Հանրապետությունում 13 դպրոցներ կվերակազմակերպվեն. ԿԳՆ վարչության պետ

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետությունում դպրոց է այցելելու 40 000 առաջին դասարանցի: Ըստ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի՝ բոլոր հանրակրթարանները ապահովված են դասագրքերով.

«Այս տարի ևս 1-4 դասարանի աշակերտներին դասագրքերը կտրամադրվեն անվճար: Նախագահի հրամանով՝  սահմանամերձ 38 համայնքներում, որոնք պետության կողմից  ստանում են սոցիալական աջակցություն՝ 1-12-րդ դասարանի աշակերտների դասագրքերը նույնպես կդրամադրվեն անվճար»,-ասաց նա, հավելելով, որ բոլոր դպրոցների շինարարական և վերանորոգման աշխատանքները ավարտված են՝ պատրաստ են պատշաճ կերպով դիմավորել աշակերտներին:

 ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի խոսքերով՝ հանրապետությունում, կվերակազմակերպվեն և կխոշորացվեն 13 դպրոցներ, որոնք  հիմնականում քաղաքային դպրոցներն են: Աշոտ Արշակյանը անդրադարձավ մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, ըստ որի՝ տվյալ դպրոցների տնօրեններն ու ուսուցչական անձնակազմը տեղյակ չէ վերակազմական աշխատանքների մասին, նա նշեց, որ դա չի համապատասխանում իրականությանը և հավաստիացրեց, որ 2 ամիս առաջ բոլոր տնօրենները և ուսուցչական անձնակազմը ծանուցված են եղել.

«Այս խոշորացումը կապված է կրթության որակի բարձրացման հետ: Նշված դպրոցներում աշակերտական կազմը փոքր էր: Այդ դպրոցների ուսուցիչներին աշխատանքի տեղավորման հետ կապված փորձելու ենք ամեն ինչ անել»,-հավելեց, որ  շատ քիչ թվով ուսոցիչներ կմանան առանց աշխատանքի:

Խոսելով, վերոնշյալ դպրոցների մասնաշենքերի մասին նա նշեց, որ օրենքի պահանջ է՝ դպրոցի մասնաշենքերը պետք է վերակազմակերպման պարագայում ծառայեն միայն կրթությանը:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքերով՝ վերակազմակերպման և խոշորացման այս ծրագիրը սեպտեմբերի 1-ից չի իրականացվի, այլ՝ հոկտեմբեր ամսվա արձակուրդների ժամանակ, քանի որ պետք է գրանցվեն նոր իրավաբանական անձիք, ուստի դեռ աշխատանքներ կան այս ուղղությամբ տանելու:

Անդրադառնալով Բերդի վարժարանի այն բողոքին, թե վարժարանի աշխատակիցներն այլ տեղ աշխատելու որևէ հնարավորություն չունեն Աշոտ Արշակյանը նշեց, որ անձամբ է այնտեղ եղել.

 «Այնտեղ փոքրաթիվ աշակերտներ էին մնացել՝ մոտ 25 աշակերտ: Ուսուցիչների մի մասը կաշխատեն ավագ դպրոցում, խոսել եմ նաև Տավուշի մարզի կրթության վարչության բաժնի պետի հետ, նա նույնպես ասել է, որ փորձում է մյուսների աշխատանքի տեղավորման տարբերակներ քննարկել»:

ԿԳՆ հանրակրթության վարչության պետի խոսքերով՝ հանրապետությունում անցնում են ներառական կրթության և արդեն 2025 թվականին կլինի համընդհանուր ներառական կրթություն:

«25 դպրոցներում փորձնական ներառվել է ֆինանսական կրթության տարրեր՝ արդեն ավագ դպրոցում երեխաները կանցնեն նաև տնտեսագիտություն առարկան»,- նշեց Աշոտ Արշակյանը, հավելելով, որ այդ դպրոցների ուսուցիչները այժմ վերապատրաստվում են:

12-ամյա պարտադիր կրթությանն անդրադառնալով Արշակյանը նշեց, որ դա աշխատաշուկայի պահանջներից է.

«Այո, մենք խնդիրներ ունենք ավագ դպրոցների հետ կապված՝ կան բարեփոխումների կարիգ: 12-ամյա կրթությունն էլ բարեփոխումների առաջին քայլն է»,-ասաց նա, նշելով, որ կրթական ծրագրային փոփոխություն չկա, բայց նախատեսվում է:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի