Ջանգին ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Արիֆ Ալի Ջանգին, ազգությամբ թուրք է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Թուրքիայի Իզմիր քաղաքում։ Համապատասխան ժամանակահատվածում Դիմումատուն հանդիսացել է «Ալլիանոի» նախաձեռնող խմբի անդամ։ Խումբը բաղկացած է եղել մասնավոր անձանցից և հասարակական կազմակերպություններից, որոնք մի շարք քարոզարշավներ են իրականացրել՝ Իզմիր քաղաքում տեղակայված հին հռոմեական Ալլիանոի բաղնիքները ոչնչացնելու որոշման դեմ պայքարելու համար։ Ալլիանոի բաղնիքները քանդելու վերաբերյալ որոշումը Թուրքիայի իշխանությունների կողմից կայացվել է 2011 թվականին, ինչի հետևանքով ներկայում վայրն ամբողջությամբ ջրի տակ է մնացել՝ Յորթանլը ջրամբարի կառուցման համար։ 

Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ 2010 թվականի հունվարի 26-ին տեղի ունեցած Մշակութային և Բնական Ժառանգության հարցերով Խորհրդի նիստին կազմված արձանագրության կրկնօրինակը տրամադրելու համար իր ներկայացրած դիմումը մերժելու թուրքական իշխանությունների կայացրած որոշմանը։ Նիստի ժամանակ քննարկվել են հին հռոմեական Ալլիանոի վայրը՝ որպես մշակութային ժառանգություն պահպանելու և Յորթանլը ջրամբարի կառուցման վերաբերյալ հարցերը։ 

Հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» Թուրքիայի օրենքի (Թիվ 4982 օրենք) 26-րդ հոդվածի 1-ին դրույթը՝ Դիմումատուն հայց է ներկայացրել Թուրքիայի Վարչական դատարան։ Սակայն Դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած հայցը։ 2014 թվականի հոկտեմբերին Դիմումատուն անհատական հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան, սակայն, ապարդյուն։ 

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի (արտահայտվելու ազատություն) խախտում։ Դիմումատուն բողոքել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող տեղեկատվությունը ստանալու և այն հաղորդելու իր՝ որպես Թուրքիայի քաղաքացի և Ալլիանոի հինավուրց վայրի ոչնչացման դեմ պայքար ծավալող հասարակական կազմակերպության անդամ իրավունքի խախտման մասին։ Դիմումատուն իր բողոքի մեջ նաև նշել է, որ Թուրքիայի իշխանությունների վարած քաղաքականությունը խոչընդոտում է հանրային իրազեկմանը։ 

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 7․500 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․000 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։