ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ-ՈՒՄ

Ամիսներ առաջ,  առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն, ամփոփելով իր պաշտոնավարման 8 ամիսները, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ առաջիկայում փորձելու են բժշկական հաշտարարի համակարգ ներդնել առողջապահության ոլորտ:

Հիվանդների, բժիշկների եւ բուժհաստատությունների միջև վեճերը լուծելու համար առողջապահության նախարարությունն առաջարկում է բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտ հիմնել:  

Դա նշանակում է բողոքների քննարկման երկաստիճան համակարգ է գործելու: Առաջին փուլում հիվանդը բողոք է ուղարկում բուժհաստատություն, որտեղ այն քննարկում է համապատասխան կառույցը: Եթե այն չի բավարարում բողոքը, ապա՝ մինչ դատարան դիմելը կարող է դիմել ևս մեկ պարզեցված օղակին՝ բժշկական համակարգի հաշտարարին:

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության  առողջապահության նախարարության կողմից: Նախագծի հեղինակների կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ չկան հիվանդի իրավունքների պաշտպանության համար նախատեսված առանձին, մասնագիտացված մարմին, ինչպիսին է տարբեր երկրներում գործող բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը:

Նախագծի նախապատմությունում ասվում է, որ հիվանդի իրավունքների պաշտպանության համակարգը ձևավորվել է դեռեւս  20-րդ դարի 2-րդ կեսից: Դրանից առաջ բժշկական ծառայողների և հիվանդների հարաբերությունները կարգավորվում էին բժշկական էթիկայի նորմերով:

 «Բժշկության զարգացման և դրա վերաբերյալ առավել տեղեկացված լինելու պայմաններում պացիենտների իրավունքների վերաբերյալ միջազգային իրավական ակտերի ընդունումն աստիճանաբար անհրաժեշտություն ձեռք բերեց: Այդ գործընթացը մեկնարկեց 1970-ականներից: Այսպես՝ 1979 թվականին ընդունվում է «Հիվանդանոցի պացիենտների իրավունքների մասին» խարտիան»,- նախագծում նշվում է,  որ առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ևս ընդունվում են մի շարք ակտեր, որոնք վերաբերում են հիվանդի  իրավունքներին:

Արաբկիր Բժշկական Համալիրի մանկաբույժ Տիգրանուհի Հովհաննիսյանի խոսքերով,  Հայաստանում բավարար գործիքներ կան հիվանդի շահերը պաշտպանող.

«Դրանցից առաջինը բժիշկն է, երկրորդը՝ թեժ գիծը,  նաև Մարդու իրավունքների պաշտպանը, իսկ հիմա նաև բժշկական հաշտարարը: Այնպիսի տպավորություն է, որ բժիշկը մարդկության թշնամին է» ,- բժշկուհին նաև հավելեց, որ այսքան գործիքներ կան հիվանդի շահերը պաշտպանելու համար, իսկ ո՞վ պետք է պաշտպանի բժշկի շահերը, որը դժգոհ է հիվանդի վերաբերմունքից և պահվածքից.

«Հայ հասարակության դեպքում՝ պետք է հիվանդի հաշտարար ստեղծել, որ ծեծված, ստորացված ու սպանված բժիշկների թիվը պակասի»,-իր խոսքը ամփոփեց Տիգրանուհի Հովհաննիսյանը:

Նշենք, որ խոսելով տարբեր բժշկական հաստատություններում աշխատող բժիշկների հետ, կարող ենք ասել, որ վերջիններս տեղյակ չէին նախագծի մասին, կամ էլ՝ բավարար ինֆորմացված չէին:

Կենտրոնական կլինիկական ռազմական հիվանդանոցի  բժիշկ Ադամյան Վալերիի խոսքերով, եթե Բժշկական հաշտարարի համակարգը պարտադիր եղավ, ուրեմն անհրաժեշտություն կա.  «Ցանկացած ոլորտ ունի դժգոհություններ՝ սկսած հասարակ մեքենայի վարպետներից, վերջացրած ամենածանր աշխատանքները, որոնցից է նաև բժշկությունը: Բժշկության վատն այն է, որ ոչ բոլորն են հասկանում դրա բարդությունը և ոչ բոլորն են բուժվում. բժշկության մեջ 100% ոչինչ չկա»,- բժշկի խոսքերով՝ չի կարող դժգոհողներ չլինել մի ոլորտւմ, որում անմիջականորեն նախատեսվում է մարդկանց հետ շփում:

Մարդու իրավունքների պաշտպանի 2015 և 2016 թվականների տարեկան հաղորդումների համաձայն՝ արձանագրվել են բուժաշխատողների կողմից պացիենտների նկատմամբ խտրական վերաբերմունքի դրսևորման, ինչպես նաև պացիենտների իրավունքների այլ խախտումների (բժշկական գաղտնիքը չպահպանելու, պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու) դեպքեր:

Բժշկական հաշտարարի հայեցակարգի ընդունման հետ կապված Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում, քանի որ այն կիրականացվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից:

Ըստ նախագծի՝ հայեցակարգի հաստատմումը  ակնկալվում է ընդունել «Բժշկական համակարգի հաշտարարի գործունեության մասին» ՀՀ օրենք, որը կկանխարգելի և կնվազեցվենի հիվանդների իրավունքների խախտումները: Բացի այդ, բժշկական հաշտարարի ինստիտուտ ներդնելը և դրա գործունեությունը թույլ կտա վեր հանել և գույքագրել առողջապահական համակարգի շատ խնդիրներ` հնարավորություն տալով դրանց լուծման միջոցով բարելավել ոլորտի ընդհանուր վիճակը, ինչպես նաև նվազեցնել դատարանների ծանրաբեռնվածությունը:

Իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում նախագիծը արդեն քննարկման է դրվել:  Հավելենք, որ կայքում քվեարկողների 86 %-ը կողմ են քվեարկել, իսկ 14 %-ը՝ դեմ:

Մասնակցեք հարցմանը՝  https://www.e-draft.am/projects/267

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի