Քեմալ Բայրամն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Քեմալ Բայրամը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1948 թվականին, բնակվում է Գերմանիայում։ Դիմումատուն բողոքել է 1977 թվականին Էնգիզ գյուղում իր հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքը կորցնելու մասին, ինչը տեղի է ունեցել 1985 թվականի կադաստրային աշխատանքներից հետո հողատարածքների գրանցամատյանում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում։

Դիմումատուն գնել է հողատարածքը օրենքով սահմանված կարգով, ինչի մասին սեփականության իրավունքի պետական գրանցում է կատարվել։ 1979 թվականին Դիմումատուն եռահարկ տուն է կառուցել սույն գործի շրջանակներում քննվող հողատարածքի վրա։ Այդ ժամանակաշրջանում Դիմումատուն բնակվել է Գերմանիայում։ 1985թ. վարչակազմը, 1966 թվականի հունիսի 28 -ի թիվ 766 օրենքի համաձայն, ձեռնարկել է հողերի սեփականության կադաստրային պլանավորման և գրանցման մասին Էնգիզ գյուղում գտնվող գույքի կադաստրալիզացում: 1986 թվականին Դիմումատուին պատկանող հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքն անցնել է Էկոնոմիկայի նախարարությանը՝ Գանձապետարանին։ Այդ մասին արձանագրությունները հրապարակայնորեն տեղադրվել են 1989 թվականի աշնանը, բայց այլևս ոչ մի ծանուցում չի ուղարկվել, որևէ գործողություն չի ձեռնարկվել Դիմումատուին տեղեկացնելու համար: Փոփոխություններն ուժի մեջ են մտել 1992 թվականին։

2004թ. մայիսի 24 -ին համապատասխան մարմինները Դիմումատուին ծանուցել են 1994-ից 2004 թվականների ընթացքում պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անօրինական զբաղեցնելու դիմաց փոխհատուցում վճարելու կարգադրության մասին:

2009թ. մայիսի 14-ին Դիմումատուն բողոք է ներկայացրել իր գնած հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը հօգուտ Էկոնոմիկայի նախարարության կատարելու մասին որոշումն անվավեր ճանաչելու և հողատարածքը իր անունով գրանցամատյանում վերագրանցելու պահանջով։

Առաջին ատյանի դատարանում գործը մի քանի անգամ փոխանցվել է տարբեր դատավորների՝ ընդդատության պատճառով։ Գործի շրջանակներում վկաները նշել են, որ Դիմումատուն ձեռք է բերել վիճելի հողատարածք և դրա վրա տուն է կառուցել, որն այնուհետ հանձնել է վարձակալության։

2010 թվականի ապրիլի 1-ի որոշմամբ, դատարանը մերժել է Դիմումատուի պահանջները: Դատարանը նշել է, որ բողոքը ներկայացվել է բողոքարկման համար օրենքով նախատեսված տասնամյա ժամկետի ավարտից հետո: Դիմումատուն բողոքարկել է դատարանի որոշումը վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում, սակայն, ապարդյուն։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն․

«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով։

Նախորդ դրույթները, այնուամենայնիվ, չեն խոչընդոտում պետության՝ այնպիսի օրենքներ կիրառելու իրավունքին, որոնք նա անհրաժեշտ է համարում ընդհանուր շահերին համապատասխան, սեփականության օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կամ հարկերի կամ մյուս գանձումների կամ տուգանքների վճարումն ապահովելու համար։»։

Դիմումատուն նշել է, որ կորցրել է իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքը և որևէ փոխհատուցում չի ստացել դրա դիմաց, բացի այդ, նա չի կարողացել բողոքարկել պետական մարմինների որոշումը, քանի որ նրան չեն ծանուցել և տեղեկացրել այդ որոշումների մասին։ Այդ ժամանակաշրջանում նա բնակվել է արտերկրում և չէր կարող իմանալ, որ Էնգիզ գյուղում կադաստրային աշխատանքներ են իրականացվում։ Միայն 2004 թվականին՝ վերադառնալով Թուրքիա, նա տեղեկացել է այդ մասին, քանի որ ծանուցվել է պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն անօրինական զբաղեցնելու դիմաց փոխհատուցում վճարելու կարգադրության մասին:

Դիմումատուն պնդել է, որ միշտ գործել է բարեխղճորեն, սակայն երբեք չի կարողացել համաձայնության գալ պետական մարմինների հետ, ինչից հետո էլ դիմել է դատական ատյաններին և այնուհետև զրկվել հողատարածքը վերադարձնելու համար օրենքով սահմանված կարգով այլ գործողությունների դիմելու հնարավորությունից։

Պատասխանող պետությունը, վկայակոչելով թիվ 2613 և թիվ 3402 օրենքների դրույթները, կրկին շեշտել է կադաստրային աշխատանքների կարևորությունը համայնքային հողատարածքների մոնիթորինգի համար: Պետությունը պնդել է, որ տասնամյա վաղեմության ժամկետը նման որոշման բողոքարկման համար համարվում է բավարար և համաչափ միջոց, սակայն Դիմումատուն բաց է թողել այդ ժամկետը: Անդրադառնալով Քեմալ Բայրամին ծանուցելու վերաբերյալ վերջինիս բողոքին, Պետությունը նշել է, որ կադաստրային աշխատանքների մեկնարկի վերաբերյալ հայտարարվում է համացանցային կայքէջերում, մամուլի գովազդերի և պաստառների միջոցով, որոնք տեղադրվում են ամենաշատ այցելվող վայրերում։ Նաև հավելել է, որ հայտարարագրի ձևերը սեփականատերերին են հանձնվում աշխատանքի ընթացքում, իսկ եզրակացությունները տեղադրվում են երկամսյա ժամկետում քաղաքապետարանում կամ պետական մարմիններում։ Ուստի, Պետությունը վստահ է, որ այդ միջոցառումները բավարար են շահագրգիռ կողմերին իրազեկելու համար, և որ առանձին ծանուցումներ կատարելու կարիք չկա:

Սույն գործի շրջանակներում ՄԻԵԴ-ն իր խնդիրն է համարում պարզել, թե արդյոք խախտվել է Դիմումատուի՝ գույքի անարգել օգտագործման իրավունքները նման հատուկ պայմաններում, երբ վերջինիս նկատմամբ կիրառվել է միջոց բողոքարկման համար 10-ամյա ժամկետի հիմքով, չնայած այն հանգամանքին, որ Դիմումատուն բնակվել է արտերկրում, և արդյոք Դիմումատուն հնարավորություն է ունեցել բողոքարկել պետական մարմինների որոշումը ներպետական դատական ատյաններում։

ՄԻԵԴ-ը նշել է, որ գույքի օտարումը կարող է հիմնավորված լինել միայն այն դեպքում, եթե ապացուցվի, որ այն հետապնդում է «հանրային շահ» և կատարվել է օրենքով սահմանված կարգով։ Կոնվենցիայի թիվ Արձանագրության 1-ին հոդվածի առաջին և ամենակարևոր պահանջն այն է, որ անձի գույքի անարգել օգտագործման իրավունքի իրացմանը պետության կողմից ցանկացած միջամտություն պետք է լինի օրինական և համաչափ։ Դատարանի նախադեպային իրավունքի համաձայն, միջամտությունը պետք է ապահովի «արդար հավասարակշռություն» համայնքի ընդհանուր շահերի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև: Իսկ հավասարակշռությունը չի կարող ապահովվել, եթե շահագրգիռ անձն անհատապես կրում է ավելորդ բեռ։

ՄԻԵԴ-ը գտնում է, որ թեև կադաստրային աշխատանքների մեկնարկի մասին հայտարարտվել է, և այդ միջոցները թույլ են տալիս հանրությանը տեղեկացված լինել, սակայն չկա որևէ երաշխիք, որ Դիմումատուն իրականում տեղեկացված կլիներ նման կերպ: Նույնը վերաբերում է գույքագրման արդյունքներին։ Այս կապակցությամբ, Դատարանը հիշեցնում է, որ Դիմումատուն բնակվել է Գերմանիայում: Այսպիսով, Դատարանը չի հասկանում, թե արտերկրում ապրող Դիմումատուն ինչպես կարող էր նման հայտարարությունների միջոցով տեղեկացվել կադաստրային աշխատանքների և դրանց եզրակացությունների մասին:

ՄԻԵԴ-ը վկայակոչել է Rimer and Others v. Թուրքիա (գանգատ՝ 18257/04, § 27, 2009 թ. մարտի 10) գործը, որի շրջանակներում դիմումատուների բողոքները ներպետական դատական ատյաններում նույնպես մերժվել են բողոքարկման ժամկետի ավարտի հիմքով։ Նույնը տեղի է ունեցել նաև Էլիֆ Քըզըլի գործով: Սակայն, ՄԻԵԴ-ը նշում է, որ այդ գործով պատասխանող պետությունը չի ներկայացրել որևէ ապացույց՝ դիմումատուներին իրենց «սեփականության» վերաբերյալ պետական մարմինների կողմից կայացված որոշումների վերաբերյալ ծանուցելու մասին։

Սույն գործով ՄԻԵԴ-ը գտնում է, որ Կառավարությունը չի ներկայացրել որևէ ապացույց, որը ողջամտորեն կարող է ապացուցել, որ Դիմումատուն տեղեկացված է կադաստրային աշխատանքների և դրանց բովանդակության մասին։ Ավելին, ՄԻԵԴ-ը նշում է, որ, ըստ երևույթին, իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել Դիմումատուի՝ որպես հողատարածքի սեփականատիրոջ ինքնությունը պարզելու և նրան որևէ կերպ իրավիճակի մասին տեղեկացնելու համար:

Դատարանը գտնում է, որ այն փաստը, որ Դիմումատուն վարձակալության է հանձնել իր կառուցած տունը իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում, չի վկայում այն ​​մասին, որ նա տեղեկացված է եղել 1985 թվականի կադաստրային եզրակացությունների և դրանց հետևանքների՝ իր հողատարածքը Գանձապետարանին անցնելու մասին: Բացի այդ, վերադառնալուն պես Դիմումատուն փորձել է ետ գնել իրեն պատկանող հողատարածքը, սակայն նրան նման հնարավորություն չի տրվել։

Վերոգրյալի լույսի ներքո ՄԻԵԴ-ը գտնում է, որ սույն գործով Կոնվենցիայով պահանջվող արդար հավասարակշռությունը խախտվել է ի վնաս Դիմումատուի:

Այսպիսով, 2021 թվականի օգոստոսի 31-ին ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության պաշտպանություն) խախտում։

Դատարանը վճռել է, որ Թուրքիան պետք է վճարի Դիմումատուին 5,000 եվրո` ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար։ Դիմումատուն նյութական վնասների հատուցում չի պահանջել։