Արդարադատության նախարարը մասնակցել է «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունվարի 30-ին մասնակցել է «Նորարար առաջընթաց» ծրագրի շրջանակում իրականացված «Հանրային կառավարման նորարարության շաբաթ» միջոցառմանը: Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության և ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի համատեղ ջանքերով:Միջոցառմանը  մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի  Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետոն, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, այլք:

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ Արդարադատության նախարարությունը էլեկտրոնային նորարարության առաջատարներից է, ինչի մասին հատկապես փաստում է նախորդ տարում գործարկված իրավական ակտերի նախագծերի հրապարակային քննարկման  հարթակի՝ www.e-draft.am- ի կիրարկումը: «Նախկինում քաղաքացիական հասարակությունն էր շատ ակտիվ մասնակցում օրենսդրական նախաձեռնությունների քննարկմանը, իսկ այժմ մենք ունենք շատ մեծ ընդգրկվածություն քաղաքացիների, բիզնեսի ներկայացուցիչների կողմից: Եթե ուսումնասիրեք, ապա կտեսնեք ընդգծված աճ: Մենք օրական մոտավորապես 3000 այցելու  ենք ունենում կայքում, որոնք ակտիվ ուսումնասիրում են օրենսդրական դաշտը»,-նշել է նախարարը՝ նորարարության ոլորտում կարևորելով նաև երեխայի ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու համակարգի ներդրումը, e-appostille.am էլեկտրոնային ապոստիլ համակարգի, թեժ գծի e-hotline.am կայքի ստեղծումը:

Նախարար Հարությունյանն կատարված այս աշխատանքներում հատկանշական է համարել  միջազգային գործընկերների՝ Եվրոպական միության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենյակի դերն ու ակտիվ ներգրավվածությունը:

Պետական համակարգում ստարտափերի վերաբերյալ պանելային քննարկման ժամանակ փոխնախարար Սուրեն Քրմոյանը ևս ընդգծել է Արդարադատության նախարարության՝ էլեկտրոնային նորարության ոլորտում առաջամարտիկներից մեկը լինելու փաստը՝ այդ հարցում հաջողության գրավականներից համարելով Նախարարության մարդկային մոտիվացված ներուժը: Այդ համատեքստում Սուրեն Քրմոյանը կարևորել է նախորդ տարում ՄԱԶԾ/Կոլբա նորարարական լաբորատորիայի նախաձեռնությամբ պետական ծառայողների շրջանում հայտարարված նորարար գաղափարների  «Հանրային նորարարություն» մրցույթը, որի արդյունքում ՀՀ արդարադատության նախարարության մի շարք աշխատակիցներ արժանացան մրցանակների: Վերջիններիս ներկայացրած գաղափարները՝ www.e-request.am  էլեկտրոնային հարցումների միասնական հարթակն ու ծննդյան միանվագ նպաստի դիմումն առցանց ներկայացնելու համակարգն արդեն իրականություն են:

Նշենք, որ կառավարման նորարարության շաբաթը հանրային միջոցառումների, փակ քննարկումների ու հանրային արշավների շարք է, որի ընթացքում մասնակիցները ծանոթանում են պետական կառավարման համակարգում կիրառվող նորարարական մեթոդների, քննարկում, թե ինչպես է հնարավոր ապահովել քաղաքացիների և կառավարության առավել արդյունավետ համատեղ աշխատանքը:

Մեկնաբանություններ