Բաբաևան ընդդեմ Ադրբեջանի

Դիմումատուն՝ Լաման Ֆերուզ գիզի Բաբաևան, ազգությամբ ադրբեջանցի է, ծնվել է 1981 թվականին և բնակվում է Գանձակ քաղաքում (Ադրբեջան): Գործը վերաբերում է Դիմումատուի երեխաների խնամակալության մասին դատարանի կայացրած որոշմանը։ Մասնավորապես, Դիմումատուն բողոքել է, որ ներպետական դատական ատյաններն իր երեխաների նկատմամբ խնամակալությունը հանձնել են իր նախկին ամուսնուն։

2010 թվականին Բաբաևան ամուսնալուծության դիմում է ներկայացրել դատարան, որի մեջ նշել է, որ ամուսինը դավաճանում է իրեն, խնդրել է դատարանին կիսել ամուսնական կյանքում համատեղ ձեռք բերված ունեցվածքը, իրենց երկու անչափահաս երեխաների խնամակալությունը հանձնել իրեն և ալիմենտի վճարման չափ և կարգ սահմանել: Բաբաևայի ամուսինը հակընդդեմ հայց է ներկայացրել՝ երեխաների խնամակալությունն իրեն հանձնելու պահանջով և հայցի մեջ նշել է, որ Բաբաևան նախկինում արտամուսնական կապի մեջ է գտնվել անհայտ անձի հետ։ 

Վարույթի շրջանակներում դատարանը կարգադրել է տեղի Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) փորձագիտական եզրակացություն տրամադրել։ Հանձնաժողովը, ելնելով երեխաների՝ ուշադրության արժանի շահերից, եզրակացությամբ գտել է, որ երկու անչափահաս երեխաների խնամքը և դաստիարակությունը պետք է հանձնել մորը` Բաբաևային։

Դատարանը որոշել է ամուսիններին պատկանող ունեցվածքը հավասարապես բաժանել, երկու երեխաների նկատմամբ խնամակալության իրավունքը հանձնել երեխաների հորը, մերժել ալիմենտի վճարման մասին Բաբաևայի պահանջը։ Դատարանը նշել է, որ նման որոշման կայացման համար հիմք է հանդիսացել այն փաստը, որ երեխաների մայրը նախկինում արտամուսնական կապ է ունեցել, ուստի, նրա գործողությունները «անհամատեղելի են բարոյական չափանիշներին»։ Դատարանը որոշել է նաև, որ հայրը ունի կայուն ֆինանսական վիճակ և ավելի բարենպաստ պայմաններ՝ երեխաների խնամակալությունը ստանձնելու համար:

Բաբաևան բողոքել է առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման դեմ։ Նա բողոքի մեջ նշել է, որ դատարանը հավուր պատշաճի քննություն չի իրականացրել և հաշվի չի առել Հանձնաժողովի կողմից տրված եզրակացությունը։ Բացի այդ, նա երկու այլ եզրակացություն է ներկայացրել, որոնց համաձայն, Հանձնաժողովը հաստատել է, որ բարենպաստ է համարում երեխաների խնամակալությունը հանձնել մորը: Բաբաևան նշել է, որ ներպետական դատարանները հաշվի չեն առել երեխաների կարծիքը (Ադրբեջանի ընտանեկան օրենսգրքի համաձայն, տասը տարին լրացած երեխան իրավունք ունի արտահայտել իր կարծիքն իրեն վերաբերող ընտանեկան բոլոր հարցերի վերաբերյալ, ներառյալ դատական գործընթացների ընթացքում)։ Բաբաևան նաև նշել է, որ դատարանը որոշում կայացնելիս հաշվի է առել իր զանգերը և հաղորդագրությունները ստուգելու արդյունքում հայտնաբերված ապացույցները, ինչը խախտել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը:

Այնուամենայնիվ, 2010 թվականին վերաքննիչ դատարանը մերժել է Բաբաևայի բողոքը։ Վերջինս բողոք է ներկայացրել նաև վճռաբեկ դատարան, սակայն, բողոքը մերժվել է, առաջին ատյանի կայացրած որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ: 

Հիմք ընդունելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածը (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք)՝ Դիմումատուն բողոքել է իր երկու անչափահաս երեխաների նկատմամբ խնամակալության իրավունքն իր նախկին ամուսնուն հանձնելու ներպետական դատարանների կայացրած անհիմն որոշման մասին։

Դիմումատուն նշել է, որ ազգային դատարանների կայացրած որոշումները միջամտել են իր՝ անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի իրացմանը: Սակայն, այդ միջամտությունը անհիմն և անօրինական է, քանի որ այն չուներ սոցիալական պաշտպանության անհրաժեշտություն։ Դիմումատուն նաև նշել է, որ նախկին արտամուսնական ենթադրյալ հարաբերությունները չեն կարող իր իրավունքների սահմանափակման համար հիմք հանդիսանալ:

Պատասխանող Կառավարությունն իր դիրքորոշման մեջ չի վիճարկել, որ երեխաների խնամակալության մասին կայացված որոշումը հանգեցրել է Դիմումատուի ընտանեկան կյանքը հարգելու իրավունքի միջամտության: Այնուամենայնիվ, նշել է, որ այդ միջամտությունը իրավաչափ և համաչափ է հետապնդվող օրինական նպատակին: Կառավարությունը նաև նշել է, որ արտամուսնական կապերը խիստ դատապարտվում են Ադրբեջանում հասարակության կողմից, և տվյալ դեպքում ազգային դատարանները առանձնահատուկ ուշադրություն են դարձրել ընտանեկան արժեքների կարևորությանը և ծնողների բարոյական կերպարին՝ որպես երեխաների դաստիարակության կարևորագույն մաս:

ՄԻԵԴ-ը կրկնել է, որ ծնողի և երեխայի համար միասին լինելու հանգամանքն իրենից ներկայացնում է Կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով ընտանեկան կյանքի հիմնարար տարր (նույնիսկ եթե ծնողների միջև հարաբերությունները խզված են), և ներպետական այնպիսի միջոցները, որոնք թույլ չեն տալիս նրանց միասին գտնվել, կազմում են միջամտություն Կոնվենցիայի 8-րդ հոդվածով պաշտպանված իրավունքի նկատմամբ։ 

Դատարանը նշել է, որ ներպետական դատարանները կարգադրել են Հանձնաժողովին եզրակացություն տրամադրել, սակայն, վարույթի ժամանակ հաշվի չեն առել այն։ Դատարանը նշել է նաև, որ մեծ նշանակություն է տրվել Դիմումատուի ենթադրյալ արտամուսնական կապին, և եզրակացվել է, որ նա «վարել է անկայուն ապրելակերպ», բայց այլ քննություն չի իրականացվել: Մասնավորապես, բացակայել է որևէ կոնկրետ ապացույց, որը կփաստեր Դիմումատուի վատ ազդեցությունը երեխաների դաստիարակության վրա և նրանց խնամակալությունը ստանձնելու անկարողությունը։ 

Դատարանը որոշել է, որ ներպետական դատարաններն իրենց որոշումները կայացրել են ելնելով ընդհանուր նկատառումներից և պատասխանող Պետության տարածաշրջանի առանձնահատկություններից։ Ուստի, իշխանությունները չեն կարողացել երեխաների լավագույն շահերից ելնելով հավուր պատշաճի ուսումնասիրել և ճշգրիտ գնահատել Դիմումատուի ընտանիքում տիրող իրավիճակը և բոլոր գործոնները: Դատարանը պարզել է, որ Պատասխանող կառավարության կողմից ձեռնարկված միջոցներում բացակայել է 8-րդ հոդվածի իմաստով սահմանված «անհրաժեշտության» գաղափարը, որը ենթադրում է հանրության հրամայական կարիքի վրա հիմնված և, մասնավորապես, հետապնդվող օրինական նպատակին համաչափ միջամտություն, և այդ միջամտությունը չի եղել «անհրաժեշտ ժողովրդավարական հասարակությունում»։ 

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում և վճռել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ադրբեջանը պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 4․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։