ԱՄՆ-ն սկսել է Կլիմայի պայմանագրից դուրս գալու գործընթացը

ԱՄՆ-ն սկսել է 2015 թվականի Փարիզի կլիմայի պայմանագրից դուրս գալու պաշտոնական գործընթացը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն, ով պաշտոնական դիմումը փոխանցել է ՄԱԿ:

Դեռ նախագահ ընտրվելուց առաջ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Փարիզի պայմանագիրը հակասում է Միացյալ Նահանգների տնտեսական շահերին և «ուրիշ երկրներին առավելություն է տալիս ԱՄՆ-ի նկատմամբ»:

Եվրոպական միությունն արձագանքել է Փարիզի կլիմայի պայմանագրից Միացյալ Նահանգների դուրս գալու գործընթացի մեկնարկին:

«Մենք ափսոսանք ենք հայտնում Փարիզի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ: Մենք մեր ամերիկացի ընկերների հետ միասին ենք աշխատել արդեն ուժի մեջ գտնվող և 194 պետություն միավորած այդ փաստաթուղթը կայացնելու համար: Նույնիսկ ածխաթթու գազ արտանետող ամենախոշոր երկրներից մեկի բացակայության դեպքում մենք կշարունակենք իրականացնել պայմանագիրը և կրճատել մեր մոլորակի համար վնասակար արտանետումները»,- ասել է Եվրամիության ներկայացուցիչ Մինա Անդրեևան: