Ուկրաինայի դեսպանատունը հորդորում է ՀՀ քաղաքացիներին պահպանել Ղրիմ մտնելու կարգը

ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը։

Դեսպանատունը տարածած հայտարարությամբ միաժամանակ հիշեցնում է, որ օկուպացված տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը:

Նշվում է նաև, որ Ռուսաստանի կողմից ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ ըստ ԶԼՄ-ների: Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում է ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը:

Դեսպանատունը դիմում է Հայաստանի քաղաքացիներին` պահպանել ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը, ինչպես հաստատվել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք՝ անձանց մուտքի և ելքի կարգը հաստատելու մասին» Ուկրաինայի Նախարարների Կաբինետի որոշմամբ: