«Համոզված եմ, որ  այս ընտրությունները լինելու են լավագույնը Հայաստանի պատմության մեջ». Գրիգորի Դոխոյան

Ընտրական օրենսգրքում սպասվող փոփոխությունների և լրացումների, տարբեր քաղաքական ուժերի առաջարկությունների, ընտրակեղծիքներից խուսափելու և ‹‹մաքուր›› ընտրությունների անցկացման մասին Legalinfo.am-ը զրուցել է Ընտրական օրենսգրքի մշակման հանձնաժողովի անդամ, ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ   Գրիգորի Դուխոյանի հետ:

-Վերջերս քննարկումներ են տեղի ունենում մի քանի հանձնաժողովների միջև՝ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Որքանո՞վ են այդ քննարկումներն արդյունավետ:

-Իրականում մի քիչ անհասկանալի իրավիճակ է տեղի ունենում․ ստեղծվել է երկու խումբ, մեկն Ազգային ժողովում, մյուսը՝ վարչապետին կից: Սկզբում թվում էր, թե այդ երկու խմբերը պետք է աշխատեն միասին, բայց հետո պարզվեց, որ կառավարությանը կից խումբն առանձին է աշխատում, իսկ Ազգային ժողովում ձևավորված խումբը՝ առանձին: Հիմա Ազգային ժողովում ձևավորված խումբը՝ երկար քննարկումներից հետո, որոնք տևեցին մոտ 2 ամիս,  ձևավորեց առաջարկների մի փաթեթ, որն ուղարկվել է կառավարությանը, որպեսզի կառավարությունը դիտարկի այդ առաջարկները: Թե ինչ ձևով կառավարությունը կօգտագործի այդ առաջարկները, դեռ պարզ չէ։ Այս պահին մենք սպասում ենք կառավարության խմբի արձագանքին, որպեսզի դրանից հետո շարունակենք քննարկումները:

-Հատկապես ո՞ր դրույթներին է ուշադրություն դարձվել, ինչպիսի՞ փոփոխություններ ու լրացումներ են սպասվում Ընտրական օրենսգրքում:

-Ամենակարևոր հարցը, որի շուրջ ամենաբուռն քննարկումներն են գնում՝  ընտրական մոդելն է, թե ինչ մոդելով պետք է անցկացվեն ընտրությունները: Այժմ գործող մոդելը տարածքային-ռեյտինգային մոդելն է: Կառավարությունն առաջարկում է 100 տոկոս համամասնական՝ փակ ցուցակներով, իսկ մեր հանձնաժողովում քննարկվել է մի քանի մոդել և քննարկումները տեղի էին ունենում փակ և բաց ցուկաներով մոդելների շուրջ:

Փակ ցուցակն այն ցուցակը չէ, որ գաղտնի է պահվում,  իրականում այն բոլորին հայտնի ցուցակ է, պարզապես խնդիրը կայանում է նրանում, որ դասավորությունը կազմված է կուսակցության կողմից, հասարակությունը չի ձևավորում այդ ցանկը, կուսացությունն է որոշում, թե ով որ համարն է: Փակ ցուցակի առավելությունն այն է, որ այդ մոդելը շատ պարզ է և հասարակ ընկալելի քաղաքացու համար, բայց այն ունի շատ թերություններ: Թերություններից մեկն այն է, որ կուսակցությունում չի ստեղծում ներքին ժողովրդավարության մթնոլորտ, չկա անմիջական կապը ընտրողի հետ,ընտրողը չի ճանաչում, թե ում է ընտրում և կորչում է կապը մարզերի հետ:

Իսկ բաց ցուցակը լուծում է գրեթե բոլոր թերությունները, որոնք  առկա են փակ ցուցակի դեպքում: Նախ՝ ընտրողը կարողանում է ընտրել իր ուզած մարդուն, կլինի դա այդ ցանկի 99-րդ անդամը, թե 2-րդ անդամը, որը կարող է լինել որևիցե մի մարզից: Երկրորդ առավելությունն այն է, որ ժողովրդավարությունը ներմուծվում է կուսակցության ներսը, նոր մարդիկ են ի հայտ գալիս, ցուցակի բոլոր մարդիկ ունեն հավասար հնարավարություններ: Մեր երկրի 25 տարվա պատմությունը ցույց է տվել, որ ընդդիմադիր կուսակցությունները փլուզվել են հենց այդ փակ ցուցակի պատճառով: Երբ սկսում են որոշել, թե ով որ տեղում է, սկսում են նեղանալ մեկը մյուսից և ընտրություններից հետո շատ  մարդիկ ուղղակի լքում են այդ կուսակցությունը, իսկ բաց ցուցակի դեպքում խնդիր չկա, քանի որ ժողովուրդն է որոշում, և ոչ մեկը ժողովրդից չի նեղանա:

Ես բաց ցուցակի կողմնակից եմ, միայն մի պարագայում համաձայն կլինեմ փակի, եթե շատ շտապ պետք է անել ընտրություններ,  որպեսզի դրա պատճառով չհետաձգվի որևէ բան, ես խնդիր չեմ տեսնում փակ ցուցակով անցկացնելու, բայց եթե մենք ունենք ժամանակ, մենք պետք է ավելի լավ մոդել ընտրենք: Հիմա այս երկու տարբերակն է դրված սեղանին, թե որը կընտրվի, չեմ կարող ասել:

-Ի՞նչ եք կարծում արդյոք այդ փոփոխություններից է կախված գալիք ընտրությունների ‹‹մաքուր›› անցկացումը:

-Ո՛չ,  իհարկե, ինչ համակարգ էլ մենք ընտրենք, եթե չեղավ քաղաքական կամք, միևնույն է, ընտրությունները չեն անցնի եվրոպական չափանիշներին համապատասխան: Այո՛, դու կարող ես վստահված անձերի միջոցով վերահսկել տեղամասում անցկացվող այդ գործընթացը, ինչն արեց ‹‹Ելք›› դաշինքը ԱԺ ընտրություններում։ Բայց եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրությունները միայն տեղամասում իրականացվող գործընթացը չէ, քանի որ կա ընտրատեղամասից դուրս գործընթաց, որը շատ անգամ ավելի կարևոր է, քան տեղամասի ներսում: Դա և՛ ադմինիստրատիվ ռեսուրսն է, և՛ ընտրակաշառքն է, այսինքն, եթե չկա քաղաքական կամք լավ ընտրություններ անցկացնելու, ապա ինչ մոդել էլ ուզում է ընտրենք՝ չի լինելու այդ ընտրւթյունը: Քանի որ հիմա մենք բոլորս հույսով ապրում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու, ես համոզված եմ, որ այս ընտրությունները՝ ինչ համակարգով էլ գնան, լինելու են լավագույնը Հայաստանի պատմության մեջ:

-Վերջերս ‹‹Երկիր Ծիրանի›› կուսակցությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ այդ քննարկումների ժամանակ խոսվել է այնպիս բարեփոխումների մասին, որոնք որևէ էական հարցեր չեն լուծում։ Ի՞նչ կասեք այս մասին:

-Չի կարող քննարկումը ոչ մի դրական պրոցեսի չբերել: Ընդհանրապես, ժողովրդավար երկրում հենց քննարկումների միջոցով է, որ կատարելագործվում են օրենքները: Գուցե կոնսեսնսուս չլինի, բայց այն, որ քննարկում են բոլոր ֆռակցիաներն իրար հետ և նորմալ մթնոլորտում, ինձ թվում է՝ արդեն իսկ դրական է:

-Արդյո՞ք այս փոփոխությունների շնորհիվ կբացառվեն ընտրակեղծիքները, որոնք նախկինում եղել են:

-Գուցե ինչ-որ լոկալ բաներ լինեն, բայց իմ կարծիքով, դա համակարգված  այլևս չի լինի: Եթե համակարգված կրկնվի այն, ինչ եղել է նախկինում, ապա այս փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել մեր երկրում, իզուր են: Ես համոզված եմ, որ այդպես չի լինի։ Կարևորը, որ այդ ընտրակեղծիքները չլինեն համակարգված և վերջնական արդյունքի վրա չազդեն:

-Կատարված փոփոխությունների հետևանքով հնրավո՞ր է, որ նախկինում ընտրակեղծիք կատարած անձինք պատժվեն:

-Նախկինում արվածները, երևի թե ոչ, բայց եղել է քննարկում մի դրույթի մասին, որ այն անձինք, որոնք կատարել են կեղծիքներ, այլևս չկարողանան երբևիցե ընդգրկվել հանձնաժողովներում։ Բացի այդ, պետք է խստացնել կեղծիք կատարած անձանց նկատմամբ պատիժը:

-Հաճախ խնդիրներ են առաջանում ընտացուցակների հետ կապված, տեղի են ունենում նաև կրկնաքվեարկություններ, կան խախտումներ՝ օգնողի ինստիտուտի հետ կապված։ Այս հարցերն ինչպե՞ս պետք է լուծում ստանան:

-Կրկնաքվեարկություն վերջին ընտրություններում շատ քիչ է տեղի ունեցել, քանի որ քվեարկած անձանց ցուցակները հրապարակվել էին, այժմ նույնպես հրապարակվելու է: Վերջին ընտրություններում մենք ինչքան փորձեցինք գտնել նման դեպքեր, չգտանք: Օգնողի ինստիտուտն ամենաբարդ ինստիտուն է, դրա շուրջ ծավալվել է դիսկուրս, սակայն դեռևս որևէ կոնսենսուս չկա: Գիտեք, որ օրենքով ամրագրված է, որ մի մարդը կարող է օգնել միայն մեկին, բայց դա նույնպես խնդիր է, քանի որ ամեն մարդու հետ բերում են մի օգնող և հանձնաժողովի նախագահն ասում է, թե ով  օգնի՝ իմանալով, թե ով ո՞վ է: Մենք ելնում ենք այն խնդրից, որ ընտրությունները կազմակերպելու են Հանրապետականները։ Քանի որ ընտրությունները չեն կազմակերպելու Հանրապետականները, այս ինստիտուտը կարող է և շատ նորմալ գործել, եթե իրոք մարդն օգնության կարիք ունենա, հանձնաժողովի նախագահը կարող է ցանկացած մարդու՝ ըստ օրենքի, խնդրել օգնեք։ Եթե դա չկրի այն համատարած պրոցեսը, որը կար նախկինում, ապա դա նորմալ է: Դրա շուրջ ևս կային առաջարկներ, օրինակ՝ առաջարկվում էր, որպեսզի անձը ներկայացնի բժշկի թուղթ, բայց մեր միջազգային մասնագետներն ասացին, որ դա շատ վատ և նսեմացնող պրակտիկա է։ Դրա համար դեռևս որևէ լուծում չի տրվել:

-Արդյո՞ք նոր ընտրական օրենսգրքում արտացոլված կլինեն բոլոր քաղաքական ուժերի մտքերը՝ փոփոխությունների հետ կապված:

-Չգիտեմ՝ բոլորը գոհ կմնան, թե ոչ, բայց բացի այս 4 ֆռակցիայից, Ազգային ժողով դիմում են բազմաթիվ կուսակցություններից առաջարկներով, և մենք քննարկել ենք նաև տարբեր կուսակցությոնների այդ առաջարկները: Օրինակ՝ ‹‹Ժառանգություն›› կուսակցությունն առաջարկել էր իջեցնել ընտրագրավը․ մեզ մոտ եղավ կոսնեսնսուս, և 25 տոկոսով իջեցրել ենք այդ գրավը: Կար առաջարկ, որ ՏԻՄ ընտրություններում անընդմեջ 2 անգամից ավել չկարողանան ընտրվել գյուղապետ, որը ևս քննարկվեց: Այսինքն՝ արտախորհրդարանական ուժերից ևս բազմաթիվ առաջարկներ են գալիս, որոնք քննարկվում են հանձնաժողովում  և որոշներն արդեն ընդրգկված են այդ փաթեթի մեջ, որն ուղարկվել է կառավարությանը:

-Հանրապետական կուսակցությունը հանդես էր եկել էլեկտրոնային քվեարկություն  անցկացնելու վերաբերյալ առաջարկով: Ի՞նչ կասեք այս առաջարկի մասին:

-Հանրապետական կուսակցությունն առաջարկել է մի տարբերակ՝  Էլեկտրոնաթղթային քվեարկություն, որի դեպքում ընտրատեղամասում դրված է մի էկրան, որտեղ կուսակցությունների անուններն են, և քվեարկող անձը  մատով դիպչում է այդ էկրանին՝ քվեարկելով իր ուզած կուսացությանը, և տպվում է քվեաթերթիկը, որի վրա դրված է ապակի, անձը նայում է՝ ամեն ինչ նորմա՞լ է, որից հետո սեղմում է մեկ այլ կոճակ և այդ թուղթն ընկնում է տուփի մեջ:  Այն ունի շատ առավելություններ՝ նախ անվավեր քվեաթերթիկներ չեն լինի, կազատվենք ծրարներից, դրոշմապիտակներից և անհասկանալի պրոցեսներից, որը պատիվ չի բերում մեր երկրին, կխուսափենք նաև ընտրակեղծիքներից, որոնք տեղի են ունենում ձայները հաշվելու ժամանակ: Այդ էլեկտրոնային տուփերն ունեն ռեժիմ, և ժամը 8-ին տուփը բացելուց հետո վրան գրված է լինում, թե ով քանի ձայն է հավաքել: Ժամը 08:05 ամբողջ հանարապետությունը կիմանա ճշգրիտ տվյալ և ոչ մեկը չի էլ հասցնի մտքով անգամ անցկացնել, թե ինչպե՞ս կեղծել: Ըստ Դավիթ Հարությունյանի, որը փորձարկել է այդպիսի տուփ Հայաստանում, այն շատ լավ է աշխատում, ընդորում ՝ այնտեղ կարող են քվեարկել նաև խնդիրներ ունեցող անձինք: Պարզ է, որ այդ տուփը գումար արժե, և, ըստ Դավիթ Հարությունյանի, այդ համակարգն ավելի էժան է, քան մատանահետքով համակարգը, որը ներդրվել է նախորդ ընտրության ժամանակ:

-Կան հստակ ժամկետներ, թե ե՞րբ պատրաստ կլինի նոր Ընտրական օրենսգիրքը:

-Հստակ ժամկետ չկա, բայց տրամաբանությունը հուշում է, որ աշնանը պետք է արդեն լինի օրինագիծ, որը կմտնի Ազգային ժողով, որպեսզի Ազգային ժողովը այն հաստատի, և  ինչ-որ ժամանակ անցնի՝ մինչև ընտրություն, որն էլ հավանաբար տեղի կունենա ապրիլ-մայիս ամիսներին: