Ուկրաինան կրկին բողոքարկել է ԱՀԿ-ի կայացրած որոշումը

Ընթացիկ տարվա օգոստոսի 27-ին Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մամուլի ծառայությունը հայտարարել է, որ Ուկրաինան բողոքարկել է Ռուսաստանի օգտին ԱՀԿ-ի կայացրած որոշումը։ Ավելի վաղ, ԱՀԿ-ն չի բավարարել 2015 թվականի աշնանը Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած հայցը։ Հայցը վերաբերում է վագոնների ներմուծման համար սահմանափակումներ և արգելքներ սահմանելու մասին Ռուսաստանի իշխանությունների կայացրած որոշմանը։

Ուկրաինայի իշխանությունները վստահ են, որ Ռուսաստանը 2013 թվականից խոչընդոտում է Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնության տարածք վագոնների մատակարարման գործընթացին։ Ուկրաինան նաև բողոքել է, որ երկաթուղային տրանսպորտի սարքավորումների ներմուծման համար արգելքներ սահմանելու մասին Ռուսաստանի կայացրած որոշումն օրինական հիմքեր չունի։

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին ԱՀԿ փորձագետների խումբը մերժել է Ռուսաստանի դեմ Ուկրաինայի ներկայացրած պահանջներն ու փաստարկները՝ որոշում կայացնելով Ռուսաստանի օգտին։ ԱՀԿ-ն վճռել է, որ ուկրաինական արտադրանքի ապրանքների ներմուծման համար սահմանափակումներ սահմանելու վերաբերյալ Ռուսաստանի կայացրած որոշումը պայմանավորված է այլ հանգամանքներով։ Ուկրաինայի Տնտեսական զարգացման և առևտրի նախարարությունը ԱՀԿ-ի կայացրած վճիռը բողոքարկելու իր որոշման մասին հայտարարել էր հուլիսի 30-ին։

Հայտնի է, որ ԱՀԿ Վերաքննիչ մարմինը Ուկրաինայի բողոքարկման վերաբերյալ պետք է որոշում կայացնի 3 ամսվա ընթացքում։