Ես մինչև հիմա համոզված եմ, որ Մոսոն չի մահացել՝ սա իմիտացիա է. Կայարանցի Թևոսիկի եղբոր առանց դիակի սպանության գործ

Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» անվամբ հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատական նիստը: 

Այսօրվա դատական նիստին ամբաստանյալը լրացուցիչ հարցաքննության ժամանակ մեջբերում արեց Տիգրան Ասատրյանի 18.07.2014 թվականի ցուցմունքից մի հատված: Ըստ ցուցմունքի՝ ձայնագրությունը կատարվել է Sony տեսակի ձայնարկիչով, որը Տիգրան Ասատրյանը ունեցել է շատ վաղուց.

«Ձայնագրությունը կատարելուց հետո ես այն վերաարտադրել եմ և, լսելով առանձին հատվածներ, որը գտել եմ, որ չի վերաբերվում այս թեմաներին ջնջել եմ, իսկ որը որ անհրաժեշտ եմ համարել այս գործի համար՝ անցկացրել եմ ֆլեշկայի վրա և պահել էի տանը»,-ասվում է ցուցմունքում, հավելելով, որ ձայնարկիչն ու բնօրինակը ոչնչացվել է:

 «Հստակ կարող եմ ասել, որ ձայնագրության բնօրինակը չի պահպանվել: Ձայնագրող սարքից համակարգչի մեջ ի՞նչ եղանակներով եմ անցկացրել, չեմ ցանկանում ասել և  չեմ ցանկանում ասել, թե ո՞ւմ միջոցով եմ արել, քանի որ չեմ ուզում որևէ այլ մարդու, որը կապ չունի այս ամենի հետ, ներքաշել այս պատմությունների մեջ»,- դատարանում Տիգրան Ասատրյանի ցուցմունը մեջբերեց ամբաստանյալը:

Ամբաստանյալի խոսքերով՝ այս ցուցմունը փաստացի ապացուցում է, որ Տիգրան Ասատրյանը ձայնագրությունը միայնակ չի արել՝ եղել են օգնողներ: Իսրայել Սարգսյանը անդրադարձավ  ձայնագրության օրվան, փաստելով, որ դա մեկ օրվա ձայնագրություն չէ, այլ 2-3 օրերի խոսակցությունների ձայնագրություն: Ամբաստանյալի խոսքերով ձայնագրության մեջ խոսակցության թեման իր կողմից միտումնավոր է եղել և հավելեց, որ տվյալ ձայնագրության վերաբերյալ ոչ մի ցուցմունք չի տա.

«Այստեղ մենք խոսում ենք մի ձայնագրության մասին, որը վերևից ներքև անօրինություն է պարունակում. անօրինական ձևով ձայնագրությունը կատարվել է, անօրինական ձևով մոնտաժվել է: Եթե այս ձայնագրությունը վերևից ներքև անօրինականություն է պարունակում, ես ի՞նչ ցուցմունք տամ, ես ի՞նչ ասեմ, որ մարդկանց տպավորեմ»,- իր խոսքում ասաց ամբաստանյալը, նշելով, որ ձայնագրությունը կատարել են իրենց ընկերության համար, այլ ոչ թե իրավապահ մարմինների:

Ամբաստանյալի խոսքերով՝ ինքը վերոնշյալ ձայնագրության մեջ ասում է, որ Մովսես Ներսիսյանը ողջ է, և որ ինքն է նրան փախցրել, ապա՝ երկրից հանել.

«Ձայնագրության մեջ ես միտումնավոր ասել եմ, որ Մովսեսին սպանել եմ, որպեսզի Տիգրանը հավատա: Հյուրանոցային համարում Մովսեսի արյան հետքերը վերջինիս կողմից միտումնավոր են արված, որ եթե Տիգրանը չհավատար՝ տանեի ցույց տայի: Տիգրանը ուզում էր Մովսեսին մատաղ անի»,- ասաց Իսրայել Սարգսյանը:

Դատարանի այն հարցին թե արդյո՞ք ամբաստանյալը ընդունում է, որ Տիգրան Ասատրյանի հետ ԱՆԻ հյուրանոցում զրուցել են, Իսրայել Սարգսյանը չմտաբերեց նման դեպք.

«Տիգրան Ասատրյանը ձեզ ասում էր չարությունը հանեք ձեր միջից»,- վերոնշյալ խոսակցությունից հատված մեջբերեց դատավոր Արմեն Բեկթաշյաը, որին ի հակադրություն ամբաստանյալը պատասխանեց.

«Ինքը բարի հրեշտակն ա, ես էլ՝ չարը»:

Տիգրան Ասատրյանն իր ցուցմունքում անդրադարձել էր նաև Մովսես Ներսիսյանի մահվանը, ասելով.

«Ես մինչև հիմա համոզված եմ, որ Մոսոն չի մահացել՝ սա իմիտացիա է»,-դատարանում իր լրացուցիչ ցուցմունքի ժամանակ մեջբերեց ամբաստանյալը:

Ըստ ամբաստանյալի լրացուցից հարցաքննության՝ ինքը և Տիգրան Ասատրյանը 10 տարի ընկերություն են արել, միայն վերջին մի քանի ամիսն է, որ նրանց միջև զուտ գործնական հարաբերություններ են եղել: Դատավորը հակադրեց վերոնշյալ խոսքերին, մեջբերելով Տիգրան Ասատրյանի ցուցմունքի մի հատված, ըստ որի՝  ամբաստանյալի և իր միջև ոչ մի գործնական հարաբերություն չի եղել.

«Մենք ունեցել ենք բիզնես՝ ժամացույցի փոքր ֆիրմա Շվեցարիայում, ինքը տնօրենն էր, ես՝ տեղակալը, ո՞նց ա ինքը ասում չունենք, սո՛ւտ ա»,- զայրացավ ամբաստանյալը:

«Ձեր ցուցմունքի մեջ նշեցիք, որ Տիգրան Ասատյանի հետխոսակցության ժամանակ ասել եք, թե ինչպե՞ս եք սպանել Մովսես Ներսիսյանին, սակայն դատարանի մյուս հարցերին պատասխանելիս  ասել եք, որ վերջինիս համոզել եք, որ չեք սպանել. ո՞նց հասկանանք»,- դատարանում ամբաստանյալին հարց ուղղեց պաշտպան Հեկտոր Սարդարյանը:

Պաշտպանի այս հարցին ամբաստանյալ պատասխանեց, որ այդպես է վարվել,  քանի որ  Տիգրան Ասատրյանը ամենասկզբից չհավատաց իր խոսքին, թե իբր  սպանել է Մովսես Ներսիսյանին.

«Ինքը իր ցուցմունքի մեջ էլ է ասում, որ էս ի՞նչ ես ասում, ո՞նց կարաս սպանես, մենք իրար հետ որոշել էինք ուրիշ ձև պետք ա անեինք, խի՞ զապիսը չկա, խի՞ զապիս չարիր, էս գլխիս սարքի՞ր…»,- իր խոսքում ասաց Իսրայել Սարգսյանը,  ավելացնելով, որ այս խոսակցությունները Տիգրան Ասատրյանը վերցրել և ջնջել է, մոնտաժելով՝ ընդհամենը մի քանի հատված  է թողնել:

Ամբաստանյալը անդրադարձավ նաև ԱՆԻ հյուրանիոցային համարին, որտեղ իբր եղել է սպանությունը, նշելով, որ Մովսես Ներսիսյանի արյան մի քանի կաթիլները լոգարանի հայելու վրա, սենյակի աթոռի տակի հատվածին և հեռակառավարման վահանակի վրա ուղղակի ծիծաղելի են.  «Եթե կա՝ ինչի՞ իմ քրտինքը չկա, իմ ԴՆԹ-ն չկա» ,-ասաց Իսրայել Սարգսյանը:

Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին սպանել է «Մագնում» հյուրանոցային համալիրի սենյակներից մեկում, ապա՝ դին Մովսեսի մեքենայով տեղափոխել Զովունի-Քանաքեռավան ճանապարհի մոտ ու նետել կոյուղու դիտահորը, որից հետո մեքենան տարել ու թողել է «Զվարթնոց» օդանավակայանում:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանը սպանվել է 2014-ի հունվարի 27-ին՝ Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ: Սպանության գործով կալանավորվել են  Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը: Վերջինս շուտով ազատ է արձակվել, իսկ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանությունը կազմակերպելու ու դրան օժանդակելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի26-ին:

Նյութը՝ Ազնիվ Սիրադեղյանի