Ուկրաինան նոր վարկային ծրագրի է սպասում Արժույթի միջազգային հիմնադրամից

Ուկրաինայի իշխանությունները ցանկանում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ պայմանագիր կնքել՝ ֆինանսական աջակցության նոր ծրագրի վերաբերյալ: Ենթադրվում է, որ ծրագրի իրականացումը նախատեսված կլինի երեք տարով, իսկ Ուկրաինային տրամադրվող գումարի չափը կկազմի մոտավորապես 10 մլրդ ԱՄՆ դոլար։ 

Ավելի վաղ, հայտարարվել է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 6-ից մինչև 19-ը ԱՄՀ փորձագետների խումբը կայցելի Ուկրաինա։ ԱՄՀ փորձագետների խումբը պատրաստվում է Ուկրաինայում ստուգումներ իրականացնել, քննարկել վերջին շրջանում երկրի տնտեսական զարգացումները և Ուկրաինայի վարած տնտեսական քաղաքականությունը: Փորձագետների այցի ժամանակ Ուկրաինայի իշխանությունները նաև բանակցություններ կվարեն՝ ԱՄՀ-ի կողմից Ուկրաինային հերթական վարկ հատկացնելու հարցի շուրջ։ Կիևն ակնկալում է, որ ԱՄՀ-ն կրկին ֆինանսական օգնություն կտրամադրի Ուկրաինային ընթացիկ վարկային ծրագրի ավարտից անմիջապես հետո՝ 2019 թվականի մարտին: Միևնույն ժամանակ, Կիևը քննարկում է նաև ընթացիկ վարկային ծրագրի ժամկետի երկարաձգման հնարավոր տարբերակը։ Ուկրաինայի Ազգային բանկը վստահ է, որ երկիրը կարող է ստանալ ԱՄՀ-ի կողմից տրամադրվող հերթական վարկն այս տարվա աշնանը։ Տնտեսագետները կարծում են, որ ԱՄՀ փորձագետների այցելության շրջանակներում Ուկրաինան կքննարկի նոր վարկ ստանալու պայմանները և ժամկետները։

Հիշեցնենք, որ Ուկրաինան ԱՄՀ պարտապանների ցուցակում զբաղեցնում է երկրորդ տեղը։ Ներկա դրությամբ, երկրի պարտքը կազմում է 11․9 մլրդ ԱՄՆ դոլար։ Առաջին տեղը զբաղեցնում է Հունաստանը, որի պարտքը կազմում է 12․8 մլրդ ԱՄՆ դոլար։ Ուկրաինայի ընդհանուր պարտքը կազմում է 77 մլրդ ԱՄՆ դոլար, և այդ գումարը 4 անգամ գերազանցում է երկրի արժութային պահուստները։