Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստը, որի ժամանակ գործադիրը մասնակի ընդունեց Աժ պատգամավորներ Խոսրով Հարությունյանի, Վահրամ Բաղդասարյանի և Գագիկ Մելիքյանի հեղինակած օրենքի նախագիծը:
Նախագիծը վերաբերում է անհատ տաքսու վարորդների լիցենզավորման պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից ազատելուն:
Նախագծով առաջարկվում է մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և տրանսպորտի բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող մյուս սուբյեկտներին ազատել պետական տուրքի չվճարման համար տույժ վճարելու պարտականությունից:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ oրենքի նախագծով առաջարկվում է պետական տուրքի վճարումն ուշացնելու դեպքում տույժը հանել, բայց նաև որպես երաշխիք վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում 50 հազար դրամ տուգանքը փոխարինել 100 հազարով:
Արտակ Զեյնալյանը առաջարկեց մերժել այդ օրենքի փոփոխություններին հավանություն տալու նախագիծը և օրենքը թողնել անփոփոխ:
«Դրա վերաբերյալ առկա են ֆինանսների և արդարադատության նախարարությունների եզրակացությունները: Գտնում ենք, որ մասնավոր դեպքերի համար իրավիճակային լուծումներ առաջարկներն անընդունելի են և պրակտիկ կիրառման ընթացքում կարող են հանգեցնել լուրջ խնդիրների»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
Վարչապետն էլ հայտնեց, որ օրենքի նախագծին ծանոթանալիս երկակի զգացողություններ է ունցել և չի հասկացել, թե այս նախագծով ինչ խնդիր է փորձ արվում լուծել:
«Մի կողմից՝ առաջարկվում է տուրքի չվճարման համար ընդհանրապես տույժ չնշանակել: Մյուս կողմից՝ առաջարկվում է ինչ-որ դեպքերում տուգանքի չափերը կրկնապատկել»,- իր խոսքում նշեց վարչապետը:
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Աշոտ Հակոբյանն էլ նշեց, որ այս ոլորտում՝ օնլայն տաքսի ծառայությունների և անհատ տաքսու վարորդների մասով առկա է անհավասար դաշտ:
Վարչապետն էլ հանձնանարեց արձանագրել այս խնդիրը և առաջարկել լուծումներ՝ ԱԺ պատգամավորների հետ համագործակցելով: