեն Սերժ Սարգսյանի հետ էն շենքում, այնտեղ կատարվողն այլևս չպետք է ազդեցություն ունենա Հայաստանի քաղաքական կյանքի վրա: Սերժ Սարգսյանը պետք է տեսնի, որ ինքը չունի կառավարելու Հայաստան, որ ինքը չունի կառավարելու ժողովուրդ»:
Այնուհետև քաղաքացիներն սկսեցին երթը: Այս պահին ցուցարարները շրջափակել են մի քանի շենքերի մուտքեր: