ԵԱՏՄ-ի կազմում տնտեսական առումով Հայաստանը միայն հետընթաց է ապրել

Վրաստանում անցկացվող Agile Spirit – 2017 զորավարժություններին մասնակցելուց Հայաստանի հրաժարվելը ըստ «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ Արա Պապյանի՝ եղել է արտաքին ազդեցության պատճառով: Արա Պայանի խոսքերով՝ նախորդ զորավարժություններին մասնակցելը Ռուսաստանի կողմից բավականին դժգոհությամբ ընկալվեց. «Միջպետական հարաբերություններում պայմանավորվածություն ժխտելը դրական չիդիտարկվում, քանի որ հայկական կողմտ մինչ այս տվել էր համաձայնություն և վերջին պահին հրաժարվեց դրանից: Դա բացասական եմ գնահատում»,- ասաց նա հավելելով, որ այս քայլը ցույց է տալիս պետության անկազմակերպվածությունը:

Արա Պապյանի համոզմամբ՝ ՀՀ իշխանությունները զորավարժություններին չմասնակցելը պայմանավորելու են Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու ցանկությամբ:

«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանի դիտարկմամբ՝ ՆԱՏՕ-ի զորավարժությանը չմասնակցելը զարգացման հերթական շանսի բացթողում է. «Ամեն շանս կորցնելուց, մենք ձևավորում ենք մի քաղաքականություն ու իրավիճակ, որտեղ ուրիշները իրենց շահը առաջ տանելով կարող են ճնշումների դաշտ ձևավորել, որի արդյունքում Հայաստանը մեկ օրվա մեջ ստիպված է լինում ինչ-որ բանից հրաժարվել»,-ասաց նա:  

Պատմական գիտությունների թեկնածու, փորձագետ Արեգ Գալստյանը խնդիրը դիտարկեց ռուս-ամերիկյան հարաբերությունների համատեքստում և նշեց, որ ներկայումս Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև բանակցությունների դիվանագիտական խողովակ չկա, արդյունքում՝ հարաբերությունների այս սրումը ավելի քիչ հնարավորություն է թողնում Հայաստանին վերոնշյալ զորավարժություններին մասնակցելու.

«Ուզում ենք, թե՝ ոչ ՀՀ-ն ԵԱՏՄ է մտնել, և ինքն է որոշել ռուսական աշխարհաքաղաքական ազդեցության գոտում լինել: Որքան խստանան Վաշինգտոնի կողմից Մոսկվայի ճնշումները, այնքան Մոսկվան ավելի կոշտ ու հետևողականորեն կսկսի խոսել իր գործընկերների հետ՝ դնելով կոնկրետ ընտրության առաջ»,-հավելեց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե՞ Հայաստանը ի՞նչ է շահել կամ կորցրել Մաքսային միության կազմում, Արա Պապյանը անդրադարձավ վիճակագրական տվյալներին և փաստեց, որ տնտեսական առումով միայն հետընթաց է ապրել. «Տնտեսական առումով ՀՆԱ-ն 2013թ.-ին եղել է 11.61 միլիարդ, իսկ 2016թ.-ին 10.55 միլիարդ: Արտաքին շրջանառությունը 5.69 միլիարդից  կրճատվել և հասել է 5.05  իլիարդի: Պետության արտաքին պարտքը 4.6 միլիարդից հասել է 5.9 միլիարդի: Ներդրումները 5.97 միլիարդից նվազել է մինչև 1.70 միլիարդ, այսինքն՝ մոտավորապես 3 անգամ նվազել է: Սա փաստում է, որ տնտեսական ցուցանիշները բացահայտ անկում են ապրել»,- ասաց Արա Պապյանը,փաստելով նաև այն, որ անցնող 7 ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան 0 ներդրում է կատարվել, իսկ 50 միլիոն դոլար կապիտալից արտահոսք կա, որից կեսը Ռուսաստան է գնացել:

Ըստ Թևան Պողոսյանի՝ ունենք ամենագլխավոր կորուստը՝ շանսը Հայաստանի զարգացման և արդիականացման բարեփոխումների. «Մենք այդ ժամանակ բաց թողեցինք մեր զարգացման շանսերը. Այդ որոշումը դրան էր միտված: Այդ ժամանակ ճնշումը առաջարկի միջոցով էր՝ անվտանգության  խնդրով պայմանավորված»,- ասաց նա:  

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի

Մեկնաբանություններ