ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դատապարտել է հումանիտար աշխատողների վրա կատարված հարձակումները

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան խստորեն դատապարտել է հումանիտար աշխատողների վրա կատարված բոլոր հարձակումները` հիշեցնելով, որ բոլոր մեղավորները վաղ թե ուշ կհայտնվեն Միջազգային քրեական դատարանում ամբաստանյալի աթոռին։ Գլխավոր ասամբլեան հիշեցրել է, որ մարդասիրական կամ խաղաղապահ գործողություններում ներգրավված անձնակազմի վրա կատարված դիտավորյալ հարձակումները համարվում են պատերազմական հանցագործություն և գտնվում են Միջազգային քրեական դատարանի իրավասության ներքո:

ՄԱԿ-ը հիշեցնում է, որ 2017 թվականին հումանիտար կազմակերպությունների աշխատակիցների վրա գրանցվել են 158 հարձակումներ, որոնց հետևանքով 139 մարդ է զոհվել, 102-ը վիրավորվել են և 72-ը առևանգվել են: Տուժածների շարքում նաև բժիշկներ կան: Հաճախ հարձակումներ են իրականացվում հումանիտար օգնության տեղափոխող մարդասիրական տրանսպորտային միջոցների և մարդասիրական կազմակերպությունների պահեստների վրա:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատվիրակները խստորեն դատապարտել են բոլոր վայրագությունները, որոնք կատարվել են սեփական կյանքն այլ մարդկանց փրկության համար զոհաբերող անձանց նկատմամբ և բոլոր հարձակումները, որոնք իրականացվել են հումանիտար օգնություն տեղափոխող տրանսպորտային միջոցների վրա։ ՄԱԿ-ը կոչ է արել անդամ երկրներին 2019 թվականին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հումանիտար ոլորտի աշխատակիցների անվտանգությունն ու պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ և հիշեցրել է ՄԱԿ-ի կառույցների անձեռնմխելիության մասին: