ԱՄՆ-ն կբողոքարկի Իրանի ներկայացրած հայցը Միջազգային դատարանում

ԱՄՆ պետքարտուղար Մայկ Պոմպեոն իր վրդովմունքն է հայտնել ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի կապակցությամբ, որի քննությունը ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է այս տարվա օգոստոսի 27-ին։ Հայցը վերաբերում է երկու երկրների միջև 1955 թվականին կնքված «Բարեկամության, Տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին պայմանագիրը» խախտելուն, ինչպես նաև՝ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը դադարեցնելու և Իրանի դեմ միակողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին ԱՄՆ-ի կայացրած որոշմանը։ ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ, Միջազգային դատարան ԱՄՆ-ի դեմ հայց ներկայացնելով, Իրանը չարաշահել է դատական համակարգը։ Նրա խոսքերով՝ Իրանի իշխանությունները փորձում են կանխել Թեհրանի դեմ պատժամիջոցները, որոնց կիրառումն ուղղված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության պաշտպանությանը։

Մայկ Պոմպեոն հավաստիացրել է, որ ԱՄՆ-ն պաշտպանելու է իր ազգային շահերն ինչպես Միջազգային դատարանում, այնպես էլ՝ դիվանագիտական ​​մակարդակում։ Նրա խոսքերով՝ ԱՄՆ իշխանությունները վստահ են, որ Իրանը ներգրավված է ահաբեկչության ֆինանսավորման և մի շարք այլ ապօրինի գործողությունների մեջ։ Նա նաև հավելել է, որ ԱՄՆ-ն կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ միջազգային անվտանգությանը և կայունությանը սպառնացող վտանգները վերացնելու ուղղությամբ:

Իր ելույթի ավարտին ԱՄՆ պետքարտուղարը ​​վստահություն է հայտնել, որ Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրը չի երաշխավորում ԱՄՆ-ի  անվտանգությունը, և դրա պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է այն։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 27-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը սկսել է ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի քննությունը։ Իրանի փաստաբաններն արդեն մի շարք փաստարկներ են ներկայացրել Միջազգային դատարանում, իսկ ԱՄՆ-ն՝ որպես պատասխանող կողմ, կպաշտպանի իր շահերն  օգոստոսի 28-ին։ Իրանն ընդդեմ ԱՄՆ-ի գործով դատական լսումները կշարունակվեն 4 օր։ Միջազգային դատական ատյանները որոշում կկայացնեն ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած հայցի շուրջ մեկ ամսվա ընթացքում։

Մեկնաբանություններ