Ավելի քան 80 երկիր օգնություն է խնդրել Արժույթի միջազգային հիմնադրամից

Արդեն ավելի քան 80 երկիր օգնության համար դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ)՝ խնդրելով ավելի քան 20 միլիարդ դոլար: Կորոնավիրուսի դեմ պայքարի և բնակչության աջակցության համար միջոցառումների պատճառով կտրուկ աճել են պետական ​​ծախսերը։ 

«Հիմնականում օգնություն են խնդրում ցածր եկամուտ ունեցող և զարգացող տնտեսություններ ունեցող երկրները, ինչպես նաև շատ փոքր պետությունները: Հիմնադրամի աշխատակիցներն աշխատում են շուրջօրյա՝ դիմումները ժամանակին ուսումնասիրելու համար»,-ասել է միջազգային կազմակերպության ներկայացուցիչը:

Մանրամասն ուսումնասիրությունից հետո դիմումները պետք է հաստատվեն Գործադիր խորհրդի կողմից: Դրանից հետո պարզ կդառնա, թե որ երկրներն են ֆինանսական օգնություն ստանալու ԱՄՀ-ից:

Նշենք նաև, որ ԱՄՀ-ն նախատեսում է ավելացնել Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օժանդակությունը մինչև 280 մլն դոլար։ ՀՀ կառավարությունից հայտնել են, որ Եվրոպական միությունը Հայաստանին տրամադրվելիք աջակցությունն ավելացրել է մինչև 92 մլն դոլար։ Գերմանիան Հայաստանին կտրամադրի 91 մլն դոլար ընդհանուր ծավալով դրամաշնորհներ և տեխնիկական օժանդակություն: Դրա արդյունքում կառավարությունը կկարողանա ընդլայնել թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական օժանդակության միջոցառումները։