«Զոհը հայտնվելով մեկուսացման մեջ, կախման մեջ է մնում հենց բռնարարից և սկսում է ենթագիտակցորեն հաճոյանալ նրան». ընտանեկան բռնությունը վերապրած կին

2017 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Կանանց ռեսուրսային կենտրոնը՝ Երևանում, թեժ գծով ստացել է 1513 զանգ, որից 1222-ը ընտանեկան բռնությունով, իսկ 291-ը տեղեկատվական զանգ:

«Նշված ընտանեկան բռնության հետ կապված զանգերից  346-ը եղել են առաջնային, իսկ 876-ը կրկնվող: Առաջնային զանգերից 168-ը եղել են հոգեբանական բռնությունով, 176-ը ֆիզիկական, 2-ը սեռական, իսկ այցերի թիվը կազմել է 399»,- այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կանանց ռեսուրսային կենտրոնի հոգեբան Արփինե Արգուշյանը:

Վերջինս նշեց, որ նույն ժամանակահատվածում մեծ թվով զանգեր են ստացվել նաև մարզերից, որոնց թիվը կազմել է 2163, իսկ այցելությունների թիվը կազմել է 937:

Ընտանեկան բռնությունը վերապրած Սիրանուշ Գալոյանն էլ հայտնեց, որ ոչ մեկը չի կարող իրականում պատկերացնել, թե ինչ է բռնությունը, ծեծը և ոչ մեկը չգիտի, թե ինչ է կատարվում փակ դների ետևում: Նրա կարծիքով Հայաստանում այս առումով օրենսդրական դաշտը բաց է և անհրաժեշտ է մշակել հստակ մեխանիզմներ բռնության ենթարկված անձին այդ վայրից դուրս հանելու համար:

«Օրենք ասելով մենք պետք է համոզված լինենք, որ այդ օրենքը կգործի, քանի որ սա լուրջ հանցագործություն է: Եթե նույնիսկ բանը հասնում է  նրան, որ ոստիկանության ներկայացուցիչները  գալիս են՝ արձանագրում են, եթե մարմնի վրա կա բռնության հետք միգուցե շարունակեն և ինչ-որ քայլեր ձեռնարկեն, բայց եթե ոչ մի հետք չկա իրենք թողնում հեռանում են: Իսկ այդ անձը շարունկում է մնալ նույն միջավայրում և դրանից հետո չի կարող կնոջ համար լավ լինել»,- իր խոսքում նշեց նա:

Սիրանուշ Գալոյանը հայտնեց, որ ամուսնու ընտանիքի հետ ապրելու տարիներին ինքը չէր կարողանում տեսակցել նույնիսկ իր  հարազատներին. «Զոհը հայտնվելով մեկուսացման մեջ, կախման մեջ է մնում հենց բռնարարից և սկսում է ենթագիտակցորեն հաճոյանալ նրան»:

Սիրանուշը նշեց, որ արդեն 1 տարի է ինչ չի կարողանում տեսակցել իր երեխաներին, իսկ դատական գործընթացն էլ ձգձգվում է:

«Ես համոզված եմ, որ այդպիսի մի օրենք չկա աշխարհում, որ մորից երեխա վերցնեն, իսկ այսօր իմ երեխաները շարունակում են մնալ բռնարարի մոտ՝ գտնվելով լուրջ հոգեբանական ճնշման ներքո և ստիպված կրկնել տատի ու հոր պարտադրանքները»,- ասաց նա:

Կանանց ռեսուրսային կենտրոնի փաստաբան Նվարդ Փիլիպոսյանն էլ անդրադառնալով «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին՝ նշեց, որ օրենքի ընդհանուր նպատակը ընտանեկան բռնության զոհերին պաշտպանելն է:

«Օրենքը մեխանիզմներ է նախատեում, որոնցից են՝  անհետաձգելի միջամտությունն ու պաշտպանական որոշումը, որոնք հնարավորություն կտան, որպեսզի բռնարարը որոշ ժամանակահատվածով հեռու մնա այն տարածքից որտեղ բնակվում է բռնության ենթարկված  անձը, ինչպես նաև ապաստարան տեղափոխելու հնարավորություն»,- ասաց փաստաբանը:

Նվարդ Փիլիպոսայնի խոսքերով նախագիծը նաև հնարավորություն է ընձեռում նախքան դատարանի որոշման կայացնելը, անհրաժեշտության դեպքում ժամանկավոր տեսակցության կարգ սահմանել:

Հավելենք, որ նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը անցկացվում է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարարշավը, որը համաշխարհային շարժում է ուղղված կանանց դեմ բռնության բոլոր ձևերի վերացմանը: