Մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն. Վարչապետը՝ Փանիկում կատարված միջադեպի մասին

Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչաետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Շիրակի մարզի Փանիկ գյուղում կատարված միջադեպին:

Նշենք, որ հուլիսի 17-ին ՌԴ 102-րդ ռազմաբազայի ստորաբաժանումներն առանց զգուշացման և առանց փաստաթղթերի մտել են Շիրակի մարզի Փանիկ գյուղ և զորավարժանք իրականացրել: Զորավարժանքների ընթացքում հնչել են կրակոցներ և պայթյուններ, ինչը վախեցրել է տեղի բնակիչներին:

Վարչապետի խոսքերով կատարվածը անթույլատրելի է, իսկ մեղավորները պետք է հայտնաբերվեն և պատասխանատվության ենթարկվեն. «Ես դա համարում եմ սադրանք ընդդեմ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների և ընդդեմ Հայաստանի ինքնիշխանության: Ամեն դեպքում ես տեղյակ եմ, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում և հույս ունեմ, որ հետագա ընթացքն արդյունավետ կլինի: Սակայն կա հարց, թե ինչ ընթացակարգերով պետք է այդ միջադեպը քննության առնվի»: