«Արհեստավորի պահանջարկ կա այսօր Արցախում». Արման Սարգսյան

Արցախում առաջին անգամ անցկացվել է գործատուների հիմնախնդիրների հետ կապված հետազոտություն, որի նպատակն է համեմատական վերլուծություն անցկացնել Հայաստանի և Արցախի հանրապետությունների գործատուների պահանջների, կազմակերպությունների թափուր աշխատատեղերի և ոլորտի մասին:  

            «Հետազոտությունն իրականացվել է 423 գործատուների շրջանում, որտեղ աշխատում է ավելի քան 17.961 մարդ (միջինը՝ մեկ կազմակերպությունում մոտ 42 աշխատող): Սա շատ ողջունելի և ոգևորիչ ցուցանիշ է»,- նշեց Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի տնօրեն Արման Սարգսյանը: Ըստ նրա, աշխատողների 35,7%-ն ունի բարձրագույն կրթություն, 27,7%-ը՝ միջին մասնագիտական կամ նախնական մասնագիտական, իսկ մեծամասնություն կազմող 36,6%-ը՝ չունի մասնագիտական որևէ կրթություն.

            «Արհեստավորի պահանջարկ կա այսօր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում: Բոլորը ձգտում են բարձրագույն կրթություն ունենալ, սակայն, շատ քչերն են աշխատում իրենց մասնագիտությամբ: Ոչ ոք չի ուզում դառնալ ոսկերիչ կամ ատաղձագործ, չնայած, որ այսօր հենց այս մասնագիտությունների պահանջը կա»,- իր մտահոգությունն արտահայտեց բանախոսը:

            Կազմակերպություններում աշխատողների 52%-ը տղամարդիկ են, 48%-ը՝ կանայք: Նրանցից 20,4%-ը վարչական աշխատող են, իսկ 79,6%-ը՝ ծառայություններ մատուցող կամ այլ աշխատողներ:

            «Նվազագույն աշխատավարձը, ինչպես և ՀՀ-ում, Արցախում ևս սահմանված է 55.000 ՀՀ դրամը, ճնշող մեծամասնության մոտ միջին ամսական անվանական աշխատավարձը մինչև 115.000. ՀՀ դրամի միջակայքում է (65%), 27% կազմակերպություններում՝ մինչև 75.000 ՀՀ դրամի միջակայքում, 21%-ում՝ 75-95.000 դրամ, 15%-ում՝ 95-115.000 ՀՀ դրամ, իսկ 22%-ում՝ 115-215.000 ՀՀ դրամ»,- տեղեկացրեց Արման Սարգսյանը:

            Հետազոտության հարցմանը մասնակցած 423 կազմակերպություններից 114-ում (34%) աշխատում են հաշմանդամություն ունեցող անձիք: Ընդ որում, աշխատող հաշմանդամություն ունեցող անձանց ընդհանուր թիվն այդ կազմակերպություններում կազմել է 612 աշխատող:

            Վերջում բանախոսն անդրադարձավ այդ կազմակերպությունների կողմից արտադրվող ապրանքների սպառմանը.

            «Գործատուների զգալի մասի՝ մոտ 72,3%-ի համար հիմնական սպառման շուկան Արցախի և Հայաստանի հանրապետությունների ամբողջ տարածքն է։ Սակայն, գործատուներ կան, որոնք իրենց ապրանքն արտահանում են նաև ՌԴ, ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Հունաստան, Պարսկաստան, Հնդկաստան, Բելգիա և այլուր»,- իր խոսքը եզրափակեց ինստիտուտի տնօրենը:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի

Մեկնաբանություններ